«Միակ ճանապարհը Բերձորն է, եթե հանձնեն, Արցախն այլևս չի կարող կապ հաստատել Հայաստանի հետ. պատերազմի դեպքում մենք այլևս նահանջելու ճանապարհ չենք ունենա». Աիդա Սերոբյան

Արցախյան պատերազմի մասնակից, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Աիդա Սերոբյանը, ով 1990-ականներին տեսել է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները վարվում հայերի հետ՝ սպանելով ծերերին, երեխաներին ու կանանց, այսօր չի պատկերացնում, որ երբևէ հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել՝ նշելով, որ թշնամին չգիտի՝ ինչ է խաղաղությունն ու հարևանություն անելը։

«Ինքս այն կարծիքին եմ, որ ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելն անհնարին է, բայց չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք, օրինակ, կապրեն, չպատկերացնելով, թե ինչ կլինի հաջորդ պահին։

Ասում են՝ եթե ուզում ես խաղաղ ապրես, մշտապես պետք է զինված ու պատերազմի պատրաստ լինես։ Ուժեղից մշտապես վախենում են, իսկ թույլի վրա՝ հարձակվում։ Հետևաբար, մենք միշտ պետք է հզորացնենք մեր բանակը, զինվենք արդիական տեխնիկայով։ Բանակից զորացրվածները միշտ պետք է «ուչենիա» անցնեն, ծանոթանան նոր զենքերի հետ, հին զենքերը չմոռանան, ու երբ պատերազմ լինի՝ բոլորը պատրաստ լինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աիդա Սերոբյանը։

Նա նշեց, որ իր ելույթներում մշտապես ասում է, երբ խոսքը հայրենիքին է վերաբերում, կին թե տղամարդ, բոլորը պետք է զենք վերցնեն ու պաշտպանեն հայրենիքը, դա նույնն է, որ իրենք իրենց են պաշտպանում։

«Արցախյան առաջին պատերազմում ովքեր հայրենասեր էին, մեզ հետ եկել էին ռազմաճակատ, քիչ մարդիկ իրենց զենքերը գցեցին ու փախան, որոշներն էլ՝ զենքը վերցրած փախան, բայց մնացողները մնացին ու հաղթանակ տարան։ Հիմա այսքան կրակոցները դրա հետևանքն է, որ մարդիկ 2020 թվականին գնացին պատերազմ, քիչ մասը հետ եկավ զենքով ու սկսեց ներսում կրակել։ Թուրքն ասում է՝ հայի ձեռքին զենք տուր, իրենք իրենց կոչնչացնեն, էլ կռիվ ու պատերազմ պետք չի»,- հավելեց Աիդա Սերոբյանը։

Նա ցավով նշեց, որ հայի պարտության պատճառը հայն է, հիշեցրեց, որ Մխիթար սպարապետի գլուխը ոչ թե թշնամին կտրեց, այլ հայը՝ Մելիք Բարխուդարի երկու տղաները։

«Միշտ էլ դավաճանությունն ու վախկոտությունը եղել է, բայց դրան զուգահեռ՝ եղել է նաև խիզախությունը։ 1993 թվականին ես սեփական աչքով տեսա, թե ինչպես են Արցախի հոգևորականները զենքը ձեռքին մեկնում պատերազմ, ասացի, որ հաղթանակն անխուսափելի է։ Այդ ամենը տեսնելով՝ առաջին անգամ հոդված գրեցի և տվեցի «Արցախ» ամսագրին՝ «Զորություն մեր բազկին, որ ծառայենք ազգին» խորագրով։ Երբ Մխիթար սպարապետը գնում էր մարտի, նրա կողքին կանգնած էր տեր Ավետիսը՝ մի ձեռքին խաչ, մյուսին՝ սուր։ Միշտ էլ նույնն է եղել, որոշ հոգևորականներ, մարդիկ գնացել են պահելու հայրենիքը, որոշները՝ ծախելու, ինչպես հիմա է։ Տարեթվերը փոխվում են, բայց ամեն ինչ նույնն է մնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կին ազատամարտիկը պնդում է, որ երեխաների մեջ մանկուց պետք է հայրենասիրություն սերմանել, և եթե տղա երեխաներին դաստիարակեն այնպես, որ մեծանալու է և բանակում չծառայի, ապա տարիներ անց առհասարակ ո՛չ բանակ կլինի, ո՛չ հայրենասիրություն կմնա։

«Միշտ իմ երեխաներին ասում եմ, որ պետք է ծաղկեցնեն այն հողը, որը մեր զինվորներն իրենց կյանքի գնով պահել են։ Մենք շատ զրկանքներ են կրել, հատկապես առաջին պատերազմի ժամանակ՝ առանց փամփուշտի, շորի՝ կռվում էինք, և կռվողներից որևէ մեկը չասաց, թե փամփուշտ չկա, հագին շոր չկա, ցուրտ է և այլն, կռվեցին մինչև վերջ։ Ինքներս մեր մեջ հավատում էինք հաղթանակին, բայց պատերազմի դաշտում գործողությունները հակառակն էին ցույց տալիս։

Մենք մինչև 1993 թվականի հունվարն անընդհատ նահանջում էինք, սկսեցինք առաջ շարժվել 1993 թվականի փետրվարից, սկսեցինք հերթով ազատագրել այն գյուղերը, որտեղից նահանջել էինք։ Ինքս հասել եմ մինչև Միջնավան, ձեռքերս Արաքս գետի մեջ եմ լվացել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Բարձորը թշնամուն հանձնելու մասին խոսակցություններին, Աիդա Սերոբյանն ասաց, որ եթե Բերձորը հանձնեն, ապա Արցախն առհասարակ կտրվելու է Հայաստանից։

«Մենք Արցախին կապող երեք ճանապարհ ունեինք՝ Քարվաճառով, Բերձորով և Կովսականով։ Հիմա Քարվաճառն ու Կովսականը թշնամու հսկողության տակ են, միակ ճանապարհը Բերձորն է, եթե դա էլ հանձնեն, Արցախն այլևս չի կարող կապ հաստատել Հայաստանի հետ։ Արտակարգ իրավիճակներում, պատերազմի դեպքում մենք այլևս նահանջելու ճանապարհ չենք ունենա»,- եզրափակեց Աիդա Սերոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս