Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
Պոլսո Հունաց պատրիարքը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է 2025 թվականին այցելել Թուրքիա՝ մասնակցելու Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին:
Այս մասին հայտնում է Dailysabah-ը՝ հղում անելով Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղիմեոսին։
«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ցանկանում է միասին տոնել այս կարևոր տարեդարձը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այժմ ստեղծվում է կոմիտե՝ կազմակերպելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Թուրքիա, և Վատիկանը շուտով կապ կհաստատի Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցով։
Նիկեայի 1-ին տիեզերական ժողովը գումարվել է 325 թվականին Հռոմի Կոստանդին կայսեր կողմից Նիկեայում (խմբ. այժմ՝ Թուրքիայի Բուրսա նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Իզնիկ քաղաքը) և դարձել է առաջին Տիեզերական ժողովը քրիստոնեության պատմության մեջ։