Ադրբեջանը 4-րդ օրն է՝ փակել է Արցախի կյանքի ճանապարհը. սա հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ:
Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ Ադրբեջանը, 4-րդ օրն է՝ փակել է Արցախի կյանքի ճանապարհը և թույլ չի տալիս, որպեսզի կենսական կարևորության սննդամթերք, ապրանքներ, մարդկանց փոխադրում իրականացվի, իսկ երկու օր առաջ դադարեցվել է գազամատակարարումը:
«Սա հանցավոր գործողություն է, այլ կերպ բնութագրել, քան հանցագործություն, չի կարելի: Երկու տարի շարունակ բարձրաձայնում ենք, դիմում միջազգային հանրությանը, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ին՝ ասելով, որ Ադրբեջանն Արցախում իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն: Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանական քաղաքականություն, և տեսնում ենք, որ այս ամենից հետո միջազգային հանրությունը փորձում է հավատալ Ադրբեջանի, այսպես կոչված, խոստումներին, թե իբր կարող է ապահովել Արցախում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Դա ոտքից գլուխ կեղծիք է: Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը՝ կեղծիքի իրական դրսևորումն է»,- ասաց Գեղամ Ստեփանյանը, ապա դիմելով ԱՄՆ-ի դեսպանությանը՝ ասաց, որ պահանջում են տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանուր կարևորագույն սկզբունքին:
«Ինչպե՞ս կարող եք պատկերացնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը չկարողանա հասնել իր ժողովրդին՝ նրա իրավունքները պաշտպանելու համար: Ես հիմա այդ կարգավիճակում եմ: Չեմ կարողանում իրականացնել իմ մանդատը»,- նկատեց Արցախի ՄԻՊ-ը: