Բաժիններ՝

«Անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողներն իրականացնեն տեսահսկման համակարգերի ապահովման պահանջը»

Հանրային քննարկման են ներկայացվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը:

Նշվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխհամագործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը, կբարձրացնի աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը։

Նախագծերից մեկն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է: Առաջարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 27-րդ հոդվածը լրացնել 9-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ. Ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ:

Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահում պետք է փակցված լինի «Ուղեսրահը տեսաձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։

Կարդացեք նաև

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահների տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:

Հաջորդ նախագիծը վերաբերում է ավտոկայանատեղիներին: Նշվում է, որ «էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը պարտավոր է իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետևելու և դրանց արխիվային ձայնագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը»:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ժամանակ շատ հաճախ Ոստիկանությունն օգտվում է ավտոկայանատեղերը հսկող տեսախցիկներից։

Ցավոք սրտի, այդ տեսախցիկների ձայնագրություններին հետևելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, որը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով լրացուցիչ երկար ժամանակի կորստի, ինչն անհնար է դարձնում «տաք հետքերով» գործի բացահայտմանը: Խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին տեղի ունեցած հանցագործություններին, որի տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին և ժամերին:

Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նույնպես չունի ուղիղ հասանելիություն նշված տեսախցիկներին, որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ՝ հրդեհի բռնկման դեպքում, ճիշտ հասկանա հրդեհի վայրը և մասշտաբները։

Սույն օրենքի ընդունման արդյունքում նշած գերատեսչություններին կտրամադրվի տեսախցիկների ձայնագրությունները անմիջապես իրենց գրասենյակներում ուղիղ կապով (օնլայն ռեժիմով) դիտելու հնարավորություն, որը կբարձրացնի ոստիկանության և փրկարար ծառայության  աշխատանքի  արագությունն  ու  արդյունավետությունը:

«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում անդրադարձել են նախագծին՝ ընդգծելով, որ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, հետևաբար պետք է փոխել ձևակերպումը՝ ավելացնելով նաև անհատ ձեռնարկատերերին:

«Անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողներն իրականացնեն տեսահսկման համակարգերի ապահովման պահանջը՝ հավելյալ տրանսպորտային միջոցներում ապահովելով նաև որակյալ ինտերնետ կապ ունենալու պահանջը: Ենթադրում ենք, որ ամենն արվելու է փոխադրող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին: Կարծում ենք, որ տեսահսկման համակարգերի, ինտերնետ կապի ապահովման և ընդհանապես համակարգի անխափան աշխատանքի գլխավոր շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար՝ բոլոր պահանջները պետք է կատարվեն պետական բյուջեի հաշվին: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրանսպորտային միջոցները և ապահովել այդ սարքերի անխափան աշխատանքը:

Միաժամանակ պարզ չէ, ինչո՞ւ միայն կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներում պետք է կատարվի տեսանկարահանում: Առաջարկում ենք պահանջը տարածել նաև ոչ կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների վրա: Նման եղանակով հնարավոր կլինի բացահայտել նաև ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնողներին, ինչը միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու համար»,- նշել են «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից:

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Լավ է, որ այդկերպ կբռնեն գրպանահատին, խուլիգանին, բայց, եթե տեսախցիկներով տրանսպորտային միջոցն ապահովելը մնաց մասնավորի ուսերին, չեմ կարծում, որ կկարողանան նման ճոխություն իրենց թույլ տալ: Եթե Քաղաքապետարանը գնի, տրամադրի, գուցե լավ լինի»:

Նախագծի վերաբերյալ զրուցեցինք նաև քաղաքացիների հետ:

«Իմ գումարը՝ մոտ 120.000 դրամ,  բանկային քարտերն անցած տարի  գողացան ավտոբուսում, դիմեցի ոստիկանություն, բայց այդպես էլ գողին չգտան, գործն էլ փակեցին, ես չգիտեմ, գուցե տեսախցիկների դեպքում հնարավոր կլինի ոչ միայն բռնել, այլև բացառել գողությունը»,- մեզ հետ զրույցում ասաց  քաղաքացիներից մեկը:

«Ես ամեն օր օգտվում եմ տրանսպորտից, աշխատում եմ հիմնականում նոր ավտոբուսներից օգտվել, քանի որ առկա են տեսախցիկներ: Վերջերս իմացա, որ նոր ավտոբուսներում ևս գողության դեպքեր են լինում, ու մարդիկ  խուափում են դիմել ոստիկանություն՝ կարծելով, թե էլի գողին չեն գտնելու: Հույս ունեմ, որ հին ավտոբուսներում եթե լինեն տեսախցիկներ, ապա այլ պատկեր կլինի»,- հավելեց մեկ այլ քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս