«Այս ամենը մեզ համար անակնկալ չէր, մենք դրան սպասում էինք և սպասում ենք ավելիին». Մետաքսե Հակոբյան
Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ տեղեկացրեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այս ամենն իրենց համար սպասելի էր, քանի որ լավ են ճանաչում թշնամուն, ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո թշնամին ընդունակ է ամեն ինչի։
«Ցանկացած մարդ, ով սթափ է իրավիճակը գնահատում ու գիտի՝ ով է իր թշնամին, ապա այս ամենից չի զարմանում։ Թշնամին 1994 թվականի պատերազմից հետո միշտ է նման փորձեր արել, բայց այն ժամանակ եղել են զսպողներ, հայկական կողմը կարողացել է այդ ամենը կանխել, բայց հիմա Հայաստանի ու Արցախի իշխանությունները պարտություն են կրել, բնականաբար, չեն զսպի, իսկ թշնամին դրանով իրեն ավելի լկտի է պահում։
Այս ամենի պտուղները մենք քաղել ենք մարտ ամսին, երբ ցրտին պայթեցրեցին գազատարի խողովակը և փական դրել, որպեսզի երբ ուզի նույնը անի։ Երբ այս ամենը ի մի ենք բերում և դրան գումարում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ամեն ինչ դառնում է ավելի կանխատեսելի»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նա նկատեց՝ թշնամու ցանկացած սադրանք իրականացվում է Հայաստանի իշխանության թողտվությամբ․
«Թշնամու ցանկացած սադրանք իրականացվում է Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ, և այստեղ որևէ կասկած չի կարող լինել։ Կրկնում եմ՝ այս ամենը մեզ համար անակնկալ չէր, մենք դրան սպասում էինք և սպասում ենք ավելիին։ Սա թշնամու կողմից գործադրվող ճնշման ամենավատ տեսակն է, քանի որ բավական է խուճապ առաջացնելու համար։ Սովորական քաղաքացին միանշանակ նման բաներից խուճապի է մատնվում, քանի որ վստահություն չունի իշխանության նկատմամբ, քանի որ նրանք են բանակցողը, իսկ այդ բանակցություններն ի վնաս Արցախի են ընթանում։ Եթե այսպես շարունակվի՝ Արցախն ուղղակի կհայաթափվի»,- շեշտեց նա։
Նա նաև փոխանցեց, որ նման դեպքերում միանշանակ Արցախի ուժային կառույցները տեղեկացնում են ռուս խաղաղապահ զորակազմին, նույնիսկ, եթե խաղաղապահներն ավելի շուտ են իմանում միջադեպի մասին, նրանք, միևնույն է՝ տեղեկացնում են և փորձում համատեղ գործողություններ կատարել։
«Գործընթացն այդպես է լինում, արդյունքը հետո կտեսնենք։ Կարծում եմ՝ հաջորդ քայլն այնպես կլինի, որ կասեն՝ բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվեց, բայց փաստը մնում է փաստ, որ թշնամին կարողացավ անել այն, ինչին նպատակադրվել էր»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։