«Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց. թարգմանիչը խճճել էր եզրույթների թարգմանությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ենթադրյալ կոռուպցիայի գործով դատական նիստը, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի օր:
Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալներ են անցնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ներկայումս Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Գործն ավելի շատ հայտնի է «Սիլվայի գործ» անվանմամբ, որովհետև այս գործով ևս, ինչպես կոռուպցիոն աղմկահարույց այլ գործերով, ցուցմունք տվողը գործարար Սիլվա Համբարձումյանն է:
«Սիլվայի գործով» լսումները, սակայն, այսօր ընդմիջվեցին նիստը սկսելուց անմիջապես հետո։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։
Հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված դատարանը պարզաբանումների անհրաժեշտություն է տեսել, թարգմանիչը դատարան է ուղարկել թարգմանված եզրույթների իմաստաբանական յուրահատկությունների վերաբերյալ պարզաբանումներ։
Փաստաթղթերի հետ ծանոթանալու համար դատարանը կողմերին 15-20 րոպե ժամանակ տվեց։
Կարճատև ընդմիջումից հետո «Սիլվայի գործով» դատավարության կողմերն իրենց դիրքորոշումն արտահայտեցին՝ անգլերենի թարգմանչի պարզաբանումների հետ կապված։ Պարզվեց, որ թարգմանիչն էլ ավելի է խճճել եզրույթների թարգմանությունը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ եզրույթները ճիշտ չեն թարգմանվել։
«Կարծում եմ՝ թարգմանչի ներկայությունը պետք է»,- ասաց Ալումյանը։
Ըստ դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ թարգմանված փաստաթուղթը խոտան է, սխալները չեն շտկվել, և նման թարգմանությամբ ապացույցի հետազոտումն անթույլատրելի է։
«Ապացույցը պետք է հետազոտվի սկզբից՝ պատշաճ թարգմանված»,- նշեց գլխավոր դատախազի տեղակալը։
Կողմերը պնդեցին, որ թարգմանիչը ֆիզիկապես պետք է ներկա գտնվի նիստին։
Այնուհետև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին Գևորգյանը պետք է առցանց մասնակցի ԵԽԽՎ կոմիտեներից մեկի աշխատանքային խմբի նիստին՝ խնդրելով այդ օրը լսումներ չնշանակել։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 14-ին։