Թող ցուցահանդեսի կազմակերպիչը մնա կազմակերպիչ, հանդես չգա՝ որպես Ադրբեջանի փաստաբան. Մեխակ Ապրեսյան
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց հավաստի աղբյուրներից ստացած մեր տեղեկություններն առ այն, որ ադրբեջանական հերթական պրովոկացիան է հերթական անգամ շրջանառվել է ITB BERLIN 2023 ցուցահանդեսի շրջանակներում. կազմակերպիչները տրվել են այդ պրովոկացիաներին՝ հայկական տուրիստական ընկերություններից գրավոր պահանջելով ցուցահանդեսին չներկայցնել Արցախը:
«Եղել է նման գրություն ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից, ինչը մենք դատապարտում ենք: Սա առաջին անգամը չի. մեկ-երկու անգամ եղել է նման մոտեցում տարբեր ցուցահանդեսների կազմակերպիչների կողմից:
Նրանք հղում են անում իրենց կանոնակարգին՝ ասելով, որ ցուցահանդեսը չպետք է քաղաքականացվի: Մենք ինքներս դրան կողմ ենք, աջակից ենք նման մոտեցմանը. այո՛, զբոսաշրջային ցուցահանդեսում երկրները ներկայանում են ոչ թե՝ որպես քաղաքական միավորներ, այլ՝ զբոսաշրջային ուղղություններ, զբոսաշրջավայրեր, և, այո՛, չի կարելի քաղաքականացնել, և հենց քաղաքականացնել է նշանակում մատնանշելը, որ Արցախը չի կարելի ներկայացնել գովազդային նյութերում: Արցախը նույնպես այդտեղ ներկայացվում է՝ իբրև զբոսաշրջավայր, այնտեղ ներկայացվում է՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ Հայաստանում մեր ունեցած ժառանգությունը, որը մեզ նկարագրում է՝ որպես զբոսաշրջային երկիր, և որևէ մեկն իրավունք չունի սահմանափակելու այդ հնարավորությունը:
Այնպես որ, թող ցուցահանդեսի կազմակերպիչը մնա կազմակերպիչ, չներգրավվի քաղաքական գործընթացներում, հանդես չգա, այս դեպքում՝ որպես Ադրբեջանի փաստաբան,- մանրամասնեց Մեխակ Ապրեսյանը:
Նա կարծում է՝ կազմակերպիչների հետ համաձայնության կգան այս հարցով,- Ինձ ինչ հիշում եմ զբոսաշրջության մեջ՝ ամեն տարի ադբեջանցիները փորձել են պրովոկացիաներ անել, ի դեպ, դրանով հաճախ նաև գովազդել են մեր տաղավարը: Եվ երբ մենք մեր փաստարկները բերել ենք, բոլորն էլ հասկացել են: Հուսանք, որ այժմ էլ ցուցահանդեսի կազմակերպիչը կհասկանա դա»:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նաև ամփոփեց 2022 թվականը՝ ներկայացնելով ոլորտի վիճակագրությունն ու տեսլականները:
Այսպիսով, 2022-ին մեր երկիր այցելել է 1 միլիոն 670 000 զբոսաշրջիկ. 2021-ին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 870.000 է եղել, իսկ 2020-ին` 375.000։
«Այս ցուցանիշն արձանագրվեց 2022 թվականի վայրիվերումների պայմաններում: Այսինքն՝ մի փոքր սկսեցինք աչք թարթել կորոնավիրուսի, այնուհետև՝ պատերազմի հետևանքներից, հետո Ադրբեջանի կողմից եղավ մի նոր հանցավոր ագրեսիա, դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի խիստ արժևորումը, ինչը նույնպես բացասական ազդեցություն ունեցավ ոլորտի վրա:
Այդ պայմաններում, այդուհանդերձ, ՀՀ-ում կազմակերպվեցին միջազգային նշանակության միջոցառումներ՝ և՛ սպորտի բնագավառում, և՛ Ստարմուս, Եվրատեսիլ, Տուրիզմի համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի նիստը, տարածաշրջանային փառատոներ՝ ինչպես, օրինակ, հայ-իրանական խոհանոցային փառատոնը և այլն»,- նկատեց նա:
Ոլորտի վրա արտաքին ազդակներին անդրադառնալով՝ մասնագետը նշեց ուկրաինական ճգնաժամով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների ներհոսքի մասին:
Մեխակ Ապրեսյանն ուշադրություն հրավիրեց միջազգային հեղինակավոր պարբերականների՝ Հայաստանի մասին անդրադարձերին, որոնցում մեր երկիրը ներկայացված է եղել ամենացանկալի երկրների շարքում: Նա, սակայն, ցավով նկատեց, որ դրա հետ մեկտեղ՝ 2022 թվականի ընթացքում և այսօր էլ ահազանգեր ունեն զբոսաշրջային ընկերություններից այն մասին, որ «օրինակ, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից իրենց գործընկերներն անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեղարկել են արդեն այս տարվա համար ամրագրված որոշ զբոսաշրջային փաթեթներ, խմբերի այցելություններ:
Նրա տեղեկացմամբ՝ խնդիրը պայմանավորված է ոչ միայն Արցախի շրջափակմամբ, այլև՝ Հայաստանի հարավին առնչվող հարցերով. «Տուրիստական ընկերություններից մեկի ահազանգն այն մասին էր, որ ֆրանսիացի գործընկերն ասում էր՝ իրենց ԱԳՆ-ն չի խրախուսում Հայաստանի հարավ այցելել, և այդ պատճառով նաև չեղարկել էին մի քանի խմբերի այցելություն:
Որոշակի իրարամերժ հայտարարությունների ու իրավիճակների ենք ականատես լինում. մեկ այլ պարբերական կար, որն անվտանգ երկրների առաջին տասնյակում ընդգրկել էր Հայաստանը:
Իհարկե, այս պայմաններում մեր գրանցած վիճակագրության այս հաջողությունը կպայմանավորեի նրանով, որ Հայաստանը, այնուամենայնիվ, պահպանում է իր գրավչությունը համաշխարհային շուկայում՝ հատկապես զբոսաշրջային ոլորտի շնորհիվ»:
Մեխակ Ապրեսյանի հավաստմամբ՝ պետությունը ևս իր դերակատարումն ունեցել է երկիրը ներկայացնելու առումով. հույս ունի, որ այս տարի մասնավոր-պետություն հատվածների առավել ակտիվ համագործակցություն կլինի:
Անդրադառնալով Արցախի 39-օրյա շրջափակմանը՝ մեր զրուցակիցը չափազանց կարևորեց Բերձորի շրջափակման մասին բոլոր հնարավոր հարթակներով ահազանգեր հնչեցնելը՝ դիվանագիտականից մինչև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, ապա շեշտեց՝ պետք է հստակեցվի, որ կատարվողը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության փորձ: