ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը մտահոգությամբ է հետևում իրավիճակին. ՊՀԾ հայաստանյան գրասենյակ
Արցախն արդեն 27 օր կտրված է աշխարհից: Արդեն 27 օր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, փակ է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հրահանգավորված, այսպես կոչված, էկո-ակտիվիստների կողմից: Արդեն 27 օր Արցախը զրկված է պարենի, վառելիքի, դեղորայքի, մանկական կերի համալրումից, երկրում արդեն սուղ են միջոցները, խանութներն ու դեղատները դատարկ են, մարդիկ երթևեկելու համար վառելիք չունեն:
Եվ թեպետ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին Կարմիր խաչի մեքենաներով 10 տոննա հումանիտար բեռ (սնունդ և դեղորայք) է տեղափոխվել Արցախ, հասկանալի է, որ մինչ շրջափակումն օրական 400 տոնա բեռ ստացող Արցախի Հանրապետության համար սա չնչին թիվ է:
Այս իրավիճակում շատերն են նշում, որ Հայաստանը պետք է դիմի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի համաշխարհային ծրագիր (ՊՀԾ)-ին:
Ի դեպ, ՊՀԾ-ն տարածաշրջանում միակ գրասենյակն ունի Հայաստանում: Ոչ Ադրբեջանում, ոչ Վրաստանում գործող գրասենյակ ծրագիրը չունի:
ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է և համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի և պարենի անվտանգության առաջամարտիկը։
Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ ամեն պահի ՊՀԾ-ն ունի 30 նավ՝ ծովում, 70 օդանավ՝ երկնքում, և 5 հազար բեռնատար՝ ցամաքում, որոնք սնունդ և օգնություն են հասցնում այնտեղ, ուր դրա կարիքն ամենից շատ է զգացվում:
ՊՀԾ-ն 1993 թվականին` անկախության պայմաններում, սկսելով իր գործունեությունը Հայաստանում, տեղահանված անձանց և փախստականներին տրամադրել է հսկայածավալ պարենային օգնություն։
168.am-ը դեռևս հունվարի 5-ի առավոտյան դիմեց Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյակ գրասենյակ՝ փորձելով պարզել՝ արդոք ՀՀ կառավարությունը դիմե՞լ է ծրագրին՝ ստեղծված իրավիճակում Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու համար, և առհասարակ կա՞ն դիմումներ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված Արցախում հումանիտար աղետը կանխելու հետ, և ի՞նչ ընթացք է տրված դրանց:
Մեզ խոստացան պատասխանել օրվա ընթացքում: Ժամեր անց՝ արդեն երեկոյան, ՊՀԾ գրասենյակի աշխատակիցն ասաց, որ այդ թեմայով ԱԳՆ-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել, և իրենց պատասխանը դրանից չի տարբերվելու:
Քանի որ հայտարարության տեքստին զրույցի պահին ծանոթ չէինք, ասացինք, որ կհրապարակենք այն, բայց հղումը տալով ՊՀԾ հայաստանյան գրասենյակին, քանի որ հարցումը մենք ոչ թե ԱԳՆ-ին, այլ իրենց ենք ուղղել:
Գրասենյակից, սակայն, ասացին, որ իրենք մեզ կպատասխանեն իրենց անունից: Այսօր ՊՀԾ հայաստանյան գրասենյակից 168.am-ին ասացին, որ հարցին չեն կարող պատասխանել, սակայն նշեցին, որ ՊՀԾ-ն հայտարարություն է նախապատրաստում, որը կտարածի մոտ օրերս:
«Հայաստանի կառավարությունը հստակ է եղել իր դիրքորոշման և միջազգային հանրությանն ուղղված խնդրանքների մեջ, այդ թվում՝ վերջին օրերին հրապարակայնորեն և ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ ՊՀԾ-ն մտահոգությամբ է հետևում իրավիճակին և արձագանքում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին կարարված հայտարարություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության բաժնի ղեկավար Գոհար Սարգսյանը:
Իսկ հիմա՝ ԱԳՆ հայտարարության մասին, այսինքն՝ ոչ թե հայտարարության, այլ, ինչպես պարզվեց, Radar.am-ի միջոցով կատարված «սլիվի» մասին:
ԱԳՆ մամուլի քարտուղարին ուղղվել է հետևյալ հարցն ու ստացվել այս պատասխանը:
Հարց. Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանն օգնություն տրամադրելու խնդրով։ Արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։
Պատասխան. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար։
Բնականաբար, պատասխանից ակնհայտ է, որ չեն դիմել, այլապես ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը կասեր՝ այո՛, դիմել ենք:
Ինչևէ, ՊՀԾ-ի սպասվող հայտարարությունը շատ հարցերի պատասխաններ կտա: