«1992-ին մեր գյուղը գրավել են, մեր տունը վառել են, բայց վերադարձել, նույն տեղում տուն ենք սարքել․ պատմությունը ոնց որ կրկնվի»․ Վարդան Բադալյան

«Իրավիճակը, իրոք, շատ բարդ է, արդեն լուրջ աղետի շեմին ենք կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ ասաց արցախցի երգիչ Վարդան Բադալյանը։

Չնայած երգիչն աշխատանքի բերումով 2004 թվականից տեղափոխվել է Երևան, սակայն նրա ծնողները մնացել են հայրենի Արցախում։

«Բոլոր հարազատներս այնտեղ են՝ ծնողներս, քույրս՝ իր երեխաների հետ, կնոջս ծնողները, կարելի է ասել՝ իմ ամենամոտ հարազատներն Արցախում են ապրում, և ամենօրյա կապի մեջ եմ։ Հույս ունենք, որ մոտակա օրերս ճանապարհը կբացեն, որովհետև արդեն դեղորայքի խնդիր կա, հիվանդ մարդիկ կան․․․
Որ խոսում եմ, իրենք այնտեղից դուխ են տալիս, որովհետև իրենց բնավորությունն է այդպես։ Որ շատ ենք զանգում, ասում են՝ ինչ կլինի, էդ կապն էլ անջատեն, մեզ չանհանգստացնեք, հանգիստ ապրենք (ծիծաղում է.- Ն․Խ․)։

Դա արցախցու չկոտրվող տեսակի մասի՞ն է խոսում՝ հարցրեցինք Վարդան Բադալյանին․

Կարդացեք նաև

«Դե հա, մենք մեզ հույս ենք տալիս, տեսնենք։ Մարդ, որ հիմա այս պայմաններում Արցախում ապրում է, երեխա է ունենում, հույսը կապում է Արցախի հետ, դա արդեն իսկ չկոտրվել է։

Ուղղակի մի քիչ բարդ է վիճակը, և իմ կարծիքով՝ սա ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի խելքի բանը չէ, ավելի մեծ խաղ է գնում, որտեղ մենք ուղղակի զոհ ենք»։
Դիտարկմանը, որ 1990-ականներին Արցախում իրավիճակն ավելի ծանր էր, բայց ժողովուրդը համախմբվեց և պայքարեց, Վարդան Բադալյանն այսպես պատասխանեց․

«Չեմ կարծում, որ Արցախում հիմա համախմբված չեն, կարծում եմ՝ այդ համախմբումը կա։ Ուղղակի 90-ականներին մի քիչ այլ էր։ Ճիշտ է, ես այդ ժամանակ փոքր եմ եղել, բայց հիշում եմ, որ ավելի դժվար բաներ են եղել, բայց դե, պատերազմ էր։

Հիմա պատերազմն ավարտվել է, ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել, որով կողմերը պայմանավորվածությունների են եկել, բայց փաստն այն է, որ այդ փաստաթուղթն էլ չի աշխատում։

Դեժավյու է, նորից նույնը կրկնվում է։ Այն ժամանակ մեր հայրերը մտածել են, որ իրենք կկարողանան այդ հարցը լուծել, մենք չենք տեսնի այդ խնդիրը, բայց հիմա այնպես ստացվեց, որ մենք էլ չկարողացանք լուծել, արդեն մնաց մեր երեխեքին։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես փոքր եմ եղել, շատ բաներ չեմ հիշում, բայց մենք գաղթել ենք։ Մենք Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից ենք, հիմա ծնողներս այնտեղ են ապրում, 1992-ին մեր գյուղը գրավել են, մեր տունը վառել են, հետո վերադարձել ենք ու նույն տեղում տուն ենք սարքել, հիմա պատմությունը ոնց որ կրկնվի․․․»։

Երգիչը ցավ է ապրում, որ թշնամի երկրի կողմից արցախահայության դեմ իրականացվող ցեղասպան գործողություններին պատշաճ արձագանք չի լինում, տպավորություն է, որ աշխարհի զարգացած երկրները լուռ հետևում են այդ գործընթացին և պատրաստվում են դրա մասին խոսել, երբ ամեն ինչ ավարտված կլինի․

