Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամին և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարն ամփոփում է Ռուսաստանի դիրքորոշման ուսումնասիրությամբ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խորացման հարցում։
Հարավային գազային միջանցքով մատակարարվող և նախատեսվող տարեկան առավելագույնը 10 մլրդ մ³ գազը կազմում է ԵՄ սպառման ընդամենը 2,5%-ը, իսկ ՌԴ տարեկան միջին մատակարարումներից փոքր է ավելի քան 15 անգամ։ Սակայն ներկայումս, երբ ԵՄ-ն զգալիորեն կրճատել է ՌԴ-ից ներմուծվող բնական գազի ծավալները, իսկ Եվրոպայում բնական գազի ցանկացած նոր, թեկուզ ոչ այնքան մեծ այլընտրանքային ռեսուրս կարող է էական ազդեցություն ունենալ շուկայի վրա, ՀԳՄ-ը, անշուշտ, հայտնվել է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ 2022թ․ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից դեպի ԵՄ և Մեծ Բրիտանիա բնական գազի մատակարարումները միայն 2 անգամ են գերազանցել ադրբեջանական մատակարարումների ընդհանուր ծավալը։
Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը ԵՄ-ին վաճառած բնական գազի դիմաց ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2021-ին ՌԴ-Ադրբեջան ամբողջ առևտրաշրջանառությունից։
Արևմուտք-ՌԴ հակամարտության համատեքստում Եվրոպայում բնական գազի հետ կապված ճգնաժամը Ռուսաստանի համար առաջին հերթին քաղաքական ենթատեքստ ունի, ուստի ցանկացած այլընտրանքային աղբյուր, որը լրացնում է ռուսական մատակարարումների կրճատման արդյունքում առաջացած պակասուրդը, ուղղակիորեն վնասում է ՌԴ շահերը։
Դեպի ԵՄ ռուսական էներգակիրների ուղիղ մատակարարման գրեթե բոլոր խողովակների սառեցումը Մոսկվային ստիպում են անուղղակիորեն եվրոպական շուկա սողոսկելու այլընտրանքային ուղիներ փնտրել, և ադրբեջանական ու թուրքական ենթակառուցվածքները կարող են այս տեսանկյունից օգտակար լինել։ Բացի այդ, ռուսական էներգետիկ հսկաները էական ներգրավվածություն ունեն Ադրբեջանի գազի արդյունահանման կարևորագույն նախագծերում։ Այսպես, ռուսական «Լուկոյլը» հանդիսանում է Ադրբեջանում գազի արդյունահանման ամենախոշոր՝ «Շահ Դենիզ» նախագծի շուրջ 20%-ի բաժնետերը՝ զիջելով միայն նախագծի օպերատոր «Բրիթիշ Փեթրոլիում»-ին, որը վերահսկում է բաժնեմասերի շուրջ 30%-ը։ «Լուկոյլը» նաև տիրապետում է ՀԳՄ առաջին բաղադրիչի՝ Հարավկովկասյան գազատարի բաժնեմասերի 10%-ին։
Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում․ մի կողմից՝ մասնակցային մոտեցմամբ փորձում է դրանք իր համար որոշակիորեն վերահսկելի դարձնել, մյուս կողմից՝ զսպել այդ նախագծերի վերաճումը ռազմավարական այնպիսի մասշտաբների, որոնք կարող են մարտահրավեր նետել ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։
ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խորացման հարցում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտվել եվրոպական շուկայից լրացուցիչ եկամուտներ ստանալու՝ ադրբեջանական սողանցքից, իսկ երկարաժամկետ հեռանկարում կանխել թուրք-ադրբեջանական նախագծերի աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքները կամ սեփական մասնակցությամբ դրանք վերահսկելի դարձնել։
Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի համատեքստում ձգտում է բնական գազի միջազգային շուկայում ՕՊԵԿ-ին համարժեք կազմակերպություն ձևավորել, որի առանցքում պետք է լինի Ռուսաստան-Իրան-Կատար համագործակցության նոր ձևաչափի հիմնումը։
Էներգետիկ ոլորտում ՌԴ-Ադրբեջան հետագա համագործակցությունը կամ մրցակցությունը կախված կլինի նաև նրանից, թե արդյոք Ադրբեջանը համագործակցային մոտեցում կցուցաբերի ոլորտում ռուսական կողմի հնարավոր նախաձեռնություններում, թե հանդես կգա ավելի շատ դրանք խաթարելու՝ արևմտյան շահերի սպասարկման դիրքերից։
«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