«Այս փուլում Արայիկ Հարությունյանը փորձում է զգուշորեն հակադրվել Նիկոլ Փաշինյանին». Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը ե՞րբ հրաժարվեց Արցախից, արդյո՞ք այն պատերազմից հետո եղավ, թե՞ մենք միայն պատերազմից հետո համոզվեցինք դրանում՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անդամների հետպատերազմյան հայտարարություններից:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

– Հայաստանի գործող իշխանությունն Արցախից հրաժարվելու քաղաքականության հիմքը դրել է 2018 թվականի ապրիլի հայտնի քաղաքական գործողություններով:

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ շատերը դրանում համոզվեցին ավելի ուշ: Մի խմբի համար դա 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր, մյուսների համար՝ դրան հաջորդած ժամանակահատվածը:

Կարդացեք նաև

Մի բան հստակ է՝ Հայաստանում և հատկապես Արցախում քիչ մարդ կգտնվի, որը դեռ չի համոզվել, որ փաշինանական ռեժիմի նպատակն Արցախի հանձնումն է: Այլ բան է, որ Հայաստանում դեռևս կան շրջանակներ, որոնք տարբեր դրդապատճառներից ելնելով, պաշտպանում են փաշինյանական կուրսը՝ համարելով, որ Արցախի հանձնմամբ պաշտպանում են Հայաստանը: Իրականումը ճիշտ հակառակն է՝ Արցախի սատարմամբ պաշտպանում ենք Հայաստանը, այլընտրանք պարզապես չկա:

– Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, դրան հաջորդած տարբեր ժամանակահատվածներում Արցախի հարցի կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև հարաբերությունները տարբեր են եղել։ Այսինքն, և՛ ակնհայտ տարաձայնություններ են եղել, և՛ ոչ ակնհայտ ու միայն որոշակի դետալների շուրջ, և գլոբալ առումով ընդհանուր հայտարարի են հանգել: 2018-ի իշխանափոխությունից հետո պատկերն Արցախի հարցի շուրջ և ոչ միայն ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հարաբերությունների, տարբեր փուլերում տարբեր է եղել։ Օրինակ, սկզբում Բակո Սահակյանի հետ կային տարաձայնություններ, հետո դրանք հարթվեցին, իսկ Արայիկ Հարությունյանի օրոք Արցախի հարցում ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումները ներդաշնակ էին: Այսօր ինչ կարող ենք ասել, կարծես թե Նիկոլ Փաշինյանի խնդիրը միայն Ռուբեն Վարդանյանի հետ է:

-Հատկանշական է, որ Արցախի իշխանությունը ևս տարբեր փուլերում տարբեր դիրքորոշում է ունեցել ՀՀ գործող իշխանության գործողությունների ու հայտարարությունների վերաբերյալ: Հայաստանի ու Արցախի իշխանությունների գործողություններն ու քաղաքական մոտեցումները ներդաշնակ էին 2020 թվականի արցախյան նախագահական ընտրություններից հետո, երբ Արցախում նախագահի պաշտոն ստանձնեց Արայիկ Հարությունյանը, սակայն հետպատերազմյան ժամանակահատվածում և հատկապես Փաշինյանի՝ Արցախի հարցով նշաձողի իջեցման ու իշխանական գործիչների՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու վերաբերյալ հայտարարություններից հետո, հանրային-քաղաքական ճնշման ներքո Արցախի իշխանության վերին էշելոնում Հայաստանի իշխանության մոտեցումների վերաբերյալ այլ դիրքորոշում դրսևորվեց:

Ներկայումս դժվար է Արցախում պատկերացնել մի իշխանություն, որը կարող է կիսել ՀՀ-ի օրվա իշխանությունների տեսակետը, եթե նման բան էլ լինի, ապա այդ ուժը, գործիչը կվերածվի քաղաքական դիակի:

Ռուբեն Վարդանյանի մեկնաբանությունները միանշանակորեն հակասում են Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Արցախի իշխանություների հետ ներդաշնակ դիրքորոշում է ձևավորվել:

Փաշինյանի հայտարարությանը կոշտ արձագանքել են նաև ԱԺ խորհրդարանի 5 խմբակցությունները, մեծ առումով, գոնե այս փուլում, փորձում է զգուշորեն հակադրվել նաև Արայիկ Հարությունյանը:

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ի՞նչ հարցերի պատասխան պիտի տա այսօր։ Պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերին, հայտարարում էր, որ՝ «եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ-ին Արցախի անկախության ճանաչման հարցով»: Ի՞նչ եք կարծում՝ դիմե՞լ է, թե՞ լավ իմանալով Նիկոլ Փաշինյանի պատասխանը, չի էլ փորձել, և ի՞նչ կփոխեր Արցախի անկախության ճանաչումը այդ պահին, երբ պատերազմ էր:

– Արայիկ Հարությունյանն իր գործունեությամբ ու հայտարարություններով մեծ վնաս է հասցրել արցախյան գործընթացին: Սակայն այս փուլի՝ Արցախին բաժին հասած ծանր իրավիճակով պայմանավորված, չեմ ցանկանում այս թեմային առավել լայն անդրադարձ ունենալ:

– Ի դեպ, երբ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Արցախի այդ ժամանակվա իշխանությունները որևէ կերպ ընդդիմացե՞լ են՝ հաշվի առնելով այդ քաղաքական ձևակերպման ռիսկերը:

– 2018-2020 թվականը բավականին զգայուն ժամանակահատված էր, երբ նախագահ Բակո Սահակյանն իրեն հատուկ իմաստնությամբ ու նրբանկատությամբ անընդհատ փորձում էր Հայաստանի իշխանությանն ու նրա քաղաքական առաջնորդին բերել ռացիոնալ իրողությունների դաշտ, ինչն ակնհայտորեն չի ստացվել:

Արցախի այդ ժամանակվա իշխանության հակադրությունների հետևանքն էր, որ 2018-2020 թթ. ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների ուղղորդմամբ Արցախում տարբեր խմբեր հակաարցախյան արշավի տրամաբանության մեջ ներքաշվեցին, Հայաստանի ողջ իրավապահ, ուժային համակարգն աշխատում էր արցախցի այն ռազմական, քաղաքական, հասարակական գործիչների դեմ, ովքեր հանդես էին գալիս փաշինյանական քաղաքական կուրսի դեմ:

Արցախում որոշ ուժեր, որոնք սկզբնական շրջանում Հայաստանի ուղղորդմամբ էին գործում, կարճ ժամանակ հետո հասկանալով իրավիճակի ողջ առանձնահատկությունները, հետ կանգնեցին կամ պասիվացրեցին իրենց գործունեությունը, որոշները՝ շարունակեցին:

Այսօր իրավիճակն այնպիսին է, և Հայաստանի իշխանության գործունեությունն այնքան վնասակար, որ դժվար է Արցախում գտնել որևէ լուրջ մարդու, որը կպաշտպանի Հայաստանի գործող քաղաքական կուրսը: Այլ բան է, որ որոշներն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտնում են, ոմանք տարբեր պատճառներով զերծ մնում իրերն իրենց անուններով կոչելուց:

– Մեկ ամսից ավելի է՝ Արցախը շրջափակման մեջ է, փակ է Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, և օղակը գնալով սեղմվում է: Իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում, ոչ ստանդարտ քայլ, որ Արցախն ի զորու է անել։ Եվ որքանո՞վ է իրատեսական օդային ճանապարհի ազատ օգտագործումը, Ստեփանակերտի օդանավակայանի ազատ շահագործումը քաղաքացիական թռիչքների համար, երբ դրան նախկինում էլ չի հաջողվել հասնել։

– Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն ու պահվածքը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որովհետև առանց Հայաստանի, առանց Հայաստան պետության բարդ է լինելու առանց կորուստների դուրս գալ ստեղծված ծայրահեղ իրադրությունից:

Այս տեսանկյունից, Արցախի ու Հայաստանի նոր հնարավորությունը կախված է առաջին հերթին այն հանգամանքից, թե երբ կհեռացվի այս իշխանությունը:

Կրկնում եմ՝ Հայաստանի այս իշխանության ներկայությունը Հայաստանին ու Արցախին նոր փորձություն ու կորուստներ է բերելու, և որքան արագ Հայաստանում իշխանությունը փոխվի, այնքան արագ իրադրությունից նվազագույն կորուստներով դուրս գալու հնարավորություն կստանանք:

Ինչ վերաբերում է Արցախից արտաքին աշխարհ, նաև ՀՀ օդային թռիչքների վերականգնմանը, ապա այս առաջարկով հանդես է եկել Արցախի կառավարությունը: Այն իր մեջ ունի երկու բաղադրիչ՝ քաղաքական և հումանիտար:

Հումանիտար առումով, կարծես, ամեն ինչ պարզ է՝ ցամաքային կապի բացակայության պայմաններում պետք է ստեղծել այլընտրանք՝ անհրաժեշտ պարենի ու դեղորայքի, այլ անհրաժեշտ միջոցների Արցախ հասցնելու համար:

Ինչ վերաբերում է օդային միջանցքի քաղաքական բաղադրիչին, ապա հարցը հետևյալում է: Ադրբեջանը հայտարարում է, որ միջանցքը փակելու որևէ նպատակ չունի, սակայն չի կարող կանխել իր երկրի «բնապահպաններին» իրենց օրենքով նախատեսված գործունեությունը իրացնելու համար: Եթե Ադրբեջանի նպատակը շրջափակումը չէ, ապա օդային կապի ապահովման տեսանկյունից, ենթադրվում է, որ խոչընդոտներ չպետք է ստեղծի: Այն, ինչ Հայաստանում ու Արցախում ակնհայտ է, ապա միջազգային հանրության համար կարող է ամբողջությամբ կամ մասամբ հասկանալի չլինել:

– Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարում է՝ Արցախից է սկսվելու պայքարը, Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է` չպետք է իրականացնել քայլեր, որոնք կհանգեցնեն էսկալացիայի, արդյո՞ք Փաշինյանը վախենում է՝ հաշվի առնելով նաև ՀՀ տարածքում էսկալացիայի հնարավորությունը, թե՞… Ի դեպ, հայաստանյան փորձագիտական, քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհի բացումը ռազմական լուծում ունի, որքանո՞վ է սա իրատեսական:

Փաշինյանի մտահոգությունը իր՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սկսած գործընթացի շարունակականության ապահովումն է, որը, ինչպես նկատելի է, Արցախին ու Հայաստանին պարտության շղթայի մեջ է մտցրել:

Մյուս կողմից, Փաշինյանը մտավախություն ունի, որ իր քաղաքական գործունեությունը Հայաստանում արմատական գործընթացների կհանգեցնի և նվազագույնն իրեն կզրկի իշխանությունից:

Հայաստանի իշխանությունն այնպիսի վտանգավոր խաղի մեջ է մտել, որի պայմաններում և՛ Փաշինյանը, և՛ իր քաղաքական թիմն իսկապես մտածելու խնդիր ունի: Այսքան արյունը, այսքան հանձնված տարածքները հենց այնպես չեն մարսվի, սա պարզապես ժամանակի հարց է, ինչը հասկանում են նաև իշխանության ներսում: Նրանց մտահոգությունները հենց այս հիմքն ունեն:

– Արցախի և ՀՀ-ի շուրջ անվտանգային վտանգների համատեքստում ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է՝ փրկությունը կամ լուծումը բանակցողի փոփոխության և իշխանափոխության մեջ է։ Ինչո՞ւ չհաջողվեց ընդդիմությանը հասնել դրան, ինչպե՞ս է հնարավոր դրան հասնել հիմա: Երկրորդ՝ նոր բանակցողն այսօրվա պայմաններում, քաղաքական, դիվանագիտական, ռազմական դիրքային անհավասարության, բանակի ներկա կարողությունների պարագայում ինչպե՞ս է իրադրության հունը փոխելու։

