Ո՞ր թվականին ծնվածներն են այս տարի օգտվել ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումից, և հաջորդն ո՞ւմ հերթն է
2022 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը, նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրենց իրավունքն իրացրել են 678 ավանդատու, փոխհատուցված գումարի չափը կազմել է 135.802.470 ՀՀ դրամ։
168.am-ին հայտնեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ շեշտելով, որ համաձայն ՀՀ կառավարության 23․04․2014թ․ թիվ 460-Ն որոշման հավելված 1-ի, 15-րդ կետի դրույթների՝ կազմակերպությունը ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ:
Հարցին, թե ո՞ր թվականին ծնված մարդիկ են օգտվում դրամական ավանդի դիմաց փոխհատուցման ծրագրից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ այս տարի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցման ծրագրից օգտվում են նաև մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք։ Վերջիններս հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Հաշվառման նպատակով՝ քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ), ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին, ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։
Ավանդի փոխհատուցման իրավունք ունեն մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Նախարարությունից նշեցին, որ ամեն տարի մեկ տարվա փոփոխություն է լինում, այսինքն, հաջորդ տարի ավանդի փոխհատուցման իրավունք կունենան մինչև 1940 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք: