«Գոնե ով՝ ով, դուք Արցախի հետ հարաբերությունները փողի մի՛ վերածեք»․Գեղամ Մանուկյանը՝ Արմեն Գրիգորյանին
«Դուք վերահաստատո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչպես արձանագրված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հարցրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց, որ դա ասելով չէ, այլ գործով, ինչն իր խոսքով՝ իշխանությունները գործով ապացուցել են։
«Անցած տարի մոտ 200 միլիարդ ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախին, և այդ ֆինանսական աջակցությունը, կարծում եմ՝ տեղյակ եք, որ ոչ միայն սոցիալական, այլև անվտանգության հարցեր է լուծում։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, ես կարծում եմ, որ պատասխանը հստակ է»։
Պատգամավորը նշեց, որ միջազգային պրակտիկայում կան դեպքեր՝ խաղաղություն՝ փողի դիմաց, կամ փող՝ խաղաղության դիմաց, բայց ՀՀ գործող իշխանությունների համար այլևս ծրագրային է դարձել՝ հող՝ փողի դիմաց քայլերը։
«Ինչ խոսում եք Արցախից, խոսում եք՝ փող ենք տալիս, փող ենք տալիս։ Գոնե ով՝ ով, դուք Արցախի հետ հարաբերությունները փողի մի վերածեք, գոնե դո՛ւք, ծնունդով արցախցի՛։ Փողը տալիս են, որովհետև Արցախն ավերվել է, փողը դրա համար են տալիս, փողը տալիս են՝ որպես փրկագին, փողը տալիս են, որ մարդիկ լուռ մնան․․․»։
Արմեն Գրիգորյանը չարձագանքեց Գեղամ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։ Հիվանդներից մեկը երեկ մահացել է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում