«Ժողովուրդը սպազմի մեջ է, պետք չէ վիրավորել. կա 3 տարբերակ և 2 ուղի». Արծրուն Պեպանյան

Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը 25 տարի փորձել է մարդկանց բացատրել, թե ինչու է մեր իրականությունը քաոսային, որոնք են դրա խորքային պատճառները, բայց չեն լսել նրան, իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո մարդիկ սկսեցին դա հասկանալ:

«Այդ անձնավորության գալուց հետո մի որոշակի շերտ հասկանում է, որ ժողովուրդը խնդիրներ ունի, տեսնում են, մտատանջությունների մեջ են: Ի տարբերություն ինձ, նրանք սկսեցին վիրավորել մեր ժողովրդին, իսկ ես չեմ վիրավորել, որովհետև ժողովուրդը մեղք չունի, խորքային պատճառներ կան: Այդ պատճառները հասկանալուց հետո նոր դուրս կգանք ճիշտ ճանապարհ, թե ինչ անենք, որ ապաքինվի ժողովուրդը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արծրուն Պեպանյանը 2000 թվականին լույս տեսած իր «Ումի՞ց է հարկավոր փրկել հայրենիքը» քաղաքական գրքույկում հիմնավորել է, որ հայրենիքը պետք է փրկել ժողովրդից. «Ահազանգ էի հնչեցնում, որ եթե դա չանենք, այս երկիրը նվիրելու ենք թուրքերին: Չարվեց այն, ինչ ես ահազանգում էի, մարդիկ չէին ընկալում: Պետք է այս ամենի խորքային պատճառները հասկանալ: Եթե դա չեք հասկանում, ձեր քայլերը, ինչքան էլ դուք սրտացավ լինեք, օգուտ չեն տալու: Եթե ուզում ենք բուժվել, պետք է իրար չխաբենք, անկեղծ խոսենք: Ես հիմա մի քանի բնութագրումներ եմ ներկայացնում. հայ ժողովուրդը աշխարհի քաղաքականապես ամենահիմար ժողովուրդն է, հայ ժողովուրդը ներսից փչացած է, հայ ժողովուրդը ինչ էլ ստեղծի՝ կրթություն, մշակույթ, դպրոց, նաև՝ պետություն, լինելու է ներսից ճիճվի կերած պտուղի նման, հայ ժողովուրդը օտարի լծերի տակ հոգեպես խեղվել է, վերածվել է հայկական ուծացած զանգվածների, և իրեն բուժել է պետք, հայ ժողովրդի մոտ առաջացել է իր տեսակը և իր երկիրը ատող մի շերտ՝ թուրքացած հայ, որն այնքան շատ է, այնքան ազդեցիկ, որ մեր հիմնական թշնամին ինքն է, եթե մենք իրեն չճնշենք, ապա արևի տակ տեղ չենք ունենա: Հայ ժողովրդի մոտ կա երկու տեսակ՝ իսկական հայերը՝ քիչ, և խեղված, լղոզված, այլասերված տեսակ, որոնք իրար փոր են թափելու:

Այս տխուր բնութագրումները, որ տվեցի, որոնք բոլորն էլ մեր իրականությունով հիմա անցնում են, հեղինակներն են՝ աշխարհահռչակ հնագետ Ֆոն Լուշան, Հովհաննես Թումանյան, Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան, Ավետիք Իսահակյան: Այդ մարդիկ դա ասել են 100-120  տարի առաջ, մենք էլ ունենք 100-ից ավելի կուսակցություն, և տրամաբանական կլիներ, որ նրանց ասած տագնապները լինեին կուսակցության ծրագրերի հիմքում և գային-ասեին՝ մենք ընդունեցինք, պատճառները հասկացանք, լուծումը գտել ենք և եկել ենք հայ ժողովրդին այս վիճակից հանելու: Հայաստանում այդպիսի կուսակցություն չկա»:

Գրողի խոսքով՝ նման ժողովրդին երբ ասում ես՝ պետք է ժողովրդավարություն անել, անպատրաստ ժողովրդին տանում ես ընտրությունների, երկիրն ավելի է քարուքանդ լինում. «Ստորին շերտը նորից է գալիս իշխանություններին մերձենում, որպեսզի կարողանա ընտրությունների ժամանակ հաղթանակ ապահովի, դրան գումարվում է արտաքին ուժերի բացասական ազդեցությունը, որ հիմա ակնհայտ երևում է, դրան էլ ավելացվում է պատերազմներից բերած արհավիրքը, խախտում է գնում, և ունենում ենք այս քաոսը: Աշխարհի կարգն այնպիսին է, որ ուժեղ ժողովուրդները խժռում են թույլ ժողովուրդներին, հիմա այդ պրոցեսի մեջ ենք»:

Ըստ նրա՝ հիմա գործ ունենք համաժողովրդական սպազմի հետ. «Ես բացատրեմ՝ սպազմը ինչ է, քանի որ 10 տարեկանում դա ունեցել եմ: Ընկերոջս հետ գնացել էինք Ալավերդու մեր բնակավայրի մոտ թրթնջուկ ուտելու, ես տեսա, կռացա, որ քաղեմ, այդ պահին տեսա, որ հատված ծառի քոթուկի վրա մի ահռելի օձ է փաթաթված: Այդ օձին որ տեսա, ո՞րը պետք է լիներ իմ ռեակցիան՝ գոռայի, ընկերոջս ասեի, որ փախչենք: Ես գոռացի իմ ողջ ուժով, բայց զգացի, որ ձայն չեմ հանում, պետք է փախչեի, բայց զգացի, որ չեմ կարողանում փախչել, չեմ կարողանում շարժվել, այդ վտանգից քարացել էի, ո՛չ կարողանում էի խոսել, ո՛չ՝ շարժվել: Ընկերս, որ հեռվից գալիս էր, գոռաց՝ Արծրուն, օձը-օձը, ու փախավ: Նրա փախչելն օգնեց ինձ, որ մկաններս միանան ու աշխատեն: Երբ հանկարծակի սարսափ, վախ է լինում, մարդու մկանները քարանում են, ինքն ի վիճակի չի լինում ինչ-որ բան անել: Հիմա մեր ժողովուրդը գտնվում է համաժողովրդական սպազմի մեջ, դա տեղի ունեցավ 2020թ. նոյեմբերի 10-ից:

Մենք հիշում ենք՝ ողջ պատերազմի ընթացքում մեր ժողովուրդն ակտիվ էր, տղաները գնում էին պատերազմ, նաև՝ աղջիկները, թիկունքում եռուզեռ էր, նույնիսկ զոհերի առկայությունը չէր վհատեցնում, մարդիկ վրեժ էին տենչում ու գնում էին առաջ, և մեկ էլ գալիս է նոյեմբերի 10-ը՝ իրենց համար անսպասելի մի դեպք: Եթե մեզ նախապես ասեին, որ պարտվում ենք, այս տարածքն ենք տվել, մարդիկ հոգեպես պատրաստ կլինեին նոյեմբերի 10-ին: Բայց պատրաստ չէին, և ժողովուրդը սպազմի մեջ ընկավ: Այդ մարդիկ հո չկորա՞ն, ովքեր պատերազմ էին գնացել, ովքեր թիկունքում ակտիվ էին, բոլորն այստեղ էին, բայց բոլորը սպազմի մեջ էին: Իրենք կծկված են ու դրանով հանդերձ՝ կոչ են անում, որ՝ ժողովուրդ, արթնացեք: Ակտիվ ու անհանգիստ մարդիկ էլ են սպազմի մեջ, ժողովրդին պետք չէ վիրավորել: Ի դեպ, այն մարդիկ, որոնք կոչեր են անում և մյուսներին վիրավորում են, եթե հավաքվեն Ազատության հրապարակում, մի հոծ բազմություն կլինի, բայց իրենք էլ են սպազմի մեջ ու չեն կարողանում: Մենք տեսանք այդ սպանդը, հիմա նպատակային կերպով այդ ռեժիմը մեզ վրա պահում են, որպեսզի այդ վիճակում մնանք: Մեր խնդիրն է՝ ժողովրդին սպազմից հանելը, այլապես ոչնչանալու է»:

Արծրուն Պեպանյանի խոսքով՝ անելանելի իրավիճակ չկա. «Կա երեք տարբերակ: Ենթադրենք՝ անհանգիստ ենք, փորձում ենք հասկանալ, թե ովքեր են ուզում Հայաստանի չգոյությունը, և տեսնում ենք՝ ինչ ունենք: Կազմում ենք պլան ա՝ կարո՞ղ ենք Հայաստանը գոնե այս իրավիճակում պահել, դրա համար մեզ ինչ ռեսուրս է պետք, ինչ քայլեր, մի խմբի հանձնարարում ենք սա անել: Երկրորդ խմբին հանձնարարում ենք այլ բան. Ենթադրենք՝ պլան ա-ն չաշխատեց, Հայաստանի կեսը կորցրինք, մեզ մնաց ինչ-որ մի որոշակի տարածք, դա ո՞նց ենք պահելու, որովհետև այդտեղ կլինի խորը անհուսություն, մշակութային, ժողովրդագրական էքսպանսիա, ինչպե՞ս ենք դա պահելու: Երրորդ խմբին ասում ենք՝ ենթադրենք՝ ոչինչ էլ չենք կարողանում պահել, խլեցին մեզանից, մենք ցրվեցինք, ի՞նչ կառուցվածքով, ի՞նչ գաղափարներով պահենք հայությանը, որ մի որոշակի ժամանակ չուծացվի, մինչև աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակներ լինեն, մենք էլ այնքան ուժեղանանք, որ կարողանանք ազդել այդ իրավիճակի բարենպաստության վրա, որ վերադառնանք այստեղ: Այս երեք խմբերը պետք է աշխատեն, այդ խմբերի արդյունքները կօգնեն իրար: Մենք սա չենք անում: Եթե ուզում ենք ինչ-որ բան անել, պետք է մարդիկ հավաքվեն ու այս երեք ուղղությամբ աշխատեն: Մեր առաջ երկու ուղի կա.  առաջին՝ այս իմ ասածները չենք անում, բավարարվում ենք իշխանություններին հայհոյելով, վերանում ենք, երկրորդ՝ անում ենք և դառնում ենք համաշխարհային գործոն, ուրիշ տարբերակ չունենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս