Բաժիններ՝

Համբերե՞լ, թե՞ դիմանալ

«Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21։19)

Երբեմն նույնացնում ենք երկու իրարից տարբեր երևույթներ՝ համբերելն ու դիմանալը՝ կարծելով, թե դրանք նույնն են։ Իրականում էական տարբերություններ ունեն և բավական կարևոր են մեր հոգևոր կյանքի ընթացքում։

Փորձենք հասկանալ, թե որն է դիմանալու և համբերելու տարբերությունը, ինչո՞ւ կարիք կա սրանք առանձնացնելու և տարբերակելու։

Բանն այն է, որ դիմանալ ասելով՝ առավել շատ շեշտում ենք երևույթի բացասական, իսկ համբերել ասելով՝ դրական միտվածությունը։ Օրինակ՝ ինչ-որ երևույթի դիմանալն ուղեկցվում է բացասական հույզերով, ենթադրվում է, որ չես դիմանում բացասական երևույթների՝ ցավին, կորստին, զանազան փորձություններին, որոնցից առաջին հնարավորության դեպքում պատրաստ ենք ազատվել՝ ամեն տեսակ գին վճարելով։ Դիմանալու մեջ չկա սպասում, չկա սեր, այլ կա ցանկություն՝ րոպե առաջ խանգարող ախտից հրաժարվելու։ Դիմանում ենք, քանի որ թույլ ենք, և չենք պայքարում կամ արդեն հոգնել ենք պայքարել։ Դիմանալուց հետո չենք արժանանում որևէ բարիքի, այլ միայն՝ լավագույն դեպքում դատարկության։

Կարդացեք նաև

Իսկ համբերե՞լը։ Ինչպես Սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում. «Համբերությունը բոլոր բարիքների արմատն է»։ Այն մեծ ուսուցիչ է, որ սովորեցնում է մեզ ներել, լինել մեծահոգի։ Հակառակ դիմանալուն, համբերության մեջ բարիքի անսահման մեծ սպասում կա։ Համբերությունը լցված է սիրով ու աղոթքով։ Մեծ ուժ, մեծ հույս է պետք՝ ապրեցնելու համար համբերությունը մեր հոգիներում, և սա է պատճառը, որ թույլ մարդը չի կարող համբերել, նա կարող է միայն դիմանալ։

Առաքյալը Սուրբ Գրքում այսպես է գրում համբերության մասին․ «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը. որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակ. 1:12)

«Համբերությունը կյանք է»,- ասում է մեր իմաստուն ժողովուրդը, և չի սխալվում, քանի որ համբերությամբ, աղոթքով և սիրով է, որ արժանանալու ենք Կյանքին, որ հավիտենությունն է․ «Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ. 21։19)։

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս