Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմում են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդպես աջակցել աշխարհի հինավուրց տաճարներից Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին:

Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար և իր հետևորդներին է ներկայացնում Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» և այլ գրություններով ապարանջաններն ու այլ զարդերն ու ասում, որ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։

Նա հիշեցնում է, որ այդ տաճարներից մեկում տարիներ առաջ կնքել է իր երեխաներին: Քարդաշյանը տեղեկացնում է, որ տաճարը վերանորոգման փուլում է ու ընդգծում, որ ապարանջանների վաճառքից ստացված եկամտի հարյուր տոկոսը փոխանցվելու է տաճարի վերանորոգման աշխատանքներին։

Շերը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում մի լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է, որ իր հայկական արմատներն իր ինքնության հսկայական մասն են, և ինքը հպարտ է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանն աջակցելու համար կազմակերպված նախաձեռնության մի մասը լինել:

Նա ևս իր էջում զետեղել է ապարանջանների լուսանկարները և հիշեցրել, որ Էջմիածնի Մայր տաճարն աշխարհի հնագույն տաճարներից է: Երգչուհին նշել է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ նման հոգևոր կենտրոնները ոչնչանան:

Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը նույնպես միացել է արշավին: Նա «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ շարունակելու է աջակցել Հայաստանին և Արցախին: Նա գրել է՝ Էջմիածնի Մայր տաճարը երկրագնդի ամենահին տաճարներից է: Նա շեշտել է, որ և՛ Մայր տաճարը, և՛ Խոր Վիրապի վանական համալիրը շատ թանկ են իր համար: Պրոդյուսերը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցելու են տաճարի վերանորոգման աշխատանքներին:

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2017 թվականին և դեռ շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս