ՀՀ իշխանությունները վերջին շրջանում խոսում են ոչ այնքան ԼՂ կարգավիճակի, որքան ԼՂ հայ բնակչության իրավունքների մասին, Ադրբեջանը պատրաստ է տրամադրել երաշխիքներ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, թե պատահական չէ, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան նրանց կարգավիճակի մասին։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 4-ին Պրահայում կայացած հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ, ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հայտարարության վրա, որն ընդունվել է այդ բանակցությունների արդյունքում՝ մասնավորապես հիշեցնելով հղումները ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին:

«Հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը։ Այն սահմանները, որոնք կային միութենական հանրապետությունների միջև»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Պրահայի հայտարարությունը հավանության է արժանացել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարի կողմից, և դա, Լավրովի տեսանկյունից, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ այն որոշում է, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին:

Կարդացեք նաև

«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները պետք է ապահովվեն: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ»,- հավելել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս