ՀՀ իշխանությունները Պրահայի, Բրյուսելի հարթակներում կամ ԱՄՆ այցերի ընթացքում պայմանավորվում են միայն մեկ բանի շուրջ՝ հանգիստ թողեք Հայաստանը. Զատուլին
«ՀՀ կառավարությունը մի կողմից փորձում էր հավասարեցնել ԼՂՀ-ի կարգավիճակը ՀՀ մարզի կարգավիճակին, hենց այդպես՝ մարզպետ էր որակում ԼՂ նախագահին Փաշինյանի իշխանությունը: Անում էին հայտարարություններ, թե ԼՂ-ն Հայաստան է և վերջ»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը:
Մյուս կողմից, ըստ նրա՝ ԼՂ քաղաքական-հասարակական գործիչներին կասկածով էին դիտարկում, ԼՂ-ն դիտարկում էին՝ «որպես հակահեղափոխության բույն, Քոչարյանի կամ Սարգսյանի հայրենիք, որոնք նրանց քաղաքական հակառակորդներն են»:
«Այո, ներկայումս իսկապես ՀՀ կառավարությունը կոչ է անում միջազգային միջնորդներին, Ռուսաստանին Լաչինի միջանցքի առնչությամբ, ավելի վաղ ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ ՀՀ կառավարությունն իրականում ոչինչ չարեց, որպեսզի իր հաջող գործողություններով ապահովի ԼՂ-ի պաշտպանությունը: Սա՝ առաջինը:
Եվ երկրորդ՝ չի արել բավարար որևէ բան հարցի իրական խորքը հասկանալու համար, որովհետև հեշտությամբ ստորագրում են կամ ընդունում հռչակագրեր, ինչպիսին Վաշինգտոնյան հռչակագիրն է կամ նմանատիպ բաները, որոնք իրականում նշանակում են մեկ բան: 2020 թվականի պատերազմից, երբ Ղարաբաղում հայտնվեցին ռուս խաղաղապահներ, ՀՀ կառավարության գիծը այն է, որ ԼՂ-ում հայերի գոյության և հայկական ԼՂ-ի համար պատասխան է տալիս Ռուսաստանը: Իսկ մենք կապ չունենք, մեր գործը դրան կողքից նայելն է»,- ասաց Զատուլինը:
Նրա խոսքով, այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Պրահայի, Բրյուսելի հարթակներում, ԱՄՆ այցերի ընթացքում, մեկն է.
«Պայմանավորվում են միայն մեկ բանի շուրջ՝ հանգիստ թողեք Հայաստանը, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, պետք է հույսեր կապենք Ադրբեջանի բարի կամքի հետ և նրա, թե ինչ Ռուսաստանը կպայմանավորվի Ադրբեջանի հետ: Իսկ մենք միայն Հայաստանի հետ կապ ունենք: Սա՛ է Փաշինյանի իշխանության քաղաքականության իմաստը այս հարցում: Սա, իհարկե, հարցի լիովին այլ ձևակերպում է, քան ՀՀ նախորդ իշխանությունների դեպքում էր, ինչպես էլ որ նրանց չվերաբերվեն, նրանք ամեն դեպքում ելնում էին նրանից, որ համազգային խնդիր է հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպեսզի ԼՂ հայերը ստանան իրենց պահանջը և այն, ինչի իրավունքը նրանք ունեն՝ ինքնորոշում, ազատություններ ու իրավունքներ»,- ասաց Դումայի պատգամավորը:
Նա նաև նշեց, որ իրենք հիանալի գիտեն, որ Հայաստանի ղեկավարները Բրյուսել կամ Վաշինգտոն և այլ տեղեր կատարած այցերի ժամանակ կարծիք են հայտնել, թե «իրենց ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում», քանի որ դա կհանգեցնի ԽՍՀՄ-ի վերականգնման, ինչը հակասում է Հայաստանի ազգային շահերին։
«Մենք չենք պատրաստվում վերականգնել ԽՍՀՄ-ը»,- ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։