Ռուբեն Վարդանյանի որոշման հետ որևէ առնչություն չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ․ Սերգեյ Լավրով
«Մենք բոլորս պետք է ելնենք այն հանգամանքից, որ հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունների իրավիճակը բազմակողմ է, պետք է հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի հանրային կարծիքը՝ ադրբեջանական, հայկական, ղարաբաղյան և ռուսական։ Ռուսական հանրային կարծիքը ևս կարևոր է, առավել ևս, երբ տարբեր աղբյուրներից (չեմ կոնկրետացնի՝ որ) ռուս խաղաղապահների հասցեին հնչում են մշտական մեղադրանքներ, մեծամասամբ անհիմն, որոնք աշխատում են չափազանց խրթին պայմաններում»,- այս մասին քիչ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ, այսպես կոչված, «բնապահպանական» խնդրին։
Լավրովի խոսքով, հանքավայրերը շահագործվում են սովետական ժամանակներից, այս հարցը վերջնական լուծելու համար պետք է կնքել Խաղաղության համաձայնագիր՝ վերջակետ դնելով այս իրավական խնդրին։
Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ կամ 10 օր առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ բնապահպանների այց կազմակերպել Ղարաբաղում գտնվող հանքավայրերից մեկը։ «Ցավոք, այդ պայմանավորվածությունը տապալվեց ո՛չ ադրբեջանական կողմի մեղքով, ո՛չ ռուս խաղաղապահների մեղքով, ասվում էր, որ ներկայումս Ղարաբաղի իշխանությունները չեն ցանկանում ընդունել նման պատվիրակություն։
Ես չգիտեմ, թե ով էր այդ որոշման մասնակիցը, բայց Ջեյհուն Ազիզովիչը խոսեց պարոն Վարդանյանի մասին։
Պարոն Վարդանյանը որևէ առնչություն չունի ՌԴ-ի հետ, ՌԴ իշխանությունները նրա հետ չունեն որևէ առնչություն, նրա խնդրանքով նախագահի հրաման է ստորագրվել, նա այլևս ՌԴ քաղաքացի չի հանդիսանում, և Ղարաբաղ ուղևորվելու և այնտեղ քաղաքական կյանքին մասնակցելու նրա որոշման հետ որևէ առնչություն չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ։
Բայց կրկնեմ գլխավորը, պետք է փակել բոլոր մնացյալ հարցերը, որոնք պահպանվում են դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։ Երբ մեր գործընկերներն այս աշնանը հանդիպել էին Պրահայում, Վաշինգտոնում, նրանք ընդունել են հայտարարություն։
Ի դեպ, պետք է ասել, որ դրանք ևս եղել են Երևանի՝ Բաքվի հասցեին դժգոհությունների ֆոնին։ Սակայն դա չխանգարեց ՀՀ ԱԳ նախարարին գնալ Բրյուսել, Պրահա, Վաշինգտոն և զբաղվել կոնկրետ աշխատանքով՝ առանց նախապայմանների։ Սա՝ մեկնաբանության պատմության համար։ Բայց այդ փաստաթղթերում առաջին անգամ Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ամրագրվել է, որ Խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքը հիմնվելու է մի շարք առանցքային սկզբունքների վրա, այդ թվում՝ ՄԱԿ կանոնադրություն և Ալմա Աթայի հռչակագիր։ Սրանով ես չեմ տեսնում մեծ խնդիրներ՝ կոնկրետ պրոֆեսիոնալ կերպով Խաղաղության համաձայնագրի վրա աշխատելու համար»,- նշեց Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք, որ մինչ այդ իր խոսքում Բայրամովն անդրադարձել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ ասելով, որ Վարդանյանի գործունեությունը հանցավոր-արկածախնդիր բնույթ է կրում, դրան պետք է վերջ դրվի։ «Որքան շուտ նա լքի տարածաշրջանը, այնքան լավ կլինի բոլորի համար։ Դրանից տուժում է տեղի բնակչությունը։ Այն խանգարում է վերաինտեգրմանը։ Մինչ նրա հայտնվելը եղել են լավ շփումներ, դրական փաստեր»,- նշել էր է Բայրամովը։