«Խնդիրը պետք է բարձրացվի և՛ չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարության կոնտեքստում,  և՛ ինքնորոշման իրավունքն առաջ մղելու համար». Ալվինա Գյուլումյան

Երրորդ օրն է՝ ադրբեջանցիների փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, դրանից զատ, երեկվանից անջատել են նաև Արցախին մատակարարվող գազը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։

Այսպիսով՝ Ադրբեջանը ոչ միայն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, այլև՝ ոտնահարում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր կոնվենցիաները։

168.am հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն անդրադառնալով խնդրի իրավական, մասնավորապես՝ Եռակողմ հայտարարությամբ նախատեսված կետերի կարգավորմանը, նկատեց.

«Իրականում խնդիրը պետք է բարձրացվի և չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարության կոնտեքստում,  և՛ առհասարակ պետք է օգտագործել  խնդիրը՝ ինքնորոշման իրավունքն առաջ մղելու համար»:

Կարդացեք նաև

Ըստ Ալվինա Գյուլումյանի՝ հարցը պետք է բարձրաձայնել միջազգային բոլոր կառույցներում և, բնականաբար, ամենավճռական խոսքը պետք է ասի ՄԱԿ-ի  Անվտանգության խորհուրդը։

«Սակայն Անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելու համար պետք է խորհրդի մշտական անդամներից մեկն այդ օրակարգն առաջ մղի։ Այստեղ արդեն գալիս է այդ պետությունների հետ որոշակի բանակցությունների, ինչպես նաև նրանց այս ամենի մասին տեղյակ պահելու անհրաժեշտությունը։

Այսօր ես տեսա ԱՄՆ Պետդեպի, Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունները։ Կարծում եմ՝ ամեն ինչ երևի պետք է ավելի հստակ լինի»,- հավելեց Ալվինա Գյուլումյանը։

Ալվինա Գյուլումյանը նաև ասաց, որ Ադրբեջանն Արցախում հումանիտար աղետ է ստեղծել, առաջին հերթին՝ ձմռան ցուրտ պայմաններում անջատելով մատակարարվող գազը։

Տեսանյութեր

Լրահոս