«Ադրբեջանը ոգևորվում է ընդդիմության կողմից հնչեցրած «թուրք» արտահայտությունից». Էդուարդ Աղաջանյան
Այսօր ԱԺ արտահերթ նիտում, որտեղ քննարկվում էր «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ Հայաստանի ԱԺ հայտարարությունը», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ քննարկման ընթացում ուրվագծվել է հարցի վերաբերյալ այն պատկերացումներն ու դրանց տարբերությունը, որն առկա է իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների միջև։ Այս ամենը հաշվի առնելով Է. Աղաջանյանն ասաց, որ թեմային այլևս չի ցանկանում անդրադառնալ, դրա փոխարեն՝ կպատասխանի ընդդիմադիրների կողմից հնչեցրած որոշ մտքերի։
Նախ նա անդրադարձավ Թադևոս Ավետիսյանի հնչեցրած մտքին, որ իշխանական պատգամավորները չեն ցանկանում արտաբերել այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Ես տպավորություն ունեմ, որ մենք իսկապես իրար չենք լսում և եկել ենք ընդամենը ելույթ ունենալու, մեր հարցերը հնչեցնելու համար։ Կարծում եմ՝ ելույթիս մեծ մասը նվիրեցի այն հարցին, որում ընդգծվում էր միջազգային հանրության կողմից ընկալելի լինելն և դրան ուղղված մեր ջանքերը։
Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից տարբեր ժամանակներում տարբեր ձևաչափերով ու առիթներով ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ Հիմա դուք ասում եք, որ մենք դրան ուղիղ հակառակվող հայտարարություն անենք, իմանալով, որ մեր քաղաքականության նպատակն է ուղիղ հակառակը, որպեսզի մենք հնարավորինս ընկալելի լինենք միջազգային հանրության կողմից։ Հիմա դուք ասում եք, թե ինչ պետք է անի միջազգային հանրությունն այդ պարագայում։
Կարծում եմ՝ կարելի է նայել նախորդիվ ունեցած փորձառությանը և ենթադրել, թե ինչ կանի միջազգային հանրությունը, և դրա արդյունքում ինչ հետևանքներ կլինի։
Գալով Գեղամ Նազարյանի ասածին, ասեմ, թե Ադրբեջանն ինչից է ավելի շատ ոգևորվում։ Օրինակ, Երևանի փողոցներում ընդդիմության ամիսներ շարունակ տևող ակցիաների ու հանրահավաքների ժամանակ, երբ պարբերաբար հնչող քսենոֆոբ արտահայտություններ են հնչում, դրանք լավագույնս օգտագործվում են նրանց կողմից, և դրանից նրանք միանշանակորեն ոգևորվում են։ Միջազգային հարթակներում իրենք որպես հակադրություն բերում են տեսանյութեր, որտեղ Հայաստանի փողոցներում բավականին ագրեսիվ կերպով իրենց հետ չհամաձայնած անձանց անվանում են թուրք։ Վստահեցնում եմ՝ սա ոգևորում է Ադրբեջանին»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում