«Կա՛մ տեր ենք կանգնում Արցախին, կա՛մ հրաժարվում ենք սերունդների պայքարից». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ Հայաստանի ԱԺ հայտարարությանը», նշեց, որ հայտարարության ադեկվատությունն իրավիճակի հետ կապված առնվազն պետք է բավարարի երեք հիմնական պահանջների։

Նախ, համարժեք հակադարձում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարությանը, թե չէ կստացվի, որ ոչ թե հակադարձում է, այլ համադրություն։

Լինի ավելի արմատական, ամբողջական ու լիարժեք, քան Հայաստանի օտարերկրյա գործընկերների արձագանքն է, թե չէ ակնկալում են, որ օտարը լինի հայից ավելի հայ։

Համապատասխանի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ժողովրդի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին և մոտեցումներին։ Հակառակ պարագայում կհայտնվեն հակասահմանադրական ընթացքի մեջ։

Կարդացեք նաև

«ՔՊ-ի առաջարկները՝ ինչը ջնջել տեքստում, ինչն ավելացնել՝ շատ լավ առիթ են տալիս բացահայտելու գործող իշխանությունների հետապնդած նպատակներն ու որդեգրած մոտեցումները՝ համազգային նշանակություն ունեցող կարևորագույն հարցերի վերաբերյալ։

Ըստ այդմ ունենք հետևյալ պատկերը՝ «չկա, չի եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կա հայություն, որն ապրում է Լեռնային Ղարաբաղում, բայց դա ոչ թե պետական, կազմակերպական ձև ունեցող միավոր է, այլ աշխարհագրական տարածք։ Ադրբեջանը չի օկուպացրել Արցախի որևէ տարածք, Շուշիի հռչակագիրը դատապարտելի չի համարում, փաստացի անտեսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը։ Փաստացի հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը սատարելու սահմանադրորեն ամրագրված պարտավորությունից։ Հրաժարվում է նպաստել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»։

Այսպիսով, ըստ օրվա իշխանությունների, իրավիճակը թելադրում է հրաժարվել Ադրբեջանի հնարավոր զայրույթը գրգռող բառապաշարից։

Հայաստանի, Արցախի, սփյուռքի հայությունն այսօր կանգնած է ճակատագրական փորձության առաջ՝ կա՛մ արձանագրում ենք, որ տեր ենք մեր համազգային նպատակներին, կա՛մ ըստ էության ոտնահարում ենք ՀՀ գործող Սահմանադրությունը և արժեզրկում սերունդների մղած պայքարը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս