Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով
Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», – ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։
«Մենք ցույց ենք տվել մեր «բաց լինելը» (չակերտները՝ Tert.am) գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց «կողմնակալությունը» (չակերտները՝ Tert.am) և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու «անկարողությունը» (չակերտները՝ Tert.am): Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», – ընդգծել է Բայրամովը:
«Ընդհանուր առմամբ, մենք չենք բացառում երկկողմ հանդիպումները (հայկական կողմի հետ) ապագայում: Դա հնարավոր է, և մենք բազմիցս առաջարկել ենք դա, կամ հանդիպում եռակողմ կամ այլ ձևաչափերով»,- հավելել է Բայրամովը։