«Չենք կարողանում մեր տուն գնալ, այդ պատճառով էլ որոշեցինք Ամանորը դիմավորել «Եռաբլուրում». ակնկալում ենք, որ մեզ մեծ թվով մարդիկ կմիանան». Մարիամ Բաբայան
19-րդ օր է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, հարյուրավոր արցախցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տուն։
Արցախցի այն երիտասարդները, որոնք այս պահին գտնվում են Հայաստանում ու չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, Ամանորը կդիմավորեն «Եռաբլուրում»։ Երիտասարդները դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Երևանի քաղաքապետարանից մոմավառությամբ քայլերթ կիրականացնեն դեպի «Եռաբլուր» և այնտեղ կդիմավորեն Ամանորը։
Արցախցի Մարիամ Բաբայանը, ով ակցիայի կազմակերպիչներից է ու այն հարյուրավոր երիտասարդներից մեկը, որ ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ իր տուն, Ամանորը կդիմավորի «Եռաբլուրում»։
«Մեր քայլերթին կմասնակցեն ոչ միայն արցախցիները, այլև երևանաբնակները, ովքեր ցանկացել են միանալ մեզ։
Ամանորին բոլորն իրենց տանն են լինում, ընտանիքների կողքին, իսկ մենք չենք կարողանում մեր տուն գնալ, այդ պատճառով էլ որոշեցինք Ամանորը դիմավորել «Եռաբլուրում»։ Ակնկալում ենք, որ մեզ մեծ թվով մարդիկ կմիանան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարիամ Բաբայանը։
Նրա խոսքով՝ այս պահին արցախցի երիտասարդները միայն այս ակցիան են կազմակերպել, ընթացքում կհասկանան, թե էլ ինչ կարող են անել։
«Մեր ընտանիքների հետ ամենօրյա կապի մեջ ենք, նրանց տրամադրությունը լավ է, բայց ժամանակի ընթացքում տրամադրությունների անկում է լինում։ Բոլորս էլ անորոշ վիճակում ենք գտնվում»,- հավելեց Մ. Բաբայանը։
Հարցին՝ հույս ունե՞ք, որ գոնե վաղը ճանապարհը կբացվի ու կվերադառնաք տուն, Մարիամ Բաբայանը պատասխանեց.
«Ես հստակ որևէ պատասխան չունեմ, որովհետև այս ամենը գնալով ավելի է խորանում։ Իհարկե, հույսը կա, բայց չեմ կարող ասել՝ առաջիկայում այդ ճանապարհը կբացվի՞, թե՞ ոչ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:
Մանրամասները տեսանյութում