– Բանակցողի փոփոխությունն առաջին հերթին հնարավորություն է, որովհետև ակնհայտ է՝ ներկայիս բանակցողն ակհայտորեն տապալվել է: Ընդ որում՝ Փաշինյանի տապալումն ակնհայտ է և՛ իր թիմի, և՛ իր համակիրների համար: Այլ բան է, որ նրանք սեփական իշխանությունը պահելու խնդիր ունեն և իրավիճակից դուրս գալու որևէ տեղ չտանող քաղաքական ելքեր են փնտրում:

Երկրորդ՝ խնդիրը ոչ միայն բանակցությունների տապալումն է, այլև պետությունը կենսունակությունից զրկելը, ինչը Հայաստանին արդյունավետ գործելու որևէ հնարավորություն չի տալիս:

Ընդդիմությունը 3 խոշոր փորձ է արել՝ իշխանություն փոխելու և, ըստ էության, իրավիճակ փոխելու համար, սակայն մինչ այս պահը, ցավոք, դեռ չի ստացվել: Բայց այնպես չէ, որ իշխանություն փոխելու հնարավորություն այլևս չկա:

– Ի դեպ, ինչո՞ւ ՀՀ նախկին նախագահների, այսպես ասած, ճգնաժամային «պայքարը» չհաջողեց, և ինչո՞ւ են հիմա լուռ…

– Չեմ կարծում, որ բոլորը լուռ են: Համենայնդեպս մեր քաղաքական առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, իր բոլոր հնարավորությունները մշտապես դրել է հանուն Հայաստանի ու Արցախի՝ անկախ իր կարգավիճակից:

Տարբեր առիթներով հանդես է եկել հայտարարություններով, Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակվելուց հետո անձամբ մասնակցել իր գլխավորած ուժի՝ ՀՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքին, որը կառավարության դիմաց էր:

Երրորդ նախագահի ակտիվությունը դրսևորվում է նաև իր թիմակիցների ակտիվությամբ ու գործունեությամբ, իսկ ՀՀԿ-ն այսօր քաղաքական դաշտում գործող ամենաակտիվ ուժերից է:

Մենք այսօր բավականին օպերատիվ աշխատում ենք արցախյան քաղաքական ուժերի, դերակատարների հետ և բոլոր՝ մեզ հասու միջոցներով, փորձում ենք մեր նպաստը բերել հանուն Արցախի մղվող պայքարում:

Ներողություն եմ խնդրում, բայց որևէ մեկն ինձ չի լիազորել խոսելու 1-ին ու 2-րդ նախագահների անունից, և այս առումով զերծ կմնամ մեկնաբանություններից:

– Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ի ասուլիսից հետո սոցցանցերում նորից հիշեցին գեներալներին, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, թեպետ Փաշինյանի՝ լրագրողների հարցերին տրված պատասխաններից մեկում էլ ԳՇ նախկին պետին ուղղված մեսիջ կար թաքնված: Հետահայաց գնահատելով՝ ի՞նչ կարող էին անել գեներալները, ԳՇ-ն, որ չարեցին: Եվ այսօր ի՞նչ կարող է անել գեներալիտետը, երբ նրանցից ոմանք տարբեր քրեական գործերով են անցնում, կամ կարող են անցնել:

– Ոչ միայն բարձրագույն սպայական կազմին, այլ Հայաստանի կառավարման համակարգի շատ դերակատարների թվում էր, որ Փաշինյանին հնազանդվելով, նրան անձնական ծառայություն մատուցելով, սեփական կաշին մի կերպ կփրկեն:

Այնինչ ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանն իր իշխանությունը պահելու ճանապարհին պատրաստ է զոհել նույնիսկ իր մտերիմ անձանց, ոչ միայն պաշտոններից, քաղաքական էլիտայից հեռացնելով, այլև ամենաստոր միջոցներով պատժելով:

Շատերն արդեն իրենց մաշկի վրա դա զգացել են, զղջացել են, սակայն արդեն գնացքը գնացել է:

Տեսանյութեր

Լրահոս