«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ հարյուրհազարանոց հանրահավաք չի կազմակերպվում». Արմեն Բաղդասարյան
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն այն կարծիքին է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից լավագույն դեպքում պետք է սպասել լղոզված կոչ-հորդոր:
«Արցախի խնդիրը և հայ-ադրբեջանական հակամարտությունը աշխարհաքաղաքական հարց է, որովհետև դրա որևէ լուծման դեպքում կարող են ոչ միայն տարածաշրջանում, այլև շատ ավելի լայն մասշտաբով էական փոփոխություններ լինել: Այսինքն՝ սա աշխարհաքաղաքական խնդիր է, և այդ խնդրում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև հակադրվում են: ՄԱԿ ԱԽ-ն լուրջ որոշումներ ընդունում է միայն կոնսենսուսով. այդպիսի կոնսենսուսը բացառված է, դրա համար պետք չէ սպասել այնպիսի կոշտ հայտարարություն, որից անմիջապես հետո Ադրբեջանը կբացի ճանապարհը:
Պետք է սպասել ընդամենը հորդոր, որը պարտադրանքի ուժ չի ունենա, այսինքն՝ ՄԱԿ անվտանգության խորհուրդն ընդամենը կձևացնի, որ խիստ մտահոգված է այս իրավիճակով, Ադրբեջանն էլ իր հերթին կձևացնի, որ՝ այո, հետևում է այդ հորդորին, և ժամանակ առ ժամանակ գուցե մարդասիրական նկատառումներով ինչ-որ մեքենաներ բաց կթողնի: Ավելին պետք չէ ակնկալել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով՝ ադրբեջանցիները երկու խնդրի առջև են կանգնեցնում հայկական կողմին. «Առաջին՝ հումանիտար ճգնաժամ են առաջացնում, երկրորդ՝ Արցախի հարցը քաղաքական խնդիր է, որը շատ ավելի կարևոր է: Պետք է կարողանանք լուծել քաղաքական խնդիրը, որը, ուզենք թե չուզենք, պետք է անեն միայն իշխանությունները, որովհետև դա հնարավոր է անել միայն պետական մակարդակով: Եթե խնդիրը խաղաղության համաձայնագիր ստորագրելն է, դա կարող է անել միայն իշխանությունը, ո՛չ ժողովուրդը, ո՛չ ընդդիմությունը չեն կարող ո՛չ բանակցել, ո՛չ բանակ հզորացնել, ո՛չ զենք բերել և այլն: Պետությունն ունի իր գործառույթները, և իշխանությունները պարտավոր են զբաղվել դրանով: Հումանիտար հարցերի դեպքում կարող են իրենց աջակցությունը ցույց տալ հասարակությունը, լրատվամիջոցները, քաղաքական կուսակցությունները, Սփյուռքը, բոլորս, դրա մեջ մտնում է՝ աշխարհով մեկ աղմուկ բարձրացնելը, հարցը տարբեր հարթակներում բարձրացնելը:
Այստեղ կարող է լինել բոլորիս դերակատարումը, այդ թվում՝ իշխանությունների, բայց ստացվել է այնպես, որ բոլորը լավ կամ վատ իրենց ֆունկցիան կատարում են, բայց իշխանությունն իր բաժին ֆունկցիան չի կատարում, որ պետք է աներ պետական մակարդակով, դա անելու փոխարեն՝ իշխանությունն էլ է անում այն, ինչ հասարակությունը պետք է անի, օրինակ՝ թվիթերյան գրառումներ, ֆլեշմոբեր և այլն»:
Ըստ նրա՝ պետք է կազմակերպել հարյուրհազարանոց հանրահավաք, որը չի անտեսվի աշխարհի կողմից. «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չի կազմակերպվում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում