«Արցախցիները պետք է հավաքվեն ու Բերձորում այդ ադրբեջանցիներին մի կողմ տանեն՝ ելք ու մուտք անելով իրենց հողում». Աիդա Սերոբյան

Նախորդ տարի հուլիսին, երբ արդեն հայտնի էր դարձել, որ Բերձորը հանձնելու են Ադրբեջանին, Արցախյան պատերազմի մասնակից, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Աիդա Սերոբյանն անցյալ տարի 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Արցախին կապող երեք ճանապարհ ունեինք՝ Քարվաճառով, Բերձորով և Կովսականով։ Հիմա Քարվաճառն ու Կովսականը թշնամու հսկողության տակ են, միակ ճանապարհը Բերձորն է, եթե դա էլ հանձնեն, Արցախն այլևս չի կարող կապ հաստատել Հայաստանի հետ։ Արտակարգ իրավիճակներում, պատերազմի դեպքում մենք այլևս նահանջելու ճանապարհ չենք ունենա»։

Այսօր էլ, երբ Աիդա Սերոբյանի հետ զրույցում հիշեցրինք  ամիսներ առաջ արտահայտած իր տեսակետն ու  խոսեցինք Արցախում ստեղծված իրավիճակի՝ Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի փակ լինելու մասին, նկատեց՝ թշնամուն էլ լավ գիտի, նրա նպատակներն էլ։

«Նախ հստակ է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհը փակողները «բնապահպաններ» չեն, նրանք վարձկան գործազուրկներ են, որոնք օրավարձով գալիս ու ճանապարհ են փակում, ժամանակ առ ժամանակ նրանց փոխում են, այսինքն՝ «խոպան» են եկել Արցախում։

Կարծում եմ՝ արցախցիներն իրենց հավաքները ոչ թե «Տատիկ-Պապիկ» հուշարձանի մոտ պետք է անեն, այլ պետք է հավաքվեն ու գնան Բերձոր, այդ ճանապարհը բացեն՝ ադրբեջանցիներին այս ու այն կողմ հրելով։ 120 հազար մարդ շրջափակման մեջ է, առանց դեղերի ու սննդի։ Հիմա ձմեռ է, մարդիկ պահածոներով  մի կերպ կապրեն, բա դրանից հետո ի՞նչ են անելու։ Ի՞նչ է նշանակում՝ մարդն ապրի իր հողում, բայց հիվանդանա ու Կարմիր խաչի միջոցով նրան դուրս հանեն, այն էլ երեք մեքենաներով՝ մի մեքենա առջևից էր գնում, մեջտեղի մեքենայում հիվանդ երեխան էր մոր հետ, հետևից էլ մի մեքենա էր գնում։ Պատկերացնում եք, այդպես են անում, որ կարողանան հիվանդ երեխային՝ հային, այդ մարդկանց միջով ապահով հանեն։

Կարդացեք նաև

Ադրբեջանը մտածված ձևով գնում է Արցախի հայաթափման»,- շեշտեց Աիդա Սերոբյանը։

Ըստ նրա, միշտ էլ բնակչություն չունեցող տարածքներ գրավելը հեշտ է եղել, և այսօր Ադրբեջանը՝ փակելով Արցախի միակ ճանապարհը, որպեսզի մարդիկ ստիպված թողնեն Արցախը, և այդ նպատակով էլ գուցե Արցախից դուրս եկողների ճանապարհը չփակեն, բայց մտնողներինը փակում են։

«Արցախցիները պետք է հավաքվեն ու Բերձորում այդ ադրբեջանցիներին մի կողմ տանեն, ելք ու մուտք անելով իրենց հողում, չպետք է նստեն ու սպասեն, մանավանդ, երբ խոշոր տերությունները և Ռուսաստանը կարծես թե ոչինչ չեն անում։

Ես ադրբեջանցիներից ամեն ինչ էլ սպասում եմ, եթե նրանք կին զինվորականին սպանում ու մասնատում են, նրանցից ի՞նչ պետք է սպասել»,- շեշտեց Աիդա Սերոբյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց ու վերահաստատեց նախկինում իր ասած այն միտքը, որ անհնարին է ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությունը։

«Ադրբեջանցիներն ու հայերը 70 տարի միմյանց հետ ապրել են, բայց այդ ժամանակ չէր եղել Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը։ Ադրբեջանը կոտորել է այս մարդկանց սերնդին, ինչպե՞ս այսքանից հետո նրանց հետ խաղաղ ապրել»,- նշեց Աիդա Սերոբյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Հունվարի 12-ի տվյալներով՝ շրջափակման չորս շաբաթների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և ուղեկցությամբ ընդհանուր 21 հիվանդ է Արցախից Հայաստան տեղափոխվել, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս