«Քաշաթաղի շրջանը և՛ Հայաստանի, և՛ Արցախի թիկունքն ու մուտքն էր պահում, հանձնելուց հետո երկուսի թիկունքն էլ բաց է». Ներքին Սուսի գյուղապետ

46 օր Արցախն  ադրբեջանական շրջափակման մեջ է. Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։

Ադրբեջանի այս գործողություններն արցախցիների, մասնավորապես՝ ավելի տարեցների համար անակնկալ չի, քանի որ նրանք դեռ 90-ականներից  լավ ճանաչում են ադրբեջանցիներին։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղի ղեկավար Մխիթար Ներսիսյանն ասաց, որ վստահ է՝ Ադրբեջանն այս բոլոր գործողությունները նախապես պլանավորել էր։

«Առաջին հերթին նա Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքները դատարկեց, Բերձորն ու Աղավնոն ավելի շուտ ստանալու նպատակն իր ծրագրերում դրել էր, սա իմ անձնական կարծիքն է։ Այսինքն՝ նա այնպես արեց, որ խաղաղ բնակիչներին հաներ իրենց տներից, որ հետո գնար ճանապարհի փակման։ Ադրբեջանը ճանապարհ փակելով, գազն ու հոսանքն անջատելով՝ նպատակ ունի հայաթափելու Արցախը»,- նշեց Մխիթար Ներսիսյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, եթե Բերձորում, Աղավնոյում բնակիչներ լինեին, ապա Ադրբեջանը դժվար թե ճանապարհը փակեր, ուստի  խաղաղ բնակիչների ներկայության դեպքում գուցե վիճակն այլ լիներ։

«Քաշաթաղի շրջանը և՛ Հայաստանի, և՛ Արցախի թիկունքն ու մուտքն էր պահում, հանձնելուց հետո երկուսի թիկունքն էլ բաց է։ Այդ հատվածի հանձնումն առհասարակ կոտրեց Հայաստանին ու Արցախին, պետք է գիտակցեին այդ ամենը»,- հավելեց Ներքին Սուսի գյուղապետը։

Ըստ նրա, որքան էլ միջազգային կառույցները կոչ անեն Ադրբեջանին բացել ճանապարհը, նա չի բացի, միակ լուծումը հայության միավորվելն է՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի։

«Եթե միավորվենք, ապա այս հարցում կարող ենք օգտակար լիներ։ Մենք թշնամուն լավ ծանոթ ենք, գիտենք, որ նա անընդհատ իր պահանջներն է դնում, մեր դիվանագիտությունն այնքան ուժեղ պետք է լինի, որ կարողանա հաղթի»,- եզրափակեց Մխիթար Ներսիսյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս