Զրահապատ իրականության բարձրաստիճան մերկությունը

Մեր օրերի ամենալուրջ խնդիրներից մեկն անհամաչափությունն է՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Մենք ապրում ենք միաժամանակ մի քանի իրականություններում, որոնք հաճախ ոչ միայն ընդհանրություններ չունեն, այլև հակասում են իրար, ավելի հաճախ՝ մեկը ապրում է մյուսի հաշվին։

Այդ իրականություններն իրարից տարբերողը, ի թիվս այլ հատկանիշների, բայց առաջին հերթին ու առավելապես՝ անհամաչափությունն է։

Տիեզերական անհամաչափություն կա, օրինակ, նվազագույն անհրաժեշտություններով իսկ չկահավորված սահմանային դիրքերի ու Երևանում տեղաշարժվող Նիկոլ Փաշինյանի անվտանգության միջև։

Այս օրինակի կենտրոնում մարդն է՝ մի դեպքում՝ թշնամու դեմ դիմաց կանգնած զինվորը, մյուս դեպքում՝ տանիքներին կանգնած դիպուկահարների նշանակետերի ներքո վախվորած տեղաշարժվողը․ երկու ՀՀ քաղաքացիներ։

Կարդացեք նաև

Հայկական պետությունը, սակայն (որ «ժողովրդավարության բաստիոն է»՝ ըստ իշխանության, և «ժողովրդավարության ծաղրակերպ»՝ ըստ իրականության), քաղաքացիներից մեկի անվտանգության համար գրեթե ոչինչ չի ծախսում՝ մատնելով բախտի ու թշնամու դիպուկահարի քմահաճույքին, մյուսի անվտանգությունն ապահովում է տասնյակ թիկնապահներով, հարյուրավոր ոստիկաններով, տարածքի քամու շարժն իսկ հսկելով դիպուկահարների կողմից։

ՀՀ երկու քաղաքացիների, նրանց անվտանգության միջև ահա կա օվկիանոսաչափ անհամաչափություն, որը ջարդուփշուր է անում «բոլորի հավասարության մասին» ցանկացած զառանցանք։

120.000 մարդ Արցախում ավելի քան 50 օր գտնվում է հումանիտար ճգնաժամում, առանց սննդի ու դեղորայքի, նույն օրերին դիպուկահարներով պաշտպանվողը խնջույք է կազմակերպում հարազատ քաղաքում, իսկ նրա ընտանիքի անդամները ցուցանում են ճաշակած կերակուրների բազմազանությունն օտար ափերում։ Անհամաչափության ցցուն օրինակներն անհաշվելի շատ են, դրանց թվարկումից երևույթի անբարոյականությունը միայն աճում է։

Խնդիրը տվյալ դեպքում մարդկանց հավասարության պարզագույն դեմագոգիան չէ։ Այս անհամաչափություններն անգամ քննարկելի չէին լինի, եթե վերաբերեին կամայական ՀՀ քաղաքացիներին։ Բայց ահա սրանք հատկապես քննարկելի են այն պատճառով, որ կողմերից մեկի կայացրած որոշումների արդյունքում մյուսների կյանքի անհամաչափությունը սոսկալի մեծանում է, և դրա հետևանքները կրում են ոչ թե որոշում կայացնողները, այլ բոլոր նրանք, ովքեր ամեն օր հեռուստատեսությամբ հետևում են իրենց կյանքում աճող անհամաչափության շքահանդեսին։

Իշխանությունը, որի անդամներն անձամբ չեն կրում իրենց իսկ կայացրած որոշումների հետևանքները, կտրվում է կյանքից ու հասարակությունից, ապրում է զրահապատ իրականությունում, որտեղ չեն հասնում ո՛չ թշնամական գնդակները, ո՛չ էլ անհուսությունից ողբացող ձայները։ Իսկ դա մեծացնում է անհամաչափությունը, որը հանրային կյանքում խնդրահարույց էր համարվում անգամ հին ժամանակներում։

Համաչափությունը պահպաեալու համար, օրինակ, հռոմեացի ինժեներները պետք է որոշ ժամանակ անցկացնեին իրենց կառուցած կամրջի տակ, իսկ նրանց անգլիացի կոլեգաներին ստիպում էին, որ կամրջի տակ նաև ինժեներների ընտանիքները որոշ ժամանակ անցկացնեին։

Դեռևս 3800 տարի առաջ գրված Համուրաբիի օրենքներում նույնպես համաչափության, դրա վերականգնման խնդիրը կարևոր տեղ էր զբաղեցնում․ «Եթե շինարարը տուն կառուցի և այդ տունը փլվի՝ առաջացնելով տան տիրոջ մահը, շինարարը պետք է մահվան դատապարտվի։ Եթե մահանում է տան տիրոջ որդին, շինարարի որդին պետք է մահվան դատապարտվի․․․»։

Պատկերացնելու համար, թե ինչպես է այս համաչափությունը խախտվում Հայաստանում, բավական է իրար կողքի դնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հրդեհված զորամասի ու Կառավարական առանձնատների լուսանկարները, որով ժամանակին այդքան սիրում էր հպարտանալ Նիկոլ Փաշինյանը։

Հիմա ժամանակները, իհարկե, փոխվել են, և նա հասարակության հետ սելֆիների ձողը փոխարինել է դիպուկահարների ինքնահսկող հրացաններով։

Առաջնորդության ուսումնասիրությամբ զբաղվող հոգեբանական տեսությունները պնդում են, որ երբ անհատը ստիպված է նայել քաղաքացիների աչքերի մեջ, նրա վարքը փոխվում է։

Նաև այս հանգամանքով է բացատրվում զարգացած ժողովրդավարություններում տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետությունը, որոնց ներկայացուցիչները գտնվում են քաղաքացիների հետ մշտական սոցիալական կոնտակտի մեջ։

Հայաստանում ճիշտ հակառակն է՝ «ժողովրդի ծոցից» իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ամեն օրվա հետ մեկուսանում է հասարակությունից, անում է առավելագույնը՝ բացառելու համար մարդկանց հետ որևէ սոցիալական կոնտակտ, որը կարող է փոխել նրա վարքը։
Երևի վախենում է, որ կարող է ստիպված լինել ամաչել։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս