«Ձմեռ պապին նվերները կարողացել է ուղարկել, դու խի՞ ինքնաթիռով չես գալիս»․ Արցախում մնացած փոքրիկները սպասում են Երևանում գտնվող մորը

«Ամանորյա հրաշք կլինի, որ ճանապարհը բացվի, գնամ տուն, հասնեմ երեխեքիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում Մատաղիսի մատույցներում զոհված 29-ամյա սպա Սերգեյ Մուրադյանի կինը՝ Աննա Մուրադյանը, որն արդեն 20 օր  չի տեսել երեխաներին, նրանք մնացել են Արցախում՝ շրջափակման մեջ, իսկ ինքը Հայաստանում է։

Աննայի որդիներին՝ 3-ամյա Գարեգինին և 6 տարեկան Գուրգենին, տատիկներն են պահում, ամեն ինչ անում են, որ երեխաները չնեղվեն մոր բացակայությունից, մինչև ճանապարհը բացվի։

«Փոքրս մանկապարտեզ չի գնում, տրամադրություն չունի, անընդհատ լացում է, չեն տանում, մեծս էլ, դե, առաջին դասարանում է սովորում, արձակուրդ է, տանն է։ Երեխեքս կարոտում են, արդեն իրենք էլ են տարբերակներ մտածում, թե ինչ կարելի է անել, որ հասնեմ իրենց։ Երեկ մեծ տղաս ասում է՝ չեմ հասկանում, ճանապարհը մեքենայի համար է փակ, բա ինքնաթիռով չե՞ս կարող գաս։ Հիմա էլ պետք է երեխուն բացատրես, որ դա վաղուց է փակ, անհույս մի տարբերակ էլ դա է։ Այդպես իրենք էլ իրենց հերթին տարբերակներ են մտածում․․․ 6 տարեկան երեխա՞ն պետք է տարբերակ մտածի»,- ասաց արցախցի կինը։

Աննան ասում է, որ այս ընթացքում դիմել է Կարմիր խաչի գրասենյակ, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և իրեն մի ձև տեղափոխեն Արցախ՝ երեխաների մոտ, բայց պատասխանել են, որ այդ հարցերով իրենք չեն զբաղվում․

Կարդացեք նաև

«Ոչ մի հույսի կտոր չկա, չգիտենք, թե ինչի վրա է մեր հույսը․․․ Չեմ հասկանում, Կարմիր Խաչը, ՄԱԿ-ը լիազորություններ չունե՞ն, որ շրջափակման այս կողմում մնացած մարդկանց տեղափոխեն իրենց տուն՝ Արցախ։ Ես չեմ ասում՝ այնտեղից բերեն, այլ այստեղից ուղարկեն տուն»։

Արցախցի կնոջը հարցրեցինք, թե ի՞նչ վիճակ է հիմա տանը, արդյոք բավարար սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ կա՞ն․

«Մոտ մեկ շաբաթ առաջ Արցախի Սոցապ նախարարությունից զանգել էին, հարցրեցին՝ ի՞նչ է պետք, ասացի՝ բան պետք չի, բայց այսօր արդեն ես զանգեցի, ասացի, որ շատ բաներ սպառվում են՝ պեսոկ, ձեթ, հիգիենայի պարագաներ, լվացքի փոշի և այլն։ Այնպես չի, որ այս պահին սոված են և բացարձակ ուտելու բան չկա, բայց դե, սպառվում է»։

Արդյոք ստեղծած իրավիճակում երեխաներն ամանորյա տրամադրություն ունե՞ն, նամակ գրե՞լ են Ձմեռ պապիկին, հարցրեցինք Աննա Մուրադյանին․

«Ճիշտն ասած՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների, ազատամարտիկների միությունը դեռ մինչև շրջափակումը երեխաներին նվերների համար հերթագրել էր։ Երեկ ինձ նկարներ ուղարկեցին, որ նվերները հանձնել են երեխաներին։ Իրենք սպասում էին, որ ճանապարհը բացվի, ներկայացում լինի՝ Ձմեռ պապիկ և այլն, նախորդ տարի այդպիսի միջոցառում էին կազմակերպել, բայց այս տարի ճանապարհի փակ լինելու պատճառով չեղարկվեց․․․

Երեխեքը հարցրել են՝ բա, որ ճանապարհը փակ է, էս նվերները ո՞նց է բերել Ձմեռ պապին, ասել են՝ Ձմեռ պապին մի ձև կարողացել է ուղարկել։ Այդ խոսակցությունից հետո է տղաս մտածել ու 2 օր հետո ինձ հարցնում՝ բա որ Ձմեռ պապին նվերները կարողացել է ուղարկել, դու խի՞ ինքնաթիռով չես գալիս։ Իրենց միտքն անընդհատ դրանով է տարված, որ՝ մաման ո՞նց է գալու, ճանապարհը փակ է, տարբերակներ են մտածում»։

Արցախցի կինը, որ դեկտեմբերի 9-ին էր եկել Հայաստան, Եռաբլուր՝ ամուսնու շիրմին այցի, մեզ հետ զրույցում ասաց՝ ամեն տարի դեկտեմբերի 31-ին Արցախից գալիս էին Եռաբլուր զինվորական պանթեոն և գիշերը իրենց հարազատների մոտ դիմավորում Նոր տարին։ Հիմա, երբ ճանապարհը փակ է, Արցախի ծանոթներն ու մտերիմները, որոնք հարազատներ ունեն Եռաբլուրում, իրեն են խնդրել, եթե ճանապարհը մինչ այդ չբացվի՝ նրանց շիրիմներին էլ այցելի։

«Սաղ հերթով գրում են, եթե ճանապարհը չբացվի, մեր փոխարեն դու գնա մեր հարազատների շիրիմին այցի։ Եթե ճանապարհը չբացվի՝ գիշերը Եռաբլուրում եմ անցկացնելու, ոչ միայն ամուսնուս շիրիմի մոտ, այլև բոլոր ծանոթներիս հարազատների շիրիմների մոտ, չնայած հիմա էլ եմ գնում, մաքրում, ծաղիկներ խոնարհում․․․»։

 

Տեսանյութեր

Լրահոս