Ի՞նչ կարող է անել ԵՄ-ն Լաչինի միջանցքի շրջափակման հարցով

Արցախի շրջափակման հարցով Եվրախորհրդարանի 30 պատգամավորներ դիմել են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն։

«Իմ նախաձեռնությամբ՝ շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցով։ Մենք կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել բնակչության վիճակը մեղմելու համար»,- Twitter-ի իր էջում գրել էր Լոիզոն:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ դժվար է պատկերացնել, թե գործնական ինչ քայլեր կարող է անել ԵՄ-ն իրավիճակի շտկման ուղղությամբ:

Սակայն, նրա խոսքով, ԵՄ-ն միջազգային հանրության շարքում ծանրակշիռ կարծիք ներկայացնող բևեռ է, և նման նախաձեռնությունները նախ բարձրաձայնում են հարցը, որը պակաս կարևոր չէ, և հանդիսանում են ճնշում ԵՄ ղեկավարության նկատմամբ:

«ԵՄ-ն, որքան հասկացա, այս օրերին հետևում է իրավիճակին, ԵՄ-ն ճգնաժամային հարցերով պաշտոնյա էր ուղարկել ռեգիոն՝ խորհրդակցությունների և տեղում իրավիճակը հասկանալու նպատակով: Սակայն ԵՄ-ն և արևմտյան շատ այլ կառույցներ, երկրներ սահմանափակված են նրանով, որ հակամարտության գոտում կան ռուս խաղաղապահներ, և, բնականաբար, ակնկալիքը գլխավոր այն է, որ դա նրանց պատասխանատվությունն է: Այս փուլում նաև բոլորի ուշադրության կենտրոնում այն է, թե Ռուսաստանն իր պատերազմի ֆոնին ինչպես իրեն կդրսևորի այլ ճգնաժամերում, որքան արագ ու տեղին կգործի: Ուստի կա հստակ տարանջատում, թե ինչ կարող է անել տվյալ ճգնաժամային իրավիճակում ԵՄ-ն»,- նշեց վերլուծաբանը:

Նա նաև հիշեցրեց, որ ընդհանուր առմամբ վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ն ակտիվ է եղել Հարավային Կովկասում նախաձեռնությունների տեսանկյունից, ԵՄ-ն դիտորդական առաքելություն ուներ, և կան նույնիսկ խոսակցություններ, որ այդ առաքելության ժամկետը գուցե երկարաձգվի:

«ԵՄ-ն նաև անտարբեր չէ ճգնաժամերի նկատմամբ, հենց այդ նպատակով էլ ուղարկվել էր համապատասխան պաշտոնյա Եվրահանձնաժողովից, և իր իրավասությունների շրջանակում ԵՄ-ն կուսումնասիրի ու կարձագանքի իրավիճակին: Սակայն կան հստակ պատասխանատուներ, սա էական է, կարծում եմ, ոչ միայն ԵՄ-ի, այլև ռեգիոնի համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով Եվրոպական արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսը քաղաքական խորհրդակցությունների նպատակով ժամանել էր Երևան: Նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ: «Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս