
Այդ տղան կրկին ստում է. երկիրն այնպես կարող է պարալիզացվել, որ իշխանությունները «մկան ծակ» փնտրեն». Սամվել Թադևոսյան

ՀՀ իշխանություններն Արցախը հանձնելու համար նոր արդարացում են գտել ու հրամցնում են հայ հասարակությանը։ Ըստ նրանց ՝ «Արցախն ուրացել են, որպեսզի պաշտպանեն Հայաստանը», սակայն մոռանում են ասել, որ Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանի Զինված ուժերը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, Արցախի ուրացումից հետո Ադրբեջանի պահանջներն ու ճնշումները մեծացել են։ Այս ամենին զուգահեռ՝ ՔՊ-ականները նաև չեն մոռանում ասել, որ «2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու են և կրկին ձևավորեն միանձնյա իշխանություն», իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո բոլոր խնդիրները լուծվելու են, հայությունը կապրի «խաղաղ ու անվտանգ»։
Վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի բնորոշմամբ՝ իշխանությունը, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը, շարունակում է ստել։
«Այդ տղան կրկին ստում է, ուզում է մի քիչ էլ երկարացնի իր տխուր իշխանությունը։ Նախ՝ Արցախից հրաժարվողների մասով. պիտի գանք արդար ու ազնիվ ժամանակների, և այդ մարդիկ պիտի դատվեն և ստանան դավաճանին հատուկ պատիժ։ Ինքս այդպես եմ հասկանում, իրավաբաններն ավելի գրագետ պատասխան կտան այս մտահոգությանը։ Արցախից հրաժարվել իբր թե ի շահ Հայաստանի՝ սրա 2-րդ բլեֆն է, որովհետև ցանկացած հանցագործի, նույնիսկ պղծություն կատարած հանցագործին, երբ ասում ես՝ մեղավոր ես, ասում է՝ չէ։ Իսկ սրանք մի խնդիր ունեն՝ Հայաստանը տանեն վերջնական կործանման, այս խնդիրը սրանց առջև դրել են, իրենք էլ համաձայնել են լինել կամակատարներ։ Չգիտեմ, թե ինչ շահով, փողի՞, երկար իշխանության մնալո՞ւ, թե՞ Նոբելյան մրցանակ ստանալու, որովհետև մարդու անելիքը դրդապատճառ ունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Թադևոսյանը։
Ըստ նրա, անկախ դրդապատճառից, դավաճանները վերջում դատվելու են, իսկ «խաղաղության պայմանագիրը» Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական բլեֆն է, որին մասնակցում է ՀՀ իշխանությունը։
«Բլեֆ է դա, որին միացել են այս հավերը՝ «վառեկները», որոնք ուղղակի ունեն մարդկային կերպարանք։ Մենք հազար տարի ապրել ենք այդ ազգի կողքին, ու հազար անգամ մեզ խաբել են, կոտորել։ Ինքս քաղաքագետ չեմ, հասարակ հայ մարդ եմ ու իմ հասկանալով՝ այս եղանակով փորձում են հերթական անգամ Հայաստանը զրկել իր պետականությունից։ Բայց կլինի ժողովրդի ցասումը, այս ցասումը մինչև այժմ զսպել են այն ուժերը, որոնք իրենց սեփական ու խմբային շահն են առաջ տանում։ Վստահ եմ, նրանք ծածուկ գործում են օրվա իշխանությունների հետ։ Բայց կրկնում եմ՝ ժողովրդի համբերությունն անսպառ չէ։ Իհարկե, երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, արդյունքն է ուզում տեսնել, իր կորցրած զավակից հետո ազատագրված Արցախ է ուզում տեսել։ Անկասկած, Հայաստանում կան առողջ ուժեր, բայց դեռ կրիտիկական մասսա չեն կազմում։ Կան ուժեր, որոնք չեն թողնում, որ մի ազգային ու մտահոգ ուժ իրական քայլեր իրականացնի, խանգարում են»,- շեշտեց Սամվել Թադևոսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ընտրություններում կան բազմաշերտ բլեֆներ՝ կաշառքից մինչև իշխանական ուժի գործադրում, օրինակ՝ ուսումնական հաստատություններում մարդիկ չեն ուզում աշխատանքը կորցնեն, ձայն են ապահովում։
«Պարզ է, որ այսքանից հետո ՔՊ-ականները վստահ են, որ իշխանություն կստանան, թեպետ իրենք չէին էլ ասի, որ կասկածում են իրենց շանսերի վրա։
Ես արդեն ասացի ժողովրդի ցասումի մասին, որ երկիրն այնպես կարող է պարալիզացվել, որ իշխանությունները «մկան ծակ» փնտրեն։ Այնպիսի իրավիճակ կլինի, որ այս ոստիկանները, իշխանությունների «տելախրանիտելները» շուռ են գալու ժողովրդի կողմ՝ մտավորականներն ու իրավական դաշտի ներկայացուցիչներն էլ՝ նրանց հետ։ Եթե սրանք մի անգամ էլ հաղթեն, պետք է կոլխոզի դռները փակենք ու գնանք։ Ինքս ժողովրդին եմ հավատում, ոչ թե ՔՊ-ականների հայտարարություններին. հաջորդ ընտրություններում ձախողելու են։
Ժողովրդին չեմ մեղադրում, էլ ի՞նչ աներ, ընտանիք կա՝ 2 որդի է հուղարկավորել, ընտանիք կա՝ միակ զավակին է տվել։ Մեղավորներն անկասկած արկածախնդիրներն են, որոնք ձգտում են չթուլացնել իրենց խմբակային շահերը և այդ ամենի արանքում մոռացության են տվել Հայաստանին»,- ընդգծեց Սամվել Թադևոսյանը։