12 գողություն, 7 ձերբակալված
Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա նմանատիպ առաջին դեպքը չէր: Դեռ անցյալ տարվա կեսերից Դիլիջանի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ:
Մասնավորապես, նույն օրը` անցած տարվա օգոստոսի 11-ին,մտել էին Դիլիջանի Գետափնյա փողոցի մի շենքի երկու բնակարան. մեկից տարել էին մեկ միլիոն դրամ ու ոսկյա զարդեր, մյուսից` 1500 դոլար և 250 հազար դրամ: Նոյեմբերի 8-ին գողություն էր եղել նաև նույն շենքի մեկ այլ բնակարանից. տարել էին 1,1 միլիոն դրամ: Տարբեր օրերի Դիլիջանի մեկ այլ հասցեից տարել էին ոսկյա զարդեր ու խմիչք, մի չգործող հյուրանոցից գողացել էին ջեռուցման կաթսա, էլեկտրական սղոց և օդամղիչ, դեղատնից թռցրել էին 160 հազար դրամ, իսկ հունվարի 29-ին Թեղուտում մի տնից տարել էին ոսկյա զարդեր: Մինչ այդ էլ, սեպտեմբերի 18-ին, Հաղարծին գյուղի մի տնից տարել էին բջջային հեռախոս, պլանշետ, նոթբուք և այլ տեխնիկա:
Այն, որ հիշյալ բոլոր հափշտակությունները կատարվել էին նույն հանցավոր խմբի կողմից, պետք է հիմնավորվեր ավելի ուշ` մայիսի 9-ին: Գողությունների հայտնի հանգամանքներն ի մի բերելու և ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվեց, որ դրանք կատարել են յոթ երիտասարդներ, վեցը` Հաղարծին գյուղի, մեկը` Իջևան քաղաքի բնակիչ: Այդ օրը նաև ձերբակալվեց խմբի իջևանցի անդամը:
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները։
Հետագա միջոցառումներով ի հայտ եկան նոր հանգամանքներ: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել նաև ոստիկանության Իջևանի բաժնում: Պարզվեց, որ Գետահովիտ գյուղի մի տնից մեկ ջեռուցման կաթսան, մեկ հեռուստացույցը և հոսանքի մեկ կարգավորիչը նույնպես գողացել էին այս խմբի անդամները: Նրանց խղճին էր նաև նոյեմբերի 15-ին Հաղարծին գյուղի մի տնից օղի թորելու սարքի և էլեկտրական գործիքների գողությունը։
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են: