«Այս իշխանությունը ոչ թե կանխում է պատերազմը, այլ պատերազմի հրավեր է ուղարկում». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ չի ավարտվել գործող իշխանությունների՝ ժողովրդի թիկունքում թշնամուն տված խոստումների պաշարը:
«Իրենք վախենում են ասել Արցախի Հանրապետություն՝ ոչ թե միջազգային հանրության արձագանքների պատճառով, այլ կոնկրետ երկու պետությունից են վախենում՝ Ադրբեջանից և Թուրքիայից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն տապալեց Հայաստան խմբակցության առաջարկած հայտարարության նախագիծը, որը պետք է ևս մեկ անգամ արձանագրեր մեր երկրի անվտանգությանը վերաբերող կարմիր գծերը, աշխարհին ուղերձ հղեր արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրանց իրացմանը սատար կանգնելու իր վճռականության մասին։
Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ թշնամին անշեղորեն իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնցում ցեղասպանության հատկանիշներն առկա են. «Ադրբեջանը մի գործ չի արել, որ մենք ասենք՝ նրանք հրաժարվել են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունից: Երբ մեր իշխանությունները չեն ասում՝ Արցախի Հանրապետություն, պատերազմ չի՞ եղել այս ընթացքում: Անընդհատ խուճուճ բանաձևեր եք կիրառում, ի՞նչ է՝ չե՞ն կրակում, սեպտեմբերի 13-ը չի եղե՞լ: Իրենք հայերի սպանությամբ նշում են այդ օրերը, որն իրենց համար պարծանք է: Չի կարող պատահել, որ այս իշխանությունը չիմանա Ադրբեջանի նպատակն ու քայլերի տրամաբանությունը: Թող մնացածներն ասեն՝ կարող է՝ երիտասարդ են, չգիտեն, բայց ես գիտեմ, որ իրենք լավ էլ գիտեն: Երբ ասում են՝ ռիսկային է ինքնորոշման իրավունք ասելը, պետք է չափուսահման իմանան, գոնե իրենց սիրած միջազգային հանրության համար չպետք է վախենան ինքնորոշման իրավունքն արտասանել: Տարիներ շարունակ, այդ նույն մադրիդյան սկզբունքների ներքո դա գրված էր, և ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երեք պետությունները դրա մասին խոսում էին»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց՝ գործող իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը. «Երբ ասում են, որ Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի, ուրեմն՝ Հայաստանը պետք է այլևս այդ բանակցային գործընթացի մեջ չլինի, այդ դեպքում ճանաչեք Արցախը: Նախկինում ասում էինք, որ եթե ճանաչենք Արցախը, դուրս կմղվենք բանակցային ֆորմատից, դե, հիմա եթե չեք մասնակցում, ուրեմն՝ ճանաչեք Արցախի Հանրապետությունը, ի՞նչն է խանգարում: Կա՛մ իրենք ճշմարտորեն մտածում են, որ Արցախի հարցը կապ չունի Հայաստանի հետ, և նույնը պետք է մտածի Ադրբեջանը, թե չէ ինչի՞ մասին են պայմանագիր կնքում: Եթե գտնում եք, որ այլևս չեք զբաղվում Արցախի հարցերով, համարում եք, որ դա Արցախի Հանրապետության և Ադրբեջանի գործն է, ուրեմն՝ ճանաչեք Արցախի Հանրապետությունը, պատերազմն էլ արդեն եղել է: Այն, ինչ անում է այս իշխանությունը, պատերազմի հրավեր է, նրանք ոչ թե կանխում են պատերազմը, այլ ուղղակի պատերազմ են հրավիրում: Պատերազմը չի սկսվում, որովհետև այլ պետություններ իմաց են տալիս այս իշխանությանը, որ տարածաշրջանի հարցը միայն իրենցը չէ»:
ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, թե պատահական չէ, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան նրանց կարգավիճակի մասին. «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ»:
Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Լավրովը չարաչար սխալվում է, երբ համարում է, որ հայ ժողովուրդը տրամադրված է այնպես, ինչպես իշխանությունները: Զարմանալի է, որ նա մեջբերում է Ալմա Աթայի հռչակագիրն ու ուրիշ բան է ասում. Ես չգիտեի, որ Լավրովն այդպես դատապարտում է Ռուսաստանին, չէ՞ որ այդ նույն փաստաթղթով իրենք ճանաչել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ինչո՞ւ Լավրովն այդպես հակառուսաստանյան դարձավ: Նրա հաշվարկը նրա վրա է, որ բոլորն այն աստիճանի անգրագիտության մեջ են, որ այս իշխանություններն ինչ ասում են, ժողովուրդը հալած յուղի տեղ է ընդունո՞ւմ: Այն, ինչ ինքը ասում է, երկու-երեք կոպիտ սխալ կա՝ իրավական, դիվանագիտական, քաղաքական, և այդ բոլորը մի բան է նշանակում, որ այն քաղաքականությունը, որ վարում է այս իշխանությունը, թույլ է տալիս, որ Լավրովը հստակ ասի՝ եթե դուք դա եք, չեք ուզում պաշտպանել ձեր հայրենակիցներին, ի՞նչ է, թողնելու եք մեզ վրա՞: Այո, թողնելու ենք ձեզ վրա ևս, ուրիշ է, որ դա չի արվել, և ամոթ է անել այսօր, երբ իշխանությունն ինքը հրաժարվում է իր պարտականությունները կատարելուց, բայց Ռուսաստանը ոչ միայն ԽՍՀՄ իրավահաջորդն է, այլև իրավաժառանգորդն է, ինչը նշանակում է, որ բոլոր այն հարցերը, որոնք վիճելի են կամ հղում են անում սովետական ժամանակներին, անշուշտ, ՌԴ-ն պարտավոր է դա անել: Բայց դա կանի այն ժամանակ, երբ այդ հարցը բարձրացնի Հայաստանի Հանրապետությունը»:
Նա շեշտեց, որ ժողովուրդը պետք է դադարի ջայլամի քաղաքականություն վարել. «Ես ոչ թե թուրք-ադրբեջանական քաղաքական կողմնորոշում ունեցողներին եմ դիմում, այլ բոլոր նրանց, ովքեր չեն տեսնում այդ ամենը. Մի հարցի ինքներդ պատասխանեք՝ հիմա՞ եք ավելի անվտանգ, թե՞ դրանից առաջ: Այս իշխանությունը վտանգում է ձեր ու ձեր երեխաների ապագան, այնպես չէ, որ բոլորդ 90 տարեկան եք: Սթափ եղեք: Ձեր շուրջը նայեք և խիզախություն ունեցեք առերեսվել իրականության հետ: Սթափ եղեք, մի նսեմացրեք ձեր ազգային արժանապատվությունը, որը փորձում են հավասարեցնել հողին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում