«Արցախը 30 տարի անկախ է եղել փաստացի. դուք կործանե՛լ եք Արցախը»․ Արծվիկ Մինասյան
«Ազգը պառակտած, ժողովրդի մեջ թշնամիներ փնտրող, Արցախը հանձնող, ժողովրդի արժանապատվությունը գետնին տված իշխանության ներկայացուցիչն ընդդիմությանն է մեղադրում այդ արարքների մեջ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին։
Մասնավորապես իշխանական խմբակցության այն պատգամավորների ելույթներին ու ընդդիմությանն ուղղված քննադատություններին, թե 30 տարի ինչո՞ւ չէին ճանաչել Արցախի անկախությունը, ընդդիմադիր պատգամավորն այսպես պատասխանեց․
«30 տարի Արցախը անկախ է եղել փաստացի, 30 տարի Արցախի բնակչությունն աճե՛լ է, 30 տարի հայ ժողովուրդն աշխարհով մեկ Արցախը դարձրել են իրենց թիվ մեկ մտահոգության առարկան։
Ձեր իշխանության ժամանակ տապալե՛լ եք դա, կործանե՛լ եք Արցախը, հիմա եկել եք այստեղ՝ ո՞ւմ եք մեղադրում, ինչի՞ համար։ Բանակն եք թուլացրել, անվտանգությունն եք ոչնչացրել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։ Հիվանդներից մեկը երեկ մահացել է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում