Գերմանիայի հայ համայնքը Դաշնային կառավարությունից և Բունդեսթագից ակնկալում է հստակ դատապարտող հայտարարություններ՝ Բաքվի հասցեին
Գերմանիայում հայ համայնքն ամեն ինչ անում է՝ Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետ ստեղծելու քայլերը կանխելու և լուծումներ գտնելու համար:
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ արդեն հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է՝ այս սադրիչ գործողությունները, որոնք կազմակերպվել են անմիջապես Բաքվից, նպատակ ունեն հայաթափում իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
«Արդեն պարզ է, թե ինչպես է Ադրբեջանը պատրաստվում վարվել հայ բնակչության հետ, եթե վերահսկողության տակ վերցնի: Չնայած միջազգային ատյաններում Ալիևի այն հայտարարություններին, թե պատրաստ է պաշտպանել արցախցիներին՝ ներկայիս ահաբեկչությունն այլ բանի մասին է խոսում: Ադրբեջանցի զինվորականները սպանել են ջրի խողովակները վերանորոգող հայ բանվորներին, գյուղացուն, ով աշխատում էր իր այգում: Կրակում են քաղաքացիական մեքենաների, տների վրա, իսկ բարձրախոսները հարձակման վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ վախեցնելու հայ խաղաղ բնակիչներին»,- Կենտրոնական խորհրդի փոխանցմամբ՝ նշված է իրենց տարածած հայտարարության տեքստում:
Կենտրոնական խորհրդից ընդգծեցին՝ հայաթափմանն ուղղված Ադրբեջանի ակնհայտ քաղաքականությունը պետք է դադարեցվի։
Դրա համար վաղը՝ դեկտեմբերի 17-ին, բողոքի ակցիա կկազմակերպվի Բեռլինում՝ Արցախում հումանիտար ճգնաժամը դադարեցնելու պահանջով:
Գերմանիայի հայ համայնքը Դաշնային կառավարությունից և Բունդեսթագից ակնկալում է հստակ դատապարտող հայտարարություններ՝ Բաքվի հասցեին։ Ակցիայի մասնակիցները կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին: