ԱԳՆ ներկայացուցիչները ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին են ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի գործողությունները, այդ թվում` մի շարք նմանօրինակ միջադեպերը Լաչինի միջանցքում, հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Լաչինի միջանցքի փակումը նախապես ծրագրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից և միտված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։

Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները հանդիսանում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ դրա 6-րդ կետի կոպտագույն խախտում: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողություններին թիրախային արձագանքի անհրաժեշտությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և արցախահայությանը էթնիկ զտումների կանխման միջոց:

Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը, այդ թվում` Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված նմանօրինակ գործողություններով կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ի ցույց է դնում, որ առանց միջազգային մեխանիզմի Ստեփանակերտի և Բաքվի միջև իրական երկխոսություն հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման գործողությունները խաթարում են հայկական կողմի ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Տեսանյութեր

Լրահոս