Օվերտոնի պատուհանը փակեք՝ հանկարծ չմրսեք
Արդեն 12 օր է՝ Ադրբեջանը մի խումբ ձեռնասուն, այսպես կոչված, էկո-ակտիվիստների միջոցով փակ է պահում Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ երկիրը կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ:
Արդեն 12 օր Արցախը զրկված է պարենի, վառելիքի, դեղորայքի, մանկական կերի համալրումից: Օրական 400 տոննա բեռ, որ նախկինում մտնում էր Արցախ, այսօր չի մատակարարվում, և այս պայմաններում ինչ է սպասվում մեր 120 000 հայրենակիցներին՝ դժվար է ասել:
Այս պայմաններում ՀՀ իշխանությունները երկու բան են անում՝ մեղադրում են ռուսներին ու հընթացս զբաղվում իրենց սիրելի գործով. ամեն օր բացում են հերթական Օվերտոնի պատուհանը:
ՀՀ իշխանությունների գերխնդիրն այսօր Բերձորի (Լաչինի) միջանցքի խնդիրը և անվտանգային լուրջ մարտահրավերները մոռացության տալն է, մարդկանց ուշադրությունը շեղելը, և այդ նպատակին հասնելու համար դիմում են յուրաքանչյուր, հաճախ անգամ ծիծաղելի, խղճուկ մեթոդների:
Դեկտեմբերի 15-ին հայտնի «դիզելի գործով», որով որպես մեղադրյալ անցնում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, հերթական դատական նիստն էր, և ո՜վ զարմանք, հերթական սովորական այդ նիստը լուսաբանում ու ուղիղ եթերում հեռարձակում էր Հանրային հեռուստաընկերությունը:
Երևի հույս ունեին՝ այդ դատական նիստի ընթացքում, որտեղ վկաների հարցաքննության փուլն է, այնպիսի փաստեր կհնչեն, որ Սերժ Սարգսյանին առնվազն դատարանի դահլիճում կկալանավորեն ու կուղարկեն քրեակատարողական հիմնարկ, ժողովուրդը կզբաղվի դրանով, ու Լաչինի միջանցքի թեման կմոռացվի: Չստացվեց… Այսինքն՝ Հանրային հեռուստաընկերությունում այնքան անտեղյակ են իրավական գործընթացներից, որ որևէ մեկը քաղաքական-լրատվական բլոկի պատասխանատուներին չէր հուշել՝ դատական այդ նիստը բոլորովին իրենց ուզած սցենարով չի գնում, և Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված միակ վկան՝ Սևան Քոչարյանը, դատարանում իր նախաքննական ցուցմունքներից էականորեն տարբերվող ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս:
Ի դեպ, դատական նիստից հետո ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հետաքրքրությանը, ասել էր՝ «Ես նկատեցի նաև, որ պարոն Նախագահի գործով դատական նիստը նաև Հանրային հեռուստաընկերությունն է լուսաբանել. կառաջարկեի, որ միշտ գան և լուսաբանեն այս գործը և հանրությանը ցույց տան, թե ինչ փուչիկ գործի հետ գործ ունենք»:
Տեսնելով, որ սա չի աշխատում, երեկ արդեն նոր լուր դաշտ նետվեց՝ Սերժ Սարգսյանի դուստրերին հրավիրել են Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։
«Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»,- թեմայի վերաբերյալ մեկնաբանություն էր տվել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
Նախկին պաշտոնյաների թեման տաք պահելու համար երեկ մի լուր ևս դրվեց շրջանառության մեջ. «Վ.Ղ.-ն, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն»: Վ.Ղ.-ն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ Ռ.Հ.-ն, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին:
«Դրանից հետո Ռ.Հ.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, դրդել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց»,- ասված էր Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Ռ.Հ.-ն, ինչպես արդեն ուշադիր ընթերցողը հասկացավ, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է, ով, բացի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի անձնավորություն լինելուց, նաև այն եզակի մարդկանցից է, ով հրապարակայնորեն դեռևս տարիներ առաջ ասել է այն ամենը, ինչ մտածում է Նիկոլ Փաշինյանի մասին:
Դրանից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 13-ին, «Ոչինչ, որ Լաչինի միջանցքը փակ է, դուք մի շեղվեք թալանչի նախկինները թեմայից» ռեֆերատի շրջանակում հայտարարվեց, որ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Ոստիկանության նախկին պետի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար: Խոսքը ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի մասին է:
Հետո անցան իրենց կադրերին:
«Ազդարար» հարթակում տեղեկություն տեղադրվեց այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գլխավոր քարտուղար Անի Մխիթարյանը դեկտեմբերի 27-ին հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ասել է թե՝ ապօրինի գույք ունի, այսինքն՝ տեսեք-տեսեք՝ մերոնք-ձերոնք կապ չունեն:
Դա էլ չաշխատեց:
Հանրությունը և հատկապես մեդիադաշտը շարունակում էր ապրել ու աշխատել գերակշիռ մասով Արցախին վերաբերող լուրերի տրամաբանությամբ:
168.am-ը, օրինակ, արդեն 12 օր աշխատում է միայն Արցախի վերաբերյալ լրահոս տրամադրելով իր ընթերցողին, հարցազրույցների գերակշիռ մասը հեռարձակելով ուղիղ եթերի ռեժիմում, միայն Արցախին ու Լաչինի միջանցքին նվիրված բովանդակությամբ:
Իշխանությունները հընթացս նաև կենցաղային հեքիաթի ժանրի պատմություններ էին նետում դաշտ:
Օրինակ, Բերձորի միջանցքի փակումից քիչ անց հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում մի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերվել է մեծաքանակ՝ ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։
Զավեշն ամբողջովին պատկերացնելու համար ներկայացնում ենք «սլիվ արված» տեղեկատվությունը:
Մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական և մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ։
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նշված կանայք, որպես մաքրուհի, հրավիրված են եղել աշխատելու Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը տվյալ պահին եղել է չբնակեցված:
2022թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանք երկուսով մաքրություն են կատարել նշված հասցեում։ Աշխատանքները կատարելուց հետո իրենց հետ վերցրել են նշված բնակարանից հավաքված աղբը, որպեսզի նետեն աղբամանը: Նկատելով, որ աղբը սովորականից ծանր է, հետաքրքրությունից դրդված՝ բացել են այն և տեսել թղթով փաթաթված բազմաթիվ ոսկեգույն մետաղներ։ Համոզված լինելով, որ դրանք ոսկի են, հավասար բաժանել են միմյանց միջև, ապա կանանցից մեկն իր մասնաբաժինը թաքցրել է Կոտայքի մարզի Պռոշյան Երկաթգծի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, իսկ մյուսը՝ նույն մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցում գտնվող տանը:
Անդրադառնանք հաջորդ զավեշտին:
«70 տարեկան տատիկը զանգահարել է իրավապահներին և հայտնել, որ Դավթաշեն վարչական շրջանի աղբամաներից մեկում սխալմամբ աղբի հետ թափել է իր 70 հազար դոլարը: Տատիկն իրավապահներին հստակ մատնանշել է, թե կոնկրետ որ փողոցի, որ վայրում է գցել աղբը»,- գրում է armlur.am-ը:
Իրավապահները կնոջ ահազանգին ընթացք են տվել, գնացել են նրա բնակարան, զրուցել են նրա հետ և նրա այդ հայտարարությանը խիստ կասկածանքով են վերաբերվել, սակայն զբաղվել են կնոջ ահազանգով:
Ավելի ուշ ստուգել են Դավիթաշեն վարչական շրջանի աղբամանը և տեսել են, որ այնտեղ գումար չկա: Որոշ ժամանակ անց ստուգվել են աղբամանի տարածքում գտնվող տեսախցիկները: Տեսախցիկների ստուգման ընթացքում նկատել են մի տղամարդու, որը մոտեցել է աղբամանին և փնտրել է ուտելիք և հագուստ, որից հետո աղբամանից հանել է մի տոպրակ և հեռացել: Ոստիկանություն դիմած տատիկը հետաքննիչներին հայտնել է, որ հենց այդ տոպրակի մեջ էլ գտնվել է իր 70 հազար դոլարը: Արդյունքում ոստիկանները գտել են տղամարդուն և նրա բնակարանից հայտնաբերել են 70 հազար դոլարը:
Թվում է՝ մանր բաներ են, ընթացիկ իրավական գործընթացներ, բայց դրանց տակ չերևացող ակնհայտ ականներ կան: Փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել արցախցիների խնդրից, Արցախի տոտալ շրջափակման հետևանքների գիտակցությունից, և առհասարակ՝ հայ ժողովրդի գլխին այս իշխանությունների ձեռքով բերած կործանարար աղետի գիտակցումից: Հորինված պատմություններ «սլիվ անելով»՝ մարդկանց փորձում են բթացնել՝ շեղելով նրանց ուշադրությունը:
Եվ պատահական չէ, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի շենքից 50 մետր այն կողմ, ուր մեկ շաբաթից ավելի նստացույց էր անում Արցախի պետնախարարի օգնական Արտակ Բեգլարյանը, Հանրապետության հրապարակում տոնական մթնոլորտ է, լույսեր ու չդադարող երաժշտություն:
Ու անգամ այն ժամանակ, երբ արցախցի մեր հայրենակիցը, ՀՀ անձնագիր ունեցող Արցախի մեր քաղաքացին մահացավ փակ ճանապարհի պատճառով Երևան հասնել չկարողանալու պատճառով, Հանրապետության հրապարակում չդադարեց երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մի կարգախոս կար՝ «ամեն ինչ ռազմաճակատի համար»: ՀՀ իշխանությունները վերաձևակերպել են այդ կարգախոսը՝ «ամեն ինչ՝ Արցախն ու արցախցիներին մոռանալու համար»:
Ի դեպ, երեկ էլ Երևանի ողջ տարածքում կարծես նոր շոու բեմադրված լիներ՝ զենք էին փնտրում՝ ցուցադրաբար կանգնեցնելով գրեթե բոլոր ավտոմեքենաները:
Այս ողջ սցենարի համատեքստում հարկ է չմոռանալ նաև գլխավոր դերակատարներից մեկի՝ Աննա Հակոբյանի հրապարակային ցցուն ակտիվությունը, որի դրվագներին այս պահին չենք անդրադառնում:
Սպասենք նոր հեքիաթների կամ մարտաֆիլմերի: