Եգիպտոսը հավասարակշռված է գործում այն տարածաշրջաններում, որտեղ կան հակամարտություններ, և հակամարտության կողմերից մեկը մուսուլմանական երկիր է. արաբագետ
Տարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: Եգիպտոսի նախագահը Հայաստան է այցելելու Հնդկաստան կատարած այցից հետո, նա կլինի նաև Ադրբեջանում:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանն այցը կարևոր և սպասված է համարում՝ նկատելով, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները բավականաչափ բարձր մակարդակի վրա են եղել Հայաստանի անկախացումից ի վեր:
«Մոտ երկու տասնյակ փոխայցելություններ են եղել, գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ մի քանի տասնյակ համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել՝ սկսած դիվանագիտական հարաբերություններից, ավարտված՝ կրթություն, արդարադատություն և այլն: Ցավոք սրտի, այդ պայմանավորվածությունների մեծ մասը չի կենսագործվել մի շարք օբյեկտիվ պատճառներով՝ նախ պայմանավորված Արցախյան հակամարտությամբ:
Քանի որ Եգիպտոսը միաժամանակ մի քանի տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, արաբա-մուսուլմանական աշխարհում հավակնություններ ունեցող երկիր, կաշկանդվում էր միակողմանի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, որն ադրբեջանաթուրքական քարոզչության մեկնաբանությամբ՝ «կրոնական հակամարտության» մեջ էր Ադրբեջանի դեմ: Այսինքն՝ Արցախյան հակամարտությունն Ադրբեջանի և Թուրքիայի ձեռամբ ողջ մուսուլմանական աշխարհին ներկայացվում էր՝ որպես կրոնական կոնֆլիկտ, ինչն էլ հավելյալ խոչընդոտներ էր ստեղծում նաև Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների համար»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց արաբագետը՝ արձանագրելով, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախյան հակամարտության հետ կապված ստատուս-քվոյի փոփոխությունը հնարավորություն է ընձեռում՝ ինչպես այլ խաղացողների, այնպես էլ՝ Եգիպտոսին գործել ավելի անկաշկանդ տարածաշրջանում:
Արմեն Պետրոսյանը պայմանավորվածությունների չկենսագործման պատճառների թվում նշեց նաև 2011 թվականից Եգիպտոսում «Արաբական գարնան» հետևանքով տեղի ունեցած հեղափոխական պրոցեսներ, որոնք շուրջ մեկ տասնամյակ անկայունություն էին ստեղծել Եգիպտոսում:
«Այժմ այդ խոչընդոտներն անցել են, և Եգիպտոսը վերադառնում է իր նախկին հավակնություններին: Բայց լինելով մուսուլմանական երկիր և ունենալով լուրջ հավականություններ նաև արաբամուսուլմանական աշխարհում, Եգիպտոսը բավականաչափ զգուշավոր և հավասարակշռված է գործում այն տարածաշրջաններում, որտեղ կան հակամարտություններ և հակամարտության կողմերից մեկը մուսուլմանական երկիր է:
Մեկ այլ կարևոր հանագմանք ևս՝ Եգիպտոսը բավականաչափ բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որոնք լարվել են 2013-ին: Այդ հարաբերությունները լարվածության գագաթանակետին են հասել 2019-2020 թվականներին: Թուրքիայի կողմից միակողմանի նախաձեռնողական քայլերով հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են արվում, բայց այդ պրոցեսը բավականաչափ բարդ և դանդաղ է ընթանում. շուրջ երկու տարի շարունակվող փորձերը որևէ դրական արդյունքի չեն հանգեցնում:
Իսկ Եգիպտոսը Թուրքիայի հետ առաջնորդության մրցակից է միաժամանակ մի քանի տարածաշրջաններում: Որոշակի առումով նաև մեր տարծաշրջանը ևս այդ տեսանկյունից հետաքրքիր է Եգիպտոսին, քանի որ այն հանդիսանում է նրա մրցակիցների՝ Թուրքիայի և Իրանի ազդեցության տարածաշրջան, և այս տարածաշրջանում որոշակի ազդեցություն ունենալը բխում է Եգիպտոսի շահերից»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները սրված են 2013 թվականից, երբ Եգիպտոսի ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին տապալեց երկրի առաջնորդ Մուհամեդ Մուրսիին, ում աջակցում էր Թուրքիան։ Սկիզբ առած լարվածության արդյունքում 2013-ի աշնանը պաշտոնական Կահիրեն երկրից արտաքսել էր Թուրքիայի դեսպանին։