Գլենդելում և Քուվեյթում կբացվեն Արմաթ լաբորատորիաներ, իսկ Պորտուգալիայում՝ նոր Թումո կենտրոն
Հայաստանում գործող երկու կենտրոններ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, շարունակում են արտահանվել։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփելով տարին՝ նշել է Արմաթ ինժեներական լաբորատորիաների հաջողությունների մասին։ Ըստ միության՝ նոր թափ ստացավ մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին և ցուցահանդեսներին, այդ թվում՝ VivaTech ցուցահանդեսին Փարիզում և Ֆրանկոֆոնիայի ցուցահանդեսին Թունիսում, ուր Արմաթն իր տաղավարով ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունն ու վերջինիս հեռանկարը տեխնոլոգիական աշխարհում։
Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների նախորդ տարվա արտահանման հաջողությունների համատեքստում նշվեց, որ գալիք տարում նախատեսվում է էլ ավելի ընդլայնել համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ։ Մարտին ԱՏՁՄ պատվիրակությունը կմեկնի Գլենդել՝ ներկա գտնվելու Արմաթ աշխատանոցի բացմանը, ինչպես նաև իրականացնելու ֆոնդահայթայթմանն ու Արմաթի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Գլենդելում և Սիլիկոնյան հովտում։
Փետրվարի ավարտին նախատեսվում է ԱՏՁՄ պատվիրակության այց Քուվեյթ և այնտեղ Արմաթ լաբորատորիայի հիմնում, ինչպես նաև հանդիպումներ տեղի տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։
Իսկ Թումո կենտրոնը պատրաստվում է նոր մասնաճյուղ բացել Պորտուգալիայում։ Առաջին Թումո կենտրոնը կբացվի երկրի պատմական կենտրոններից մեկում՝ Կոիմբրայում, որտեղ նաև գտնվում է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Կենտրոնը կլինի քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում, որից 2000 քմ տարածք կվերանորոգվի կրթական ծրագիրը գործարկելու համար։
Թումո Կոիմբրան հնարավորություն կընձեռի 1500 երիտասարդների ստանալ անվճար կրթություն ութ հիմնական ուղղություններով՝ 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, գրաֆիկական դիզայն, ֆիլմերի ստեղծում։ Կենտրոնը ուսանողների համար իր դռները կբացի 2023-ի երկրորդ եռամսյակում։
«Հաջորդ սերնդին թվային տնտեսությանը նախապատրաստելու կառուցվածքային անհրաժեշտություն կա։ Տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում արտադպրոցական կրթությունը հիմնականում սահմանափակված է փոքր խմբերով և մասնավոր պարապմունքներով. այն անվճար և հասանելի դարձնելը հավասար հնարավորություններ կընձեռի բոլորին։ Թումոյի կրթությունը պարզ և հասանելի է։ Այն արդյունավետ է արագ և լայնածավալ ներգործություն ապահովելու համար»,- նշել է Թումոյի գործընկեր Shaken not Stirred հարթակի հիմնադիր Պեդրո Սանտա Կլարան հունվարի 25-ին` ծրագրի հովանավորների և գործընկերների հետ հուշագրի ստորագրման ժամանակ:
Կոիմբրայի կենտրոնի բացումը նշանավորում է Պորտուգալիայում Թումոյի ցանցի ընդլայնման արշավի սկիզբը: Պորտուգալացի գործընկերները հայտարարել են, որ եկող տարիների ընթացքում ակնկալում են նոր կենտրոններ բացել երկրով մեկ։ Թումոյի հիմնադրումը Պորտուգալիայում տեխնոլոգիական և կրթական համայնքների միավորման և համագործակցության հիանալի օրինակ է. ծրագրի աջակիցները, ձեռնարկատերերը և հիմնադիրները միասնաբար շուրջ յոթ միլիոն եվրո են ներդրել ծրագրի գործարկման համար։
«Երբ նախնական հանդիպումների համար այցելեցինք Պորտուգալիա, շատ ոգևորվեցինք այս նախագծով, քանի որ տեսանք երկրի մեծ ներուժը, որը զուգակցված էր տեխնոլոգիական համայնքի աջակցությամբ և պատանիների` թվային ոլորտում հաջողելու պատրաստակամությամբ։ Եվ հենց այսօրվա պատանիներն են, որ գալիք տասնամյակներում կկերտեն ապագան։ Կարծում ենք` ճիշտ ժամանակն է ներդրում անել Պորտուգալիայի երիտասարդների կրթության մեջ»,- նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։
Վերջին հինգ տարիների ընթացքում Թումոն կենտրոններ է հիմնել Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ալբանիայում, Ուկրաինայում և այլ վայրերում։ Հաջորդ կենտրոնը կբացվի Լոս Անջելեսում` Կալիֆոռնիայի նահանգի ֆինանսավորմամբ և Լոս Անջելես քաղաքի հետ համագործակցությամբ։ 2023-ին ծրագիրը զգալիորեն կընդլայնի իր ցանցը Գերմանիայում և Ֆրանսիայում: Քննարկումներ են նաև ընթանում Իտալիայում կենտրոն բացելու շուրջ։
Սիրարփի Աղաբաբյան