«Տպավորություն է, որ փաշինյանենք վերջնականապես ձեռքերը լվացել են և Արցախը թողել բախտի քմահաճույքին». Տիգրան Քոչարյան

Երկու օր  համացանցում շրջանառվում էր դեկտեմբերի 3-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի տված հարցազրույցը, որը նա տվել էր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու հարցով։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում Վոլկովն ասում է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական հենակետ պետք է տեղադրվի։ Սակայն, երեկ Արցախի գրեթե բոլոր ուժային կառույցները պաշտոնական հաղորդագրություն տարածեցին, նշելով, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու: «Ա.Վոլկովի պնդմամբ՝ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

168.am հետ զրույցում  տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ ադրբեջանական քարոզչությանը դիմագրավելու առումով իրականում իրավիճակը շատ վատ է։

Կարդացեք նաև

«Պետական մակարդակով ես որևէ գործողություն չեմ տեսնում, և գլոբալ առումով կարելի է  ասել, որ Արցախն այս հարցերում Հայաստանի աջակցությունը չունի։ Շաբաթ օրվա դեպքերի հետ կապված, այո, կա Ադրբեջանի այն քարոզչությունը, որ իրենք մաքսակետ են դնելու, և կա Արցախի պարզաբանում, որ խոսքը միայն ռենտգեն ապարատի տեղադրման մասին է, որը ստուգելու է Արցախ մուտք գործող մեքենաները, և սա պատկանելու է ռուսական կողմին։

Հիմա մենք իրավունք չունենք հավատալու ադրբեջանական կողմին, քանի որ ի սկզբանե պետք է հասկանանք, որ թշնամին փորձում է իր քարոզչությունն առաջ տանի»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Ըստ նրա, այս ամենի վերաբերյալ Հայաստանն իր խոսքը պետք է ասի, քանի որ Հայաստանն է  ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որտեղ նման անցակետ տեղադրելու վերաբերյալ որևէ կետ չկա։

«Ադրբեջանը ամեն ձև փորձում է ճնշել և՛ Արցախի բնակչությանը, և՛ անհարմար վիճակներ ստեղծել Ռուսաստանի համար։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի մոտ որոշակի խնդիրներ կան ազատ գործելու նույն Ադրբեջանի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց հետ են գործում, իսկ Ռուսաստանն առայժմ նպատակ չունի հարաբերությունները սրել Թուրքիայի հետ՝ կապված Ուկրաինայի կոնֆլիկտի հետ։

Ադրբեջանի հիմնական նպատակը վախ և խուճապ առաջացնելն է Արցախի բնակչության շրջանում՝ որպեսզի նրանք լքեն Արցախը»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ հայկական կողմն անպայմանն իր խոսքը պետք է ասի, սակայն 5 օր է՝ Հայաստանի իշխանությունը որևէ հարցի չի պատասխանում, սկսած ՌԴ արտգործնախարարի հայտարարությունից, որ Հայաստանը համաձայնել է, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, վերջացրած Արցախում տեղի ունեցող սադրանքներից։

«Այնպիսի տպավորություն է, որ փաշինյանենք վերջնականապես ձեռքերը լվացել են և Արցախը թողել բախտի քմահաճույքին»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս