Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ Սահմանադրական դատարանում
Այսօր Սահմանադրական դատարանի (ՍԴ) հիմնադրման 27-րդ տարին է: Արդեն 27 տարի ՀՀ-ն ունի Բարձր դատարան, որ այսուհետ միայն իներցիայով է այդպիսին համարվելու: Սահմանադրական դատարանը, ցավոք, 2023թ. հունվարի 10-ից առ այսօր ամեն օր ապացուցում է՝ ՍԴ դատավորներն այդ շենք գնում են միայն բարձր աշխատավարձ ու համարյա թե երաշխավորված պաշտոնավարում ունենալու համար, եթե, իհարկե, քաղաքական առաջնահերթություններն այլ բան չպարտադրեն:
«Շնորհավորում ենք Սահմանադրական դատարանի հիմնադրման կապակցությամբ բարձր դատարանի բոլոր անդամներին և աշխատակազմին»,- այսպես էր Բարձրագույն դատական խորհրդի՝ (ԲԴԽ) դատական համակարգի սկզբունքային դատավորների համար կառափնարան դարձած կառույցի ղեկավար Կարեն Անդրեասյանը շնորհավորել ՍԴ տարեդարձը՝ հրապարակելով լուսանկար:
Լուսանկարում երջանիկ ժպտում են ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը, Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և իհարկե, Նիկոլ Փաշինյանը: Վերջինս գոհ է. ՍԴ-ն ունի գրեթե այն տեսքը, ինչին հասնելու համար նա ոչ մի ջանք չխնայեց:
Հիմա երևի այսօր հպարտորեն ՍԴ դատավորները կանգնել են լուսանկարի կազմի առաջ՝ անկեղծորեն հավատալով, որ իրենք ներկայացնում են Բարձր դատարանը:
Ինչևէ, արդեն 19 օր է անցել այն օրից, երբ 168.am-ը հանրությանը տեղեկացրեց՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կատարել է ՍԴ դատավորի էթիկայի կոպտագույն խախտում՝ դատարանում հանդես գալով որպես փաստաբան արդեն իսկ ՍԴ դատավոր եղած կարգավիճակում:
Մեր բազմաթիվ հարցումներն ու լրագրողական համառությունը բացահայտեց՝ ՍԴ դատավորներն այդ մասին իմացել են հունվարի 10-ին անձամբ Սեդա Սաֆարյանից:
ՍԴ դատավորները հունվարի 10-ից մի գործողություն պետք է կատարեին՝ 3 դատավորի դիմումով կարգապահական վարույթ պետք է հարուցեին, քննեին՝ արդյո՞ք նշվածը, ինչպես Սաֆարյան ընտանիքն է պնդում, իրավաչափ է, թե՞ ոչ:
Բայց ՍԴ դատավորները դա չարեցին, կամ նրանց թույլ չտվեցին դա անել. տարբերությունն էական չէ: Էական է այն, որ ՍԴ դատավորները վախից ու իրենց անձնական բարեկեցության նկատառումներից ելնելով՝ չարեցին այն, ինչ պիտի անեին մասնագիտական արժանապատվության դույզն-ինչ չափաբաժին ունենալու դեպքում:
Բայց հենց այսօր՝ ՍԴ տարեդարձի օրը, հիշենք՝ իր՝ թեմայի վերաբերյալ ծավալուն գրառման մեջ, ակնհայտորեն փորձելով ուշադրությունը շեղել թեմայից, ի՞նչ էր ասում Սեդա Սաֆարյանի եղբայրը՝ քրոջ փաստաբանի դերն ստանձնած Ստյոպա Սաֆարյանը:
«Ի վերջո, բոլորս միմյանց գիտենք ու շատ վաղուցվանից։ Բայց եթե 168 ժամի «հետաքննության» մտահոգությունն այս գործից անդին է, ապա ստացվում է՝ հնարավոր է, որ Սեդա Սաֆարյանի վրա գրոհելու պատճառը ՍԴ-ում սպասվող գործերի քննությո՞ւնն է․ ի վերջո խորհրդարանական ընդդիմությունն ու ընդդիմադիր գործիչների փաստաբանները, մինչ Սեդա Սաֆարյանի ՍԴ գնալը, տարբեր դիմումներ են մուտքագրել, որոնք վերաբերում են պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց ապօրինի գույքի օտարման մասին օրենքի սահմանադրականությանը, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմի հանցագործությունների համար միջազգային դատարան դիմելու Հռոմի ստատուտի վավերացմանը, նախկին նախագահների հետ կապված շատ այլ դիմումներ, որոնք քննվելու են վաղ թե ուշ․․․ Իսկ չենք մոռանում, որ ընդդիմադիր գործիչները, փաստաբանները, լրատվամիջոցները չափազանց ցավագին ընդունեցին ՍԴ-ում երկու նոր անձանց՝ այդ թվում Սեդա Սաֆարյանի պաշտոնավարման հանգամանքն, հավանաբար իմանալով, որ առանցքային որոշումների ընդունման համար նախկինում առկա «ուժերի հավասարակշռություն» այլևս չկա՞․․․ Ի՞նչ են անելու այժմ, երբ գա այդ գործերի քննության ու որոշումների ընդունման ժամանակը․․․ Ահա, թիրախի տակ վերցնել նրանց, ովքեր «խանգարում» են․․․․»:
Ստյոպա Սաֆարյանն ակամա խոստովանում է՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ է գնացել ոչ թե սահմանադրական արդարադատություն իրականացնելու, այլ ուժերի հավասարակշռությունը խախտելու համար: Ստյոպա Սաֆարյանը բառացի ասում է՝ այդ գործերով ինչ դիրքորոշում է հայտնելու քույրը, ինչն, իհարկե, կանխատեսելի էր:
Իսկ հիմա՝ ուշադիր… Հունվարի 10-ի աշխատակարգային նիստում, բացի Սեդա Սաֆարյանի ինքնախոստովանությունից, մի ուշագրավ բան էլ է տեղի ունեցել:
ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ այդ օրը, այսինքն՝ տարվա առաջին նիստի օրը կայացվել է հետևյալ աշխատակարգային որոշումը՝
«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցող` Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանի լիազորությունները դադարել են 2022 թվականի դեկտեմբերի 10-ին` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, նշված գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ս. Սաֆարյանին»,- կարդում ենք ՍԴ-ի որոշման մեջ:
Սա այն է, ինչի մասին ասում էր Ստյոպա Սաֆարյանը: Իր գրառումը կատարելու պահին Ստյոպա Սաֆարյանը գիտե՞ր այն մասին, որ քույրը խորհրդարանական ընդդիմության ներկայացրած դիմումով զեկուցող է նշանակվելու, թե՞ ոչ, իհարկե, գիտեր:
Այնպես որ, վաղը մեկնարկող քառօրյայի ժամանակ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունն անելիք ունի. համենայն դեպս կարող է հարցնել՝ ինչո՞ւ է հատուկ հանձնարարություններով դեսպան գործուղվել ՍԴ, և ինչո՞ւ է նա նաև փաստաբան աշխատում: