Միջանցքի պարտադրանքի մասին պնդումները ևս ֆեյք են. տրամադրեք փաստեր. Մարիա Զախարովան՝ ՀՀ իշխանություններին

Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պնդմանը, թե Հայաստանը ենթարկվում է ճնշումների Միութենական պետությանը միանալու համար, ինչպես նաև խոսակցություններին, թե ՌԴ օրակարգում կա միջանցքի հարց, հերքեց ռուսական պարտադրանքի մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները:

Մարիա Զախարովան նախ հռետորական հարց ուղղեց, որը ներկայացնում ենք բառացի. «Իսկ կարելի է հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտում, կարմիր գինու բաժակի շուրջ կամ կոպիտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանատիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր, և, ի դեպ, կոնկրետ երկիր են նշում: Բարի եղեք, ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ չինովնիկներից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»:

Զախարովան հավելեց, որ այս ամենը վերաբերում է նաև պնդումներին, թե ՌԴ-ն պարտադրում է  Երևանին իր վերահսկողությունից դուրս միջանցք ՀՀ տարածքով:

Նա վստահեցնում է՝ դա ֆեյք է, որի մասին բազմիցս խոսվել է:

Մարիա Զախարովան մեջբերեց 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը՝ ասելով, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով այդ երթուղին անցնում է, և սա չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս