«Սուրճ՝ թավշյա բուրմունքով»․ Ռուբեն Վարդանյանի դեմ պայքարի հայ և ադրբեջանցի շահառուները

Լաչինի միջանցքի փակմանը հաջորդած մի քանի օրերի հարաբերական լռությունից հետո իսկական արշավ է սկսվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։

Խոսքը նրա նկատմամբ Ադրբեջանի ու ադրբեջանցիների  արշավի մասին չէ, որը դրսևորվում է ամենուր՝ Լաչինի միջանցքի «բնապահպանների» պաստառներից՝ մինչև ՄԱԿ-ի ամբիոն։ Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչությանը, արդեն մի քանի օր է՝ միացել են նաև Հայաստանի «քաղհասարակության» ակտիվ ներկայացուցիչները՝ օղի թորելու արանքում աշխարհաքաղաքականությամբ ու թշնամական թեզերի «փորձագիտական» տարածմամբ զբաղվողներից՝ մինչև պալատական սազանդարների վերածված նախկին դիսիդենտներ։

Նրանց ու ադրբեջանցիների հռետորաբանության և «հիմնավորումների» մեջ, իհարկե, ձևական տարբերություններ կան, բայց բովանդակային ու թիրախի իմաստով նրանք գործում են սինխրոն ու նույնական։ Տվյալ դեպքում խնդիրը Ռուբեն Վարդանյանի անձի նկատմամբ վերաբերմունքը չէ, ոչ էլ նրա անվան շուրջ հյուսվող իրական կամ առասպելային պատմությունները, ոչ էլ անգամ այդ պատմություններում նրան վերագրվող թաքնված մտադրությունները։ Ենթադրենք՝ դրանք բոլորը ոչ թե հորինվածքներ են, այլ իրականություն։ Բայց դրանք քննարկելի են հարաբերականորեն սովորական պայմաններում, քաղաքական դեբատների ընթացքում, բայց ոչ երբեք ֆորսմաժորային իրավիճակում։ Արցախը արդեն 11 օր գտնվում է ճգնաժամի պայմաններում՝ բառի ամենաուղիղ ու իսկական իմաստով։

Այդ իրավիճակում քաղաքական առաջնորդությունն անգամ մղվում է երկրորդ պլան (թեև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեպքում առաջնորդության մասին ցանկացած խոսակցություն ուղղակի ծիծաղ է առաջացնում) և առաջնային է դառնում այն, ինչն անվանում են հակաճգնաժամային կառավարում։ Ակնհայտ է, որ եթե անգամ Ռուբեն Վարդանյանը հակաճգնաժամային կառավարիչ չէ դասական, դասագրքային իմաստով, մարդ է, ով նման ֆորսմաժորային պայմաններում լուծումներ գտնելու ու որոշումներ կայացնելու շատ ավելի մեծ փորձառություն ու գիտելիք ունի, քան որևէ մեկն Արցախում։

Կարդացեք նաև

Խնդիրն այս դեպքում քաղաքական հարթությունում չէ, որտեղ գուցե Ռուբեն Վարդանյանն ունի փորձառության պակաս, կամ, հնարավոր է՝ ենթատեքստային հեռահար նպատակներ։ Այսօր առաջնային է 120 հազար մարդու կենսապահովումը՝ պարենի, վառելիքի, դեղորայքի․․․ բոլոր ռեսուրսների՝ ամեն ժամի խորացող պակասի պայմաններում։

Ակնհայտ է, որ Արցախում այս պահին դժվար է գտնել երկրորդ մեկին, ով Ռուբեն Վարդանյանի ունակությունների հետ համադրելի փորձառություն կարող է ունենալ՝ համակարգերի օպերատիվ կառավարման իմաստով։ Այսինքն՝ այս պայմաններում, ճգնաժամային այս օրերին Ռուբեն Վարդանյանի ներկայությունն Արցախում բացառապես դրական է։ Դրանում համոզվելու համար բավարար է պարզագույն հիպոթետիկ թեստը՝ ի՞նչ կլիներ հիմա Արցախում, եթե այնտեղ չլիներ Ռուբեն Վարդանյանը։ Պատասխանն ակնհայտորեն չի կարող ոգևորիչ լինել, հատկապես հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակներում սրճային ֆոտոսեսիաներ անելու՝ Արայիկ Հարությունյանի տխրահռչակ փորձը։

Որքան ակնհայտ է ստեղծված ճգնաժամային պայմաններում Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում ներկայության դրական նշանակությունը, նույնքան տեսանելի է, որ  նրա դեմ ուղղված ցանկացած քննադատություն այս պահին, այս ճգնաժամային պայմաններում նշանակում է թուլացնել Արցախի ու արցախցիների՝ առանց այդ էլ խոցելի դարձած դիմադրողականությունը։ Նպատակ, որը միանգամայն հասկանալի ու արդարացված է՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների դեպքում, և նույնքան տարակուսելի, բայց կրկին հասկանալի՝ հայկական «քաղհասարակության», ՀՀ իշխանությունների և մերձիշխանական շրջանակի առանձին ներկայացուցիչների պարագայում։

Հասկանալի է՝ նաև այն պատճառով, որ զարմանալի զուգադիպությամբ այսօր Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչություն իրականացնողները Նիկոլ Փաշինյանի ստվերային պաշտպաններն են, որոնց թվում է, թե իրենց այդ առաքելությունը կարողանում են թաքցնել ձևական քննադատության ներքո։

Հարություն Ավետիսյան

Հ.Գ. Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա Արցախից։ Նա չի ասել, բայց հաստատ մտածել է, որ իր այս պահանջը Հայաստանում պաշտպանողներ կան։

Տեսանյութեր

Լրահոս