«Ամբողջ աշխարհը լուռ հետևում է, հավաքվում, խոսում են անցած ցեղասպանություններից, բայց հիմա այդ վտանգը կա, ընթացքի մեջ է, ու ոչ ոք չի խոսում այդ մասին, ոնց որ այդ 120.000 մարդն էս աշխարհից չեն։ Խոսքս մեծ պետությունների մասին է, որոնք մարդասիրությունից ու մեծ արժեքներից են խոսում, ինչ-որ հայտարարություններ են անում, բայց մեկը չկա, որ ձեռք բռնի։ Ընդամենը մի ճանապարհ է, կյանքի՛ ճանապարհ, այդ 2 մետրանոց ճանապարհն է մնացել․․․

Շատ դժվար պահ է։ Ամենադժվարն այն է, որ անկարող ես որևէ բան անել, որ պատերազմ լինի՝ կարող ես գնալ, մի բանով օգնես, բայց հիմա մենք Երևանում նստած՝ հետևում ենք, ուրիշ բան չենք կարողանում անել, որ վաղը Արցախում ջուր էլ չլինի, մի բաժակ ջուր էլ չենք կարողանա տանել, որովհետև փակ է ճանապարհը»։

Արդեն մի քանի օր է՝ Արցախի գործող և նախկին ՄԻՊ-երն ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև, երեկ այնտեղ էր նաև Վարդան Բադալյանը, ուստի նրան հարցրեցինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունի նմանատիպ ակցիաներից․

«Պետք է ամեն միջոցով պայքարել, մի բան անել, տանը սուսուփուս նստել չի լինում։ Ինչքանով կարողանում, ինչքանով հասցնում եմ՝ ներկա եմ լինում, որովհետև դա շատ կարևոր է, որովհետև միջազգային հանրությունը, կազմակերպությունները պետք է տեսնեն, որ Արցախը մեզ համար շատ կարևոր է, եթե սուս մնանք, կմտածեն՝ ճանապարհ է, փակել են, էլի։ Երեկ այնտեղ եմ եղել, այսօր դեռ տեղյակ չեմ, թե ինչ է լինելու, բայց մասնակցելու եմ, գոնե մի բան անենք, որ մեր ձայնը լսելի լինի»։

Հատկապես այս օրերին, երբ թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, բազմաթիվ արցախցիներ ասում են՝ որքան էլ ադրբեջանցիները փորձեն սադրանքների դիմել, տարբեր ձևերով վախի մթնոլորտ ստեղծել, միևնույն է՝ մնալու են Արցախում, դուրս չեն գալու այնտեղից, քանի որ դա իրենց հողն է, և չեն պատրաստվում այն զիջել թշնամուն։ Վարդան Բադալյանին հարցրեցինք՝ ինքն ինչպե՞ս է մտածում․

«Ես արդեն Երևանում եմ ապրում և իրավունք չունեմ Արցախում ապրողի փոխարեն կարծիք հայտնել, քննադատել, կամ լավն ասել, այնտեղի ապրողին պետք է հարցնել։ Իմ ծնողները կյանքում Արցախից՝ իրենց տնից, դուրս չեն գա, նույնիսկ չեն գալիս 1 օր այստեղ մնան, որովհետև իրենք սովոր են, իրենց հողին կպած են․․․

2020 թվականի պատերազմից հետո Արցախ՝ մեր տուն գնալը, կրկնակի հեռու է դարձել։ Առաջ Քարվաճառի ճանապարհով 270 կիլոմետր էր, հիմա 400 կիլոմետրից ավելի է, ու այդ ճանապարհին թուրքերի պոստերը տեսնելն այնքան ճնշող է, որ ամեն գնալ-գալուց հետո 1 շաբաթ էլ պետք է, որ ուշքի գաս, բայց ամեն դեպքում կապը չենք կտրում, գնում ենք։

Աստված տա՝ առաջինը ճանապարհը բացվի, հետո փորձենք ինչ-որ ձև անվտանգություն ապահովենք»։

Տեսանյութեր

Լրահոս