«Թա՛փ տվեք ձեզ. մենք մարդ կոչվելու իրավունք կունենա՞նք՝ մեր ադամանդները խոզերին բաժանած թողնելով». Կարեն Բեքարյան

Հայաստանում 2 տարով Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդ տեղակայելու որոշման վերաբերյալ երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված է. «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները… Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Կարեն Բեքարյանն ինչպես այս հայտարարության, այնպես էլ 100 քաղաքացիական դիտորդի տեղակայումը որպես Հայաստանի անվտանգության ապահովմանը միտված՝ ՀՀ իշխանության կողմից լրջագույն ձեռքբերում ներկայացնելու մասին, նշեց.

«Հարց է առաջանում՝ ի՞նչ խնդիր են լուծելու այդ քաղաքացիական դիտորդները. մեր ո՞ր խնդիրն են լուծելու։ Արդյո՞ք կանխելու է ադրբեջանական գործողությունները. նման բան մտածելն է անգամ ծիծաղելի։ Եկեք հիշենք, թե ի՞նչ հարց են լուծել 2 ամսով տեղակայված դիտորդները, այդ ի՞նչ ենք կանխել, ուստի, այս դեպքում պետք է տարանջատել այս իշխանության և ազգային պետական շահերը. գուցե դիտորդների տեղակայումը բխում է իշխանության շահից, բայց ոչ երբեք՝ ազգայինից»։

Նման անհեռանկար որոշման հետևանքով Հայաստանին հասցվող վնասների առումով էլ Կարեն Բեքարյանն ընդգծեց, որ դրանով Հայաստանի իշխանությունն է՛լ ավելի է մեծացնում երկրի առաջ ծառացած մարտահրավերները՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետ։

Կարդացեք նաև

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առկա են թղթի վրա, բայց չկան իրականում, ուստի հարցին պետք է մոտենալ հենց այս ընկալմամբ. հակառակն անհնար է։ Ռուսական խաղաղապահների գոյությունն է, որի շնորհիվ այսօր Արցախում ապրում է հայ, բայց, միևնույն ժամանակ, այդ խաղաղապահ առաքելությունը չի կարողանում Լաչինի միջանցքում իր պարտավորությունը կատարել, ստացվում է՝ մենք գործ ունենք մի փայտի երկու ծայրի հետ։ Իմ համոզմամբ, ցանկացած երկրում իշխանությունը պետք է գիտակցի՝ ժողովուրդների բարեկամությունը շատ ավելի կարևոր է, քան պահի գործող իշխանությունը, հետևաբար, եթե Ռուսաստանն իր վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ պայմանավորում է իշխանության նկատմամբ վերաբերմունքով, չափազանց լուրջ սխալ է թույլ տալիս երկու ժողովուրդների դաշնակցային հարաբերություններում»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Շարունակելով հայկական երկու պետությունների առաջ ծառացած գոյաբանական մարտահրավերների թեման՝ Կարեն Բեքարյանը կարևորեց հայ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդի արթնացումը՝ որպես չկործանվելու ու դեպի անդունդ տանող գործընթացը կանգնեցնելու վերջին հույս և տարբերակ։

«Ասում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի». լավ, եթե տեր ենք, ուրեմն եկեք տեր կանգնենք։ Մի հատ թա՛փ տվեք ձեզ. բանակում, Արցախում տառապողները մեր երեխեքն են. ախր էս երկիրը մի օրվա չի։ Լավ, մի՞թե մենք մարդ կոչվելու իրավունք ունենք՝ սեփական ադամանդները խոզերին բաժանած։ Մենք մարդ կոչվելու իրավունք կունենա՞նք, եթե ամեն ինչ էսպես թողնենք. թողնենք, որ ամեն ինչ գնա ու ավարտվի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս