Չեմ բացառում, որ ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքից անջատվի հաջորդ ընտրություններին, բայց հիմա նման հարց չկա. Արթուր Խաչատրյան
Փողոցային պայքարի հերթական փուլն ավարտած և Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ քառօրյաներին մասնակցելու համար վերադարձած խորհրդարանական ընդդիմությունը դրանից ավելի վաղ հայտարարեց՝ ԱԺ են գնում իրենց օրակարգով: Սակայն Ազգային ժողովի հերթական քառօրյայի ավարտից հետո էլ պարզ չէ, թե ո՞րն է ԱԺ նիստերին գրանցվող, ապա դահլիճը լքող կամ նախագծերի քննարկմանը մեկումեջ մասնակցող, Կառավարության հետ հարցուպատասխաններից բացակայող ընդդիմության օրակարգը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցին՝ ի վերջո, ո՞րն է ընդդիմության օրակարգը, պատասխանեց՝ իրենց համար օրակարգայինը Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերն են։
Դիտարկմանը՝ եթե իրենց համար օրակարգայինն անվտանգային հարցերն են, այդ դեպքում ինչո՞ւ երեկ Ազգային ժողով գնացած Նիկոլ Փաշինյանին պետության անվտանգությանն առնչվող հարցեր չուղղեցին և ինչո՞ւ, առհասարակ, չեն մասնակցում Կառավարություն-Ազգային ժողովի հարցուպատասխաններին, Խաչատրյանը պատասխանեց.
«Հարցուպատասխանի ֆորմատը դեբատի ֆորմատ չէ. հարց տվողն ու պատասխանողն անհավասար դիրքերում են, և կարող ես հարց տալ, և նա դրան տա այլ՝ իր ուզած պատասխանը, ինչպես, սովորաբար, անում է, հետևապես, հարց տալն ինքնանպատակ չպետք է լինի։ Մեկ տարի շարունակ հարց ես տալիս, և դրան Փաշինյանը տալիս է այլ պատասխան, հարց տալը դառնում է ինքնանպատակ։ Մեզ համար Կառավարության հետ հարցուպատասխանի թեման կատեգորիկ փակված չէ, եթե, օրինակ, այլ նախարարի, դիցուք՝ Պապիկյանին, հարց ունենանք, կգնանք, կտանք»։
Խաչատրյանը խորհրդարանական ընդդիմության գործելաոճը մանդատից հրաժարվողների հիասթափեցման պատճառ համարողներին կոչ արեց չանհանգստանալ. հրաժարվողին կհաջորդի ցուցակի հաջորդ համարը։
«Հրաժարվողների դեպքում ես ողբերգություն չեմ տեսնում։ Իհարկե, անսխալական մարդ չկա, բայց ընդդիմությունից ակնկալել, որ Փաշինյանին կարող էր 6 ամսում հեռացնել, անիմաստ է, այն էլ՝ հասարակության նման ապատիայի դեպքում»,- ասաց Խաչատրյանը՝ անդրադառնալով իրենց գործունեության վերաբերյալ դժգոհություններին։
Պատգամավորը նաև նշեց՝ իրենք, որպես ընդդիմադիր խմբակցություն, ամեն ինչ անում են ապատիայի մեջ գտնվող հանրությանը ցույց տալու այս իշխանությանն առկա այլընտրանքը։
Հնարավո՞ր է՝ այդ աշխատանքի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի կազմից Հայ հեղափոխական դաշնակցությունն անջատվի և գործի որպես ինքնուրույն միավոր՝ հաշվի առնելով, որ խմբակցությունում պատգամավորական մանդատներից 14-ը ՀՅԴ-ինն են, Խաչատրյանը պատասխանեց.
«Նման քննարկում չկա»։
Մեկ այլ, ճշտող հարցին էլ՝ այսինքն բացառո՞ւմ է, որ «Հայաստան» դաշինքից ՀՅԴ-ն անջատվի, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Իհարկե, չեմ բացառում, «Հայաստան» դաշինքը ստեղծվել էր խիստ որոշակի ժամանակահատվածի՝ 2021 թվականի ընտրությունների համար. դա նախընտրական դաշինք է, հաջորդ ընտրություններին ինչ ասես կարող է լինել»։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի թիմից անջատումը բացառում եք միայն մինչև հաջորդ ընտրությո՞ւն, պատգամավորը պատասխանեց.
«Նման հարցեր ընդհանրապես չկան»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում