Ի՞նչ խորհուրդներ էր տալիս Արարատի նախկին մարզպետը Սուրեն Պապիկյանին բնագծերում ամրաշինական աշխատանքների վերաբերյալ

Նոյեմբերի 29-ին Աննա Հակոբյանն այցելել էր Արարատի մարզ, եղել մի շարք համայնքներում՝ Զանգակատուն, Գոռավան, Վեդի և այլն:

Մեկ օր հետո՝ նոյեմբերի 30-ին, Արարատի մարզ է գնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այդ մասին է հուշում նաև Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ներկայությունը պաշտպանական գերատեսչության հրապարակած տեսանյութում:

Ի դեպ, նա Արարատի գործող մարզպետի՝ Սեդրակ Թևոնյանի հայրն է: 

Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։

Իսկ թե ինչ առնչություն ունի Ռազմիկ Թևոնյանն այս շինարարական աշխատանքների հետ, որ ՊՆ տեսանյութում ակտիվ խորհուրդներ է տալիս Սուրեն Պապիկյանին, անհասկանալի է, նաև, թե ինչ շինարարության մասին է խոսքը՝ արդյո՞ք բնագծերի ամրաշինության խնդիր ենք լուծում, թե՞ մասնավոր տարածքի պաշտպանության:

Ի դեպ, մենք ուսումնասիրեցինք հայտարարագրերի ռեեստրը՝ մտածելով, որ գուցե Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզի անվտանգային հարցերով ՊՆ խորհրդական է նշանակվել, ինչպես, օրինակ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի պաշտպանության հարցերով խորհրդական էր նշանակվել Մելիքսեթ Պողոսյանը, բայց Թևոնյանի անունը չգտանք խորհրդականների և օգնականների հրապարակված ցանկում:

Ի վերջո, այս մարզում է թշնամու թիրախի տակ գտնվող Երասխ գյուղը, այսինքն, գործ ունենք, ըստ էության, նախիջևանյան թևի հետ:

Գուցե Պաշտպանության նախարարությունն իր բացատրությունն ունի՝ ինչ գործ ունի նախկին մարզպետը նախարար Պապիկյանի հետ շինհրապարակում և արդյո՞ք բնագծերում ամրաշինական, ինժեներական աշխատանքներ կատարելու հարցում աջակցում է:

Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջին օրերին բավականին ակտիվ այցելություններ է իրականացնում բանակային տարբեր զորամիավորումներ, զորամասեր:

Հիմնական նպատակը, ըստ էության, ԶՈւ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը ներկայացնելն է, գուցե՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների խնդրի լուծումը:

Իհարկե, պաշպանության նախարարը պետք է հանկարծակի և ոչ հանկարծակի այցեր և ստուգումներ իրականացնի զորամասեր, մարտական դիրքեր, բայց կարևորը արդյունքն է, որը չպետք է միայն պաշտոնական հաղորդագրություններում և հայտարարություններում երևա:

Տեսանյութեր

Լրահոս