ՍԴ դատավորի համար կա բացարձակ արգելք… Սեդա Սաֆարյանը կոպիտ խախտում է կատարել. Սիրանուշ Սահակյան

«Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ չկայացավ բարեվարքության համակարգը: Որքան էլ որ փորձեն միջազգային կառույցների աչքում գովազդել, որ բարեփոխել են օրենսդրությունը, ներդրել են կառույցներ, այստեղ պարզապես բացակայում է կամքը և համարձակությունը՝ ապահովել այդ կանոնների կենսագործումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից որպես ՍԴ դատավոր երդվելուց ու դատավորի իր անմիջական պարտականություններին անցնելուց հետո Վերաքննիչ դատարանում որպես դիմողի ներկայացուցիչ հանդես գալու վերաբերյալ խնդրին:

Նրա խոսքով՝ սահմանադրական մակարդակում կան սահմանափակումներ և արգելքներ, որոնք կիրառվում են պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ և առավել խիստ պահանջներ են ներկայացնում դատավորներին:

«Դատավորները չեն կարող կատարել վճարովի այլ աշխատանք, իսկ փաստաբանությունը ենթադրում է վճարովիության սկզբունք: Եթե իրավապաշտպաններ և օրինական ներկայացուցիչ չեն, հասկանալի է, որ որոշակի խմբերին ծառայություններ մատուցելու հիմքում ընկած է վճարովիությունը»,- ասաց իրավապաշտպանը:

Սիրանուշ Սահակյանը նկատում է՝ դրանից զատ և Սահմանադրության, և «Հանրային ծառայության մասին» օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում կան արգելքներ, որոնք կապված են ներկայացուցչական ֆունկցիայի հետ:

Կարդացեք նաև

«Դատավորը չի կարող որպես ներկայացուցիչ հանդես գալ դատարանում և ներկայացնել կողմի շահերը: Բացառություններ կան, երբ նրանք կարող են խորհրդատվություն տրամադրել ազգակցականության որոշակի կապի մեջ գտնվող անձանց, բայց սա վերաբերում է բացառապես խորհրդատվությանը:

Նրա պնդմամբ՝ ինչ առնչվում է իրավական ներկայացուցչությանը, այստեղ կա բացարձակ արգելք, և դատավորը որևէ պարագայում չի կարող որևէ անձի շահ ներկայացնել դատական ատյաններում:

«Մյուս կողմից՝ մենք ունենք նաև «Փաստաբանության մասին» օրենք, որն ունի կարգավորումներ, երբ փաստաբանական արտոնագրի լիազորությունները կասեցվում են հանրային ծառայության ներգրավվելու հիմքով: Եվ այստեղ ըստ էության մենք գործ ունենք կասեցված արտոնագրի հիման վրա լիազորություններ իրականացնող դատավորի հետ: Կարծում եմ, այստեղ մենք ունենք կոպիտ խախտում, իսկ այն, որ այս խախտումները կարող են չընդունվել, մերժվել, անհրաժեշտ մշակույթի բացակայության մասին, մշակույթ, որի պայմաններում Հայաստանը որևէ լավ հանգրվանի չի հասնելու»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը

Հիշեցնենք, որ 168.am-ը դեռևս հունվարի 19-ին ու դրանից հետո մի քանի հրապարակումներով է հանդես եկել ու բացահայտել, որ Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում, փաստաբանական գործունեություն է ծավալել:

Երկրորդ հրապարակման մեջ հրապարակել էինք նաև համապատասխան փաստաթուղթը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս