Մեկնարկել է ԵԽ նստաշրջանը, օրակարգում նաև Բերձորի միջանցքում ստեղծված հումանիտար ճգնաժամն է
Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է խորհրդարանի նստաշրջանը։
168.am-ի աղբուրի փոխանցմամբ՝ օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Բերձորի միջանցքում ստեղծված հումանիտար ճգնաժամն է։
Մեր տեղեկություններով, բավականին սուր ելույթներ են նախապատրաստել ԵԽ պատգամավորները, շրջանառվում են նաև տարբեր քաղաքական խմբերի կողմից նախագծեր ու բանաձևեր, յուրաքանչյուրը պատրաստել է բանաձևի կամ հայտարարության իր նախագիծը։
Դեռևս պարզ չէ՝ բանաձև՞, թե՞ հայտարարություն կընդունվի, ամեն ինչ պարզ կլինի այսօրվա քննարկումների ժամանակ։
Ինչպես նշեցինք, քաղաքական 5 ուժերն իրենց տարբերակն են ներկայացրել, իսկ թե բանաձևերից որը կընդունվի՝ կախված է նրանից, թե Հայաստանի իշխանությունները, դիվանագիտական ներկայացուցչություններն ու ընդդիմությունն այս ժամերի ընթացքում ու դրանից առաջ ինչպես է աշխատել ԵԽ-ի հետ։
««Եվրոպայի ժողովրդավարներ», «Եվրոպայի պահպանողականներ», «Սոցիալիստներ», «Ձախեր», «Դեմոկրատներ» «Կանաչներ», քաղաքական այս ուժերն աշխատել են նախագծերի ու հայտարարությունների վրա, բոլորը ներկայացրել են բանաձևի իրենց առաջարկներն ու տարբերակները»,- ասաց մեր աղբյուրը։
Ըստ մեր աղբյուրի, ինչպես սովորաբար լինում է ԵԽ-ում՝ կընդունվի մի հավաքական տարբերակ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջարկած տարբերակից, այսպես կոչված, միքս տարբերակ։ Սակայն այստեղ շատ կարևոր է, որ հայկական կողմի, սփյուռքի դիվանագիտական ներուժի ու Հայաստանի աշխատանքի արդյունքում կարողանան հասնել նրան, որպեսզի սա չլինի հերթական «Ավարայրը»՝ ընդամենը դատապարտող հայտարարություն, այլ կոնկրետ առաջարկվեն պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ։ Կլինի՞ այդ պատժամիջոցը, թե՞ ոչ՝ պարզ կլինի վաղը։
Իսկ այս պահին ԵԽ դիմաց հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում, որը, մեր տեղեկություններով, կազմակերպվել է Հայաստանի մի քանի ընդդիմադիրների կողմից։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։