Քրեակատարողական ծառայության քեֆչի հասաններն ու անտերության մատնված համակարգը
ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի և վարչական անձնակազմի նախաձեռնությամբ հիմնարկի վարչական շենքի առջև տեղադրվել է խաչքար՝ նվիրված Արցախյան բոլոր ազատամարտերում զոհված հայորդիներին։ Խաչքարը խորհրդանշում է նաև Արցախյան պայքարի ողջ պատմությունը, հայ ժողովրդի անդրդվելիությունն ու կյանքի դժվարություններին դիմակայող դիմացկունությունը։
Ս/թ հունիսի 10-ին տեղի ունեցավ հուշակոթողի օրհնությունն ու բացումը, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը, պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը, տեղակալներ Վարդգես Ծաղիկյանը, Արտակ Առուստամյանը, ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչակազմի այլ ներկայացուցիչներ, «Սևան» ՔԿՀ-ի ողջ անձնակազմը, ինչպես նաև՝ ազատազրկված անձինք։
Խաչքարն օրհնվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ՝ «Սևան» ՔԿՀ-ի հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի օժանդակությամբ։
Այս մասին կարդում ենք Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) տարածած հաղորդագրության մեջ:
Սա միջոցառման պաշտոնական մասն էր, ինչի համար էլ ուրբաթ երեկոյան ՔԿԾ պատվիրակությունը պետի գլխավորությամբ մեկնել էր «Սևան» ՔԿՀ։
ՔԿԾ ղեկավարության ողջ այս աստղաբույլի մեջ, ինչպես միշտ, ներկա չէր ՔԿԾ պետի տեղակալ Թաթուլ Նալբանդյանը, ով, ըստ ՔԿԾ աշխատակիցների, միակն է, որ միշտ աշխատում է, կատարում իր պարտականությունները, և ինչպես ավելի վաղ գրել էինք, համարվում է արդարադատության նախարարի մարդը, ում այդպես էլ ՔԿԾ ղեկավարությունը չինտեգրեց իրենց ղեկավար խմբի մեջ։
Թե ինչպիսին են անձամբ Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի և նախարար Կարեն Անդրեասյանի հարաբերությունները, գրվել է բազմիցս, և դրանց անդրադառնալու հավելյալ կարիք չկա:
Ըստ «Սևան» ՔԿՀ-ի՝ 168.am-ի աղբյուրների՝ ՔԿԾ պատվիրակությունը հիմնարկ է ժամանել գրեթե աշխատանքային օրվա ավարտին:
«Սակայն անընդհատ կարծես շտապում էին, ուղղակի կանգնած սպասում էին խաչքարի օրհնման արարողության ավարտին, և ավարտին ՔԿԾ պետը նույնիսկ մի երկու բառով հանդես չեկավ, որ կարևորի օրվա խորհուրդը, մինչդեռ այլ հիմնարկներում միշտ հանդես է եկել թեկուզ բացման խոսքով»,- ասացին մեզ:
Ինչևէ, ըստ ականատեսների՝ միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ՔԿԾ պետն ու ղեկավար անձնակազմն արագ նստում են մեքենաներն ու մեկնում, սակայն ոչ Երևան:
«Օրն ուրբաթ էր, աշխատանքային օրն ավարտվել էր, գնացին մի կտոր աղ ու հացի։ Ահա սա էր պատճառը, որ անընդհատ շտապում էին: Դրա համար էլ խաչքարի օրհնման արարողությունը արհեստական և ձևական բնույթ էր կրում: Փաստորեն ՔԿԾ պետի գլխավորած պատվիրակությունը շտապում էր քաղաքից դուրս՝ խնջույքի»,- ասաց «Սևան» ՔԿՀ-ի մեր աղբյուրը:
Հենց խնջույքի մեկնելու հանգամանքով էլ ըստ ամենայնի պայմանավորված է եղել երեք տեղակալների ներկայությունը խաչքարի բացմանը:
Մեր տեղեկություններով՝ նման դեպքերում հիմնականում առաջին տեղակալն է միշտ մնում Ծառայությունում, բայց քանի որ ընկերներով նախօրոք պլանավորել էին, ուստի մեկնել են բոլորով. Կորչի գործը: Դե, իսկ պետի տեղակալներից Նալբանդյանը, ինչպես նշեցինք, չէր միացել նրանց. չէին տարել, կամ միգուցե ի՞նքն էր հրաժարվել։
Թող տպավորություն չստեղծվի, թե Սևան մեկնած ՔԿԾ պատվիրակության կազմը բաղկացած էր միայն պետից ու նրա 3 տեղակալներից. նրանց հետ գնացել էին նաև ՔԿԾ պետի խորհրդական Սիմոնյանը և գեղեցիկ սեռի երկու ներկայացուցիչ, որոնցից մեկի ներկայությունն ընդհանրապես պարտադիր չէր, եթե նկատի ունենանք նրա զբաղեցրած պաշտոնը:
Միգուցե նրա ներկայությունը պարտադիր էր նախօրոք պլանավորված խնջույքի սեղանի շուրջ, չենք վիճում։
Ավելին, մեր տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ. նույն անձնավորությունները հիմնականում ուղեկցում են ՔԿԾ պետին և նրա ընկեր-տեղակալներին նաև խնջույքի սեղանի շուրջ, կամ, ասենք, նրանցից ինչ-որ մեկի՝ քաղաքից դուրս անցկացվող ծննդյան տոնին։
Ըստ տեղեկությունների՝ բավականին հաճելի ժամանակ է ՔԿԾ ղեկավար կազմն անցկացրել ուրբաթ երեկոյան, այնքան «հաճելի», որ շաբաթ օրը չեն կարողացել ներկայանալ աշխատանքի:
Առհասարակ ՔԿԾ-ում շաբաթ օրերը պետը, տեղակալները և Ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետերը (բացառությամբ կին բաժնի պետերի) առավոտյան գալիս են աշխատանքի, թեկուզ և մի քանի ժամով։ Սակայն նախորդ շաբաթ հրահանգել էին, որ ոչ մեկը չգա աշխատանքի: Հավանաբար տեղակալներն ի վիճակի չեն եղել նախորդ օրվա հաճելի խնջույքից հետո արթնանալ ու աշխատանքի գնալ:
Դե, իսկ ինչ վերաբերում է ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանին, նա, միևնույն է, չէր էլ գալու, որովհետև շաբաթ օրը Վերին Դվինում պետք է լիներ Նիկոլ Փաշինյանին դիմավորողների շարքերում։
Փաստորեն, երբ անհրաժեշտ է լինում, ելնելով իրավիճակից, պնդում են, որ ՔԿԾ-ն ապաքաղաքական կառույց է, և պետը՝ ապաքաղաքական պաշտոնյա, սակայն երբ հարցը վերաբերում է գերագույնին դիմավորելուն, Ծառայության՝ ծնունդով արտաշատցի պետը ուղեկցում է վարչապետին։ Ոչ համայնքապետ էր, ոչ մարզպետ, բայց ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին։
Միգուցե պնդեն, որ դա ոչ աշխատանքային օր է եղել, սակայն հիշեցնենք, որ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար պետական գերատեսչությունների աշխատակիցներ են ազատվում աշխատանքից։
Իհարկե, կյանքը հրաշալի է, երիտասարդությունը՝ էլ ավելի, և ՔԿԾ բավականին երիտասարդ ղեկավար կազմը ձգտում է հնարավորինս շռնդալից ու անհագորեն վայելել տարիքի ու ֆինանսական միջոցների ընձեռած հնարավորությունների արդյունքները. ի վերջո, պաշտոնը հավերժ չէ: Բայց ՔԿԾ պետը լավ կանի՝ ավելի սրտացավ լինի Ծառայության համար, փորձի աշխատել, այլ ոչ թե հաճախ ՔԿԾ-ում ընկեր-տեղակալներով հացի սեղանի շուրջ ժամանակ մեռցնի (այլ մանրամասներից զերծ կմնանք, դրանցից ՔԿԾ աշխատակիցները և համակարգում առհասարակ քաջատեղյակ են)։
Այդպես ՔԿԾ-ի պես բարդ համակարգ չեն ղեկավարում: ՔԿԾ-ն ջերմոցային տնտեսություն չէ, և այստեղ հնարավոր չէ գյուղատնտեսությամբ զբաղվել: Կարելի է գոնե զբաղվել իրենց սիրելի կառավարության՝ այնքան գովերգված քրեական ենթամշակույթի դեմ պայքարով, հատկապես որ, ըստ հիմնարկներից ստացած տեղեկությունների, պետի տեղակալները, նույնիսկ խորհրդականը բավականին ակտիվ «զբաղվում են» այդ ուղղությամբ, «սատար լինում» որոշ ազատազրկված անձանց այնպես, որ ՔԿ հիմնարկների պետերը չեն կարողանում ոչինչ անել նրանց դեմ, անզոր են դառնում։