«Երբ բարոյական արժեքները բացակայում են, կամ դրանից մարդը հրաժարվում է, տակը, կներեք, մնում է փալասը». Սամվել Թադևոսյան
18 օր է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Հայաստանյան հասարակության մի քանի հատվածներ, որոնք այս օրերին փորձել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի բացվի Բերձորի ճանապարհը, ինչ-ինչ պատճառներով նրանց փորձել են շեղել։ Օրինակ, արցախցի երիտասարդները, երբ Երևանում բողոքի ակցիա իրականացրեցին, 2-3 օր անց ՊԵԿ-ը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներից երկու անձ հանդիսավարության համար գումար են վերցրել, սակայն ՀԴՄ չեն տպել։ Հասարակության մի մասն էլ կա՛մ անտարբեր է, կա՛մ առաջնորդվում է այն կարծրատիպով, որ «որևէ բան չենք կարող փոխել»։
168.am-ի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմի մասնակից, ռեժիսոր, սցենարիստ, վավերագրող Սամվել Թադևոսյանն ասաց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ դավադրության մի մասն է, որը վաղուց են պատրաստել, և այս համատարած անտարբերությունն արդեն ողբերգություն է։
«Բժշկից տուն եմ գալիս, նայում եմ այն մարդկանց, որոնք հիստերիայի մեջ առևտուր են անում։ Ես դեմ չեմ Ամանորին կամ այլ տոնի, բայց այդպես չի լինում, որ ընտանիքի մի մասը սգի մեջ լինի, մի մասը՝ խրախճանքի, սա աննորմալ մի բան է, որից շատ վատ հոտ է գալիս։
Նաև պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ լավ բան չեմ սպասում։ Մենք շատ ենք խոսում ուրիշների մեղքերից, բայց մենք որքան կարողացանք՝ մսխեցինք Արցախը, մենք բարոյապես այդ չքնաղ երկիրը վաղուց էինք տվել։ Այս իշխանությունը եկավ այդ հրահանգով ու պայմանով ու ամեն ինչին իրավական տեսք տվեց։ Եթե երկրի ղեկավարն ասում է, որ՝ երբ ինձ թուրք են ասում, ես չեմ վիրավորվում, ապա սա, խոսակցական լեզվով ասեմ՝ վերջն է, սա բարոյական անկման վերջն է։ Հազար տարի ճշտված է, որ թուրքը, որը մարդատեսակ է ու ամեն օր քեզ սպանում է, ներխուժում է քո երկիր, ու այդքանից հետո խաղաղություն ես մուրում, ապա ես չգիտեմ՝ սա ինչ է։ Ես չեմ կարող ասել, որ այս վարչակարգի բոլոր անդամները խելագար են կամ դերասան՝ ոչ, դա լրիվ ուրիշ բան է, նման բանի ես երբեք չեմ հանդիպել։ Գիտեք, դավաճանությունն էլ է իր արմատական հիմքերն ունենում՝ մարդկային թուլություն, վրեժխնդրություն և այլն, բայց այս մակարդակի բա՞ն՝ սա արդեն անհասկանալի է»,- նշեց Սամվել Թադևոսյանը։
Նրա կարծիքով՝ գալու են արդար ժամանակներ, և տեղի ունեցողի հեղինակների առումով պիտի հասկացվի, թե ով որքանով է հայադավ եղել, սակայն վախենում է, որ շատ հարցերում հայ ազգն ուշացել է։
«Սա կանխամտածված պատմություն է, նման բան չի եղել, որ գնաս պատերազմի՝ կանխավ պարտության խարանը քեզ վրա։ Բերձորը, որ այդպես սուսուփուս տվեցին, կրկնում եմ՝ ամբողջ ծրագրի մի մասն էր։ Այն մարդիկ, որոնք համաձայնություն տվեցին, որ կկատարեն իրենց տերերի հանձնարարություններն ինչ-ինչ բաների դիմաց, գուցե «Նոբելյան» մրցանակի կամ մեծ գումարի դիմաց, այդ մարդիկ այդ քայլին գիտակցորեն են գնացել։ Այս ամենի մասին սթափ ուղեղով ու աչքով նստել-պայմանավորվել են, դրա վրա այնքան եմ մտածել, որ մեկ-մեկ ինձ թվում է՝ դրան ներկա եմ եղել ու նույնիսկ կարող եմ դիալոգը գրել։ Հետո այս տղային ասել են՝ ինչպես պայմանավորվել ենք, այդպես էլ կլինի, բայց «գցեցին», ու այս մարդը մեր հազար տարվա թշնամուն ասաց՝ այո, մենք եղբայրներ ենք, դու գրագետ տղա ես և այլն»,- հավելեց Սամվել Թադևոսյանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ նշված էր՝ երկու կողմերի զորքերը կանգնում են այն հատվածներում, որտեղ այդ պահին կանգնած են։ Այդ ժամանակ Բերձորն էլ, Քարվաճառն էլ հայկական հսկողության տակ էին։ Այսինքն՝ ստացվում է, որ այս ամենը լուրջ դավադրություն է, որին ուղղակիորեն մասնակից են Հայաստանի՝ իրենց այսպես հռչակած տերերը։
«Եթե պատմաբանները խորամուխ լինեն, թե ինչ ջանքեր ներդրվեցին, ինչ կյանքեր գնացին զոհաբերությունների՝ Քարվաճառ, Բերձոր և առհասարակ ամբողջական Արցախն ազատագրելու համար, կտեսնենք ահռելի մեծ կորուստը, վախենամ՝ սա դեռ սկիզբն է ավելի մեծ ողբերգության։ Մենք խելքի չենք գալիս, մարդը կազմված է մսից և հոգուց, բարոյական արժեքներից, երբ բարոյական արժեքները բացակայում են, կամ դրանից մարդը հրաժարվում է, տակը, կներեք, մնում է փալասը։ Բայց սա չէ մեր խորհուրդը, խիստ պատճառաբանված է, որ Հայաստան լինի ու հայ, սա աստվածահաճո բան է, միստիկ կամ կրոնական բաներ չեմ ասում, բայց հիմա մեր տեսակը, հազար ներողություն, այլասերվում է։ Իսկ ինչը չես պահպանում՝ փոշիանում, գնում է»,- նշեց Սամվել Թադևոսյանը։
Ի դեպ, 1992 թվականին Բերձորի ազատագրման ժամանակ Սամվել Թադևոսյանն առաջիններից է եղել, որ մտել է քաղաք՝ վավերագրելով հայերի մուտքը քաղաք։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է